Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի «դղյակի» գնորդը չի կարողանում վճարել առանձնատան ամբողջ արժեքը

Մայիս 16,2023 16:11

Նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին պատկանող Մոնումենտի «դղյակի» գնորդը՝ Լիլիթ Պետրոսյանը չի կարողանում վճարել կալանքի տակ գտնվող այս առանձնատան ամբողջ արժեքը։ Գումարի մի մասը վճարվել է, բայց դատարանի որոշմամբ՝ Լիլիթ Պետրոսյանին ներկայումս արգելվում է վճարում կատարել։

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ Հովիկ Աբրահամյանի և նրա հետ փոխկապակցված 10 անձանց մասով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։  Բռնագանձման ենթակա է նաեւ այս առանձնատան արժեքը։ Առանձնատունը նախորդ տարի գնել է գործարար Նարեկ Նալբանդյանը։ Լիլիթ Պետրոսյանը Նարեկ Նալբանդյանի կինն է։

Կարեն Տոնոյան

Այսօրվա նիստի ընթացքում փաստաբան Կարեն Տոնոյանը միջնորդություն ներկայացրեց՝ Լիլիթ Պետրոսյանի նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին։ Լրագրողների հետ զրույցում փաստաբանն ասաց, որ դատարանը որոշել է արգելել Լիլիթ Պետրոսյանին՝ առանձնատան համար կատարել վճարում։ «Դատարանի որոշումից բխում է, որ եթե Լիլիթ Պետրոսյանը կատարի այդ վճարումները, հետագայում կայացվելիք դատական ակտը կարող է վտանգվել եւ չկատարվել։ Մենք հետեւյալն ենք ասում, որ եթե Արգամ Աբրահամյանի հաշիվների նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառված է արգելանք, եւ Լիլիթ Պետրոսյանի կողմից այդ հաշվեհամարներին գումարներ վճարվել են, որոնք արգելանքի տակ են, որեւէ կերպ չի խոչընդոտվում դատական ակտի կատարմանը։ Կա պայմանագիր, որով ֆիքսված է վճարում կատարելու ժամանակացույց, եւ Լիլիթ Պետրոսյանը ցանկանում է կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ վճարումը կատարել։ Թե հետագայում դատական ակտի հիման վրա այդ գումարի տերն ով կդառնա, սա Լիլիթ Պետրոսյանին առանձնապես չի հետաքրքրում։ Ուղղակի նա ցանկանում է կատարել իր պարտավորությունը։ Եթե Լիլիթ Պետրոսյանը հիմա կատարի վճարումները, դա որեւէ կերպ չի խոչընդոտի հետագայում դատական ակտ կայացնելուն»,- ասաց փաստաբանը։

Հարցին, թե ինչո՞ւ է Լիլիթ Պողոսյանը շտապողականություն ցուցաբերում եւ ցանկանում վճարում կատարել մի գույքի համար, որը վեճի առարկա է եւ կալանքի տակ է, Կարեն Տոնոյանը պատասխանեց․ «Շտապողականության խնդիր չունի Լիլիթ Պետրոսյանը, սակայն ունի պայմանագրային պարտավորություն, որը ցանկանում է կատարել»։

Դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանն ասաց՝ հնարավոր է նոր պայմանավորվածություն ձեռք բերվի, ըստ որի՝ Լիլիթ Պետրոսյանը փոխանցումը կկատարի այլ հաշվեհամարի, որն արգելանքի տակ չէ։ Հետևաբար, ըստ դատախազի, այս միջնորդությունը պետք է մերժվի։

Ի պատասխան փաստաբան Կարեն Տոնոյանն ասաց․ «Արգամ Աբրահամյանի անունով ցանկացած հաշվեհամար դատարանի կողմից արդեն արգելադրված է։ Եվ այդ վտանգը չկա, որ կարող է մեկ այլ հաշվեհամարի փոխանցում կատարել։ Այլ անձի չի կարող գումարը փոխանցել, քանի որ կա պայմանագիր, որի շրջանակներում պետք է վճարումները կատարվեն։ Օրինակ՝ դատախազը նշում է, որ կարող է արտասահմանում մեկ այլ բանկային հաշվի փոխանցում կատարել, որը չի վերահսկվում ՀՀ կողմից, դրա դեմ կարելի է համապատասխան հայցի ապահովման միջնորդություններ ներկայացնել։ Այսինքն՝ այնպես չէ, որ դատախազությունը զրկված է դրա դեմ որոշակի գործողություններ իրականացնելուց։ Օրինակ՝ կարող է միջնորդություն ներկայացվել, որ, օրինակ, Լիլիթ Պետրոսյանն այդ գումարը վճարի դատարանի դեպոզիտ հաշվին»։

Փաստաբանը նաեւ նշեց, որ Լիլիթ Պետրոսյանը բարեխիղճ գնորդ է համարում այս գործով, դա փաստել է դատախազությունը։ Բայց դատախազը Լիլիթ Պետրոսյանին այսօրվա նիստում գործով որպես երրորդ անձ ներկայացրեց։

Մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանն ասաց, որ հայցի ապահովման միջոցներ չձեռնարկելը կարող է դժվարացնել կամ անհնարին դարձնել հնարավոր դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխությանը։

Այս գործով դատական հաջորդ նիստը Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենա մայիսի 19-ի՝ ժամը 10։00-ին։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, նախկին ՀՀ վարչապետ Հ.Ա.-ից, նրա կնոջից՝ Ջ.Ա.-ից, որդուց, դուստրերից, իրեն փոխկապակցված այլ անձանցից (աշխատակիցներ, ազգականներ և նրանց ամուսիններ) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 59 անշարժ գույք, որից 15-ը՝ Երևան քաղաքում, մեծամասամբ Կենտրոն վարչական շրջանում, 12-ը Արարատի մարզի Մխչյան համայնքում, 10-ը՝ Նարեկ համայնքում, 2-ը՝ Կոտայքի մարզի Արզական համայնքում, 6-ը՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում, 1-ը՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում, 6-ը՝ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում, 3-ը Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում, 1-ը՝ Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում, 1-ը Արարատի մարզի Այնթապ համայնքում, 1-ը՝ Արարատի մարզի Արևաբույր համայնքում. 4 ավտոմեքենա. 20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր. շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքներ՝ ընդհանուր՝ 1 մլրդ 628 մլն 277 հազար 90 դրամ. ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք՝ 11 մլն 292 հազար 570 ԱՄՆ դոլարի, 687 մլն 500 դրամի և 3 մլն 117 հազար 680 եվրոյի չափով. 21 մլրդ 202 մլն 67 հազար 797 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված կամ չնույնականացված դրամի հանրագումար:

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031