Հայաստանն ի՞նչ իրավունք ունի որոշել Արցախի ճակատագիրը, երբ կան 1991 թվականի ՀՀ գերագույն խորհրդի եւ Արցախի ԳԽ որոշումներն այն մասին, որ Հայաստանն իրավունք չունի ստորագրել փաստաթուղթ, որն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, մինչդեռ օրերս ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ կայացած եռակողմ հանդիպումից հետո եվրոպացի պաշտոնյան հայտարարեց, որ կողմերը պարտավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը. «Ղեկավարները վերահաստատել են իրենց անվերապահ հանձնառությունը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին և Հայաստանի (29,800 քկմ) և Ադրբեջանի (86,600 քկմ) տարածքային ամբողջականությանը։ Բանակցությունների ընթացքում կհամաձայնեցվի սահմանի վերջնական սահմանազատումը»։ 86.600 քկմ-ի մեջ մտնում է նաև Արցախը: Հակասահմանադրական չի լինի, եթե ՀՀ-ն նման փաստաթուղթ ստորագրի. հարցն այսօր խորհրդարանում լրագրողները տվեցին ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանին:
Պատասխանը եղավ՝ բազմիցս է հայտարարվել, որ բանակցություններում ՀՀ-ն առաջնորդվում է ԼՂՀ-ի իրավունքների եւ անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծման ուղղությամբ: Նա պնդեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ՀՀ-ն միշտ էլ ճանաչել է, բայց հակընդդեմ հարցին, այդ դեպքում ի՞նչ մասին են եղել երեք տասնամյակի բանակցությունները, չկարողացավ պատասխանել: Լրագրողների մնացյալ բոլոր հարցերին՝ ԼՂՀ ճակատագրի շուրջ, փոխնախարարը միեւնույն պատասխանը տվեց՝ բանակցություններն ընթանում են ԼՂՀ-ի իրավունքների եւ անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծման ուղղությամբ:
«Սպառազինություններն, իրոք չեն հասել Հայաստան: Աշխատանքներն ընթանում են եւ փորձում ենք շարունակել այդ աշխատանքները: Այս պահի դրությամբ այդ հայտարարությանն ավելացնելու բան չունեմ». սա էլ փոխնախարարի պատասխանն է այն հարցին, որ «Նովայա գազետա Եվրոպա» պարբերականին տված հարցազրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ նոր մեխանիզմներ և սպառազինության մատակարարումներ են անհրաժեշտ, քանի որ Հայաստանը չի ստանում այն, ինչ պատվիրել ու վճարել է Ռուսաստանին։
Թե ի՞նչ պատճառով սպառազինությունը չի հասել Հայաստան, փոխնախարարը չգիտի: Նա չգիտի նաեւ՝ պատճառը զենքի՞ սակավությունն է, թե՞ Կրեմլի քաղաքականությունն է ՀՀ-ի հանդեպ: Թե ի՞նչ գումարի մասին է խոսքը՝ հորդորեց ՊՆ-ից ճշտել:
Կարդացեք նաև
Անդրադառնալով գերիների վերադարձի թեմային, ինչի մասին կրկին ԵԽ նախագահն էր խոսել եւ պատասխանելով հարցին՝ արդյոք ՀՀ-ն պատրա՞ստ է Ադրբեջանին վերադարձնել նաեւ երկու սահմանախախտ ադրբեջանցիներին, որոնցից մեկը սպանության մեջ է մեղադրվում, ԱԳ փոխնախարարն ասաց՝ դեռ վաղ է խոսել այդ մասին, հայտարարությունը նոր է արվել, գործընթացը չի մեկնարկել դեռ:
Լրագրողների՝ Խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերին էլ, փոխնախարարը պատասխանեց, որ փաստաթղթի բրյուսելյան կամ մոսկովյան տարբերակ չկա, կա մեկ փաստաթուղթ, որը մշակել են երկու կողմերը: Նա պնդեց՝ բանակցություններն ընթանում են ԼՂ իրավունքների եւ անվտանգության միջազգային մեխանիզմների ապահովման շուրջ: Հարցին՝ ո՞րն է Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ ենթադրվող միջազգային մեխանիզմը, կա՞ մի երկիր կամ կառույց, որը կարող է տալ այդ երաշխիքները, փոխնախարարը պատասխանեց. «Դրա մի շարք տարբերակներ կան, դա կարող է լինել մի երկիր, կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Կան տարբերակներ, եւ դա քննարկման առարկա է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ