«Ադրբեջանն իր մեթոդներով, ուժի սպառնալիքով, ուղղակի պատերազմական գործողություններով հարցեր է լուծում եւ սա դառնում է նորմ այսօրվա աշխարհում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով Բրյուսելում կայացած ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ու հնչած հայտարարություններին: Սա, ըստ բանախոսի, նշանակում է, որ մենք մեր ուժի աղբյուրները ոչ թե պետք է ցամաքեցնենք, այլ օգտագործենք, որպեսզի կարողանանք պայքարել. «Թե չէ գալու են՝ մեր տներում մեզ մորթեն»:
Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ եվրոպացի բարձրաստիճան չինովնիկն իր հայտարարություններում այդպես էլ չանդրադարձավ Բերձորի միջանցքի փակ լինելուն, ինչի բացման մասին նաեւ ՄԻԵԴ որոշում կա ու տարակուսեց, որ անգամ Հայաստանն այդ մասին չի խոսում՝ ումի՞ց ինչ պահանջենք:
Շառլ Միշելի եւ Արեւմուտքի տրամաբանությունն, ըստ Արմեն Ռուստամյանի մեկն է՝ օր առաջ այս հակամարտությունը լուծվի՝ անկախ նրանից, թե ո՞ւմ շահերը կպաշտպանվեն, ումը կոտնահարվեն, ու դա էլ կլինի հիմք՝ Հայաստանից ռուսական ռազմաբազաները հանելու համար. «Հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում. մենք խճճվել ենք, չկա հստակ գիծ՝ մեր անվտանգությունն ինչպե՞ս պետք է ապահովվի, մեր եղածը չկարողանալով պահել՝ փլուզում ենք այն, ինչը որ կա՝ չձեւավորելով նորը: Բայց մեզ խոստումներ են տալիս, որ անվտանգային նոր համակարգ եւ այլն… ո՞ւր է, մինչեւ լինի, մենք կկորչենք»:
Իրավիճակը շտկելու համար ըստ նրա, միայն ընդդիմության ուժերը բավարար չեն, քանի որ իշխանություն-ընդդիմության հարց չէ, այլ Հայաստան մնալու կամ Էրմենիստան դառնալու հարց է, ուստի համայն հայությունը պետք է ոտքի կանգնի:
Կարդացեք նաև
Ինչ մնում է հայտարարություններին, թե Արցախն իր ինքնորոշման համար կարող է պայքարել, Արմեն Ռուստամյանը հակադարձում է. «Ինքնորոշումն այն է, որ իրենք որոշեն իրենց ճակատագիրը, ոչ թե ՀՀ-ն կամ Ադրբեջանը, բա ինչի՞ եք որոշում, թողեք՝ թող իրենք որոշեն՝ 86.6-ի մե՞ջ են, թե իրենց 4,5-ով կամ 5,1-ով ինքնորոշվում են»:
Ի դեպ, Արմեն Ռուստամյանը կարծում է, որ Արցախի ժողովուրդն արդեն իր ասելիքն ասել է՝ Վերածննդի հրապարակում կազմակերպված նախորդ երկու հանրահավաքներով, երբ մարդիկ կողմ են արտահայտվել ինքնորոշման իրավունքին, քանի որ դրանից հրաժարումը կբերի էթնիկ զտման, հիմա էլ նոր հանրահավաք են փորձում կազմակերպել, բայց անօգուտ, քանի որ առաջարկվող նպատակին սատարողներ չկան, իսկ Արցախի իշխանությունն էլ «որոշել է ժողովրդավարություն խաղալ՝ թե կա նաեւ տեսակետ, որ պետք է ինտեգրվենք»: Միեւնույն խառնաշփոթը, Արմեն Ռուստամյանի դիտարկմամբ, Արցախում են փորձում ստեղծել:
Ինչ վերաբերվում է Սամվել Բաբայանի պահանջով քաղաքական խորհրդակցություններին, Արմեն Ռուստամյանն ասում է. «Խորհրդակցություններ անցկացնում են այն ժամանակ, երբ չգիտեն ժողովրդի կարծիքը: Ժողովրդի կարծիքը գերակա է: Եթե մի քանի հոգի էլ կարծում են, որ պետք է գնան քիրվայություն անեն, թող գնան՝ անեն: Խորհրդակցում են՝ ի՞նչ որոշեն. երկու հանրաքվե է արել Ղարաբաղի ժողովուրդը, հանրահավաքներով էլ վերահաստատել է հանրաքվեի որոշումը: Ես չգիտեմ, Արայիկ Հարությունյանն ի՞նչ խնդիր է ուզում լուծել, բայց այն, ինչ այստեղ են փորձում անել՝ պառակտել ժողովրդին, Արցախում դա չի հաջողվելու»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ