«ՌԴ-ն, թե ՀԱՊԿ-ը պայմանագրային պարտավորությունները չեն կատարում՝ շատ հստակ հարց են դնում. մենք չենք կարող ավելի հայ լինել, քան դուք: Պատկերացնո՞ւմ եք միջնորդի դերում հանդես եկող ՀԱՊԿ-ը կամ ՌԴ-ն… եթե դու քո իրավունքները չես պաշտպանում, եթե դու գնում՝ ասում ես, որ ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հիմա էլ արդեն թվերով ենք արձանագրում, այդ միջնորդը ո՞նց պիտի պաշտպանի հարցը, որ տարածքային ամբողջականության մեջ Արցախը չպիտի լինի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Հիշեցնենք, օրերս «Նովայա գազետա Եվրոպա» պարբերականին տված հարցազրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ ինչ-որ փուլում քննարկվել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու տարբերակը՝ հավելելով, որ ՌԴ-ն պայմանագրային պարտավորությունները չի կատարել եւ Հայաստանի կատարած վճարման դիմաց զենք չի փոխանցել մեր երկրին:
Արմեն Ռուստամյանը հիշեցնում է՝ Ջերմուկի վրա հարձակման ժամանակ ՀԱՊԿ-ը հայտարարել է, որ պատրաստ է, սպասում է ՀՀ արձագանքին, Հայաստանն էլ այնպես է արձագանքում, որ «կարծես ՀԱՊԿ գոյություն չունի»: Հայաստանի կողմից քաղաքական գնահատականի պահանջը նախապայման դարձնելը ընդդիմադիր պատգամավորը սխալ է համարում, քանի որ քո գետնի վրա անվտանգությունը դու պետք է ապահովես: Նա նորություն չի համարում այն, որ ՀԱՊԿ-ը գործում է կոնսենսուսային եղանակով եւ որ այդ կառույցում կան երկրներ, այդ թվում՝ նաեւ ՌԴ-ն, որոնք այլ շահեր ունեն ու թույլ չեն տալիս, որ քաղաքական գնահատականը հնչի. «Բավական է: Ուրիշներին մեղադրելու այս վիճակից պետք է դուրս գանք: Մենք պետք է հասկանանք՝ մեր անելիքը ո՞րն է, մենք որ մեզ չպաշտպանենք՝ ոչ ոք էլ չի պաշտպանելու: Մենք մեզ ներսից թուլացրել ենք, դրսից թուլացրել ենք, հիմա էլ հայտարարում ենք, որ ոչ ոք մեր կողքին չի կանգնում… եթե այդպիսի հայտարարություն դու ես անում, քո ֆիասկոն ես արձանագրում: Բա ինչի՞ ենք էդքան դիվանագետ պահում, ԱԳՆ-ն ինչի՞ համար է, եթե պետք է հայտարարենք, որ ոչ ոք մեր կողքը կանգնած չի ու դա բացահայտվեց այն ժամանակ, երբ ադրբեջանցիները մտել են մեր տարածք, մենք չենք կարողացել թույլ չտալ, էլի մեղքը գցում ենք ուրիշների վրա. էդ ուրիշները պիտի գային մեզ պաշտպանեի՞ն, էդ ո՞ր երկրում է նման բան եղել»:
Դիտարկմանը՝ քանի դեռ չենք հայտարարում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, անվտանգային այլ համակարգերում մեզ լուրջ չեն վերաբերվի, Արման Ռուստամյանն արձագանքեց, որ դրա մասին բազմիցս խոսել են եւ այն կարծիքին է մնում, որ դա Հայաստանի համար կործանարար է լինելու. «ՌԴ-Միավորված Արեւմուտք այսօրվա պատերազմը, այս իշխանությունների թեթեւ ձեռքով տեղափոխվեց Հայաստան»: Նրա գնահատմամբ, Հայաստանը հայտնվել է մի վիճակի մեջ, երբ երկու կողմ էլ ասում են՝ իմ հետ չես, ուրեմն իմ դեմ ես, ինչը կործանարար է լինելու Հայաստանի համար:
Կարդացեք նաև
Այս համատեքստում խոսելով բրյուսելյան բանակցություններից եւ առաջիկայում Մոսկվայում կայանալիք ԱԳ նախարարների հանդիպումից, ընդդիմադիր պատգամավորն ասաց՝ այս իշխանության գործելաոճն է՝ արտաքին գործընկերներին կանգնեցնել փաստի առաջ, հետո ասել՝ եկեք լուծում գտնենք: Թե ի՞նչ լուծում պետք է գտնենք, եթե մեր շահերի պաշտպանության հնարավորություններն անընդհատ նեղացրել ենք, ընդդիմադիր գործիչը չգիտի, բայց կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն իր հնարքի տակ է մնացել, երբ ասում էր, որ պաշտպանում է ՀՀ-ի շահերը՝ 29.800 կիլոմետր քառակուսի տարածքում, բնական է, որ Ադրբեջանն էլ իր թիվը պետք է առաջ բերեր:
Իր դիտարկմամբ, մոտեցել է պահը, երբ Նիկոլ Փաշինյանը մի օր էլ կհայտարարի՝ «Ղարաբաղն Ադրբեջան է եւ, վերջ»: Շատերի համար, ըստ Արմեն Ռուստամյանի սա արդեն հասկանալի է, մյուսներին էլ կոչ է անում թմբիրից դուրս գալ, մոբիլիզացնել հայության հնարավորությունները, վերականգնել եռամիասնությունը՝ պայքարի գաղափարի շուրջ, քանի որ եթե չկա պայքար, կա ինքնասպանություն եւ ինքնաոչնչացում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ