Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին Հայաստանի օրակարգում չկա. Մնացական Սաֆարյան

Մայիս 16,2023 13:31

Այս պահին ՀՀ օրակարգում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չկա. այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը (լուսանկարում)՝ հավելելով, որ ըստ իրավիճակի, հարցը ցանկացած պահի կարող է մտնել Հայաստանի օրակարգ:

Հիշեցնենք, օրերս «Նովայա գազետա Եվրոպա» պարբերականին տված հարցազրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ ինչ-որ փուլում քննարկվել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու տարբերակը:

Լրագրողի հարցին՝ ե՞րբ է դա եղել, փոխնախարարը պատասխանեց. «Կոնկրետ ժամկետը չեմ կարող ասել, որովհետեւ, դա ԱԽ-ում է հավանաբար քննարկվել»:

Իր կարծիքով, սակայն, դա եղել է Ջերմուկի վրա Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակման շրջանում:

Ինչո՞ւ է հայկական կողմը հապաղել՝ ՀԱՊԿ-ց դուրս գալու հարցում, հարցին էլ փոխնախարարը պատասխանեց, որ որոշում է ընդունվել՝ չանել այդ քայլը, որովհետեւ կային հարցեր, որոնք, հետագայում քննարկվեցին ՀԱՊԿ գագաթաժողովում. «Շուտով կլինեն նաեւ քննարկումներ՝ Հարավային Կովկասում իրավիճակի մասին հայտարարության հետ կապված, որի մասին կտեղեկացնենք»:

Թե ի՞նչ դրական ազդակների հիմա վրա էր ՀԱՊԿ-ից դուրս չգալու որոշում ընդունվել, փոխնախարարը մանրամասնեց, որ Երեւանում սպասվում էր ՀԱՊԿ գագաթաժողովը եւ հայկական կողմը որոշակի սպասելիքներ ուներ դրանից: Հստակեցնող հարցին՝ ՀԱՊԿ-ից գործնական աջակցություն չկար, սպասելիքները չէին արդարացել եւ մենք որոշում ենք շարունակել աշխատե՞լ այդ կառույցի հետ, փոխնախարարը պատասխանեց, որ իրավիճակը բարդ է եւ Հայաստանը, նաեւ որպես ՀԱՊԿ անդամ երկիր՝ պարտավորություններ ունենալով, շարունակում է հույս ունենալ, որ հետագա աշխատանքները, հայկական կողմի ջանքերը կբերեն որոշակի դրական արդյունքների:

Այդ գագաթաժողովում, հիշեցնենք, Հայաստանը չստորագրեց համատեղ հայտարարության տեքստը, քանի որ, ըստ պաշտոնական Երեւանի, դրանում քաղաքական գնահատականներ չէին տրվում Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմանը: Ավելի ուշ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց, որ Հայաստանին նաեւ ռազմատեխնիկական աջակցություն է առաջարկվել, որից հայկական կողմը հրաժարվել է:

Ո՞րն է Հայաստանի համար ՀԱՊԿ-ի այլընտրանքը լինելու, եթե որոշում ընդունվի ՀԱՊԿ-ը լքել՝ հարցին հնչեց նույն պատասխանը՝ ՀՀ օրակարգում նման հարց այժմ չկա: Հիշեցմանը, որ ԱԽ քարտուղարը խոսում էր անվտանգային նոր համակարգերի փնտրտուքից եւ հարցին՝ ո՞ր երկրների հետ են բանակցություններ ընթանում, փոխնախարարը հորդորեց հարցն ուղղել Արմեն Գրիգորյանին:

Լրագրողի դիտարկմանը, որ վերջին շրջանի իր բոլոր ճեպազրույցներում ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անընդհատ հայտարարում է, որ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդներ ուղարկելու համար դեռ ՀՀ-ի պատասխանին են սպասում, փոխնախարարն արձագանքեց, որ հայկական կողմը բազմիցս է հայտարարել՝ ՀԱՊԿ-ի կողմից պետք է լինի քաղաքական գնահատական եւ ինչ-որ պահի ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկումները կարող են օրակարգ բերվել: Իսկ դիտորդների հարցն այժմ քննարկման փուլում է:

Փոխնախարարն ասաց՝ չի կարող պատասխանել հարցին՝ արդյոք ՀԱՊԿ-ի առաջարկած օգնության փաթեթում եղե՞լ է զենք եւ զորք:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031