Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հափշտակվել է 908 մլն դրամ. նախկին տնօրենից բացի՝ ևս 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Մայիս 16,2023 12:25

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հայտնաբերված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական գործով (վարույթով) 2023 թվականի մայիսի 12-ին հսկող դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Ա.Մ.-ին օժանդակող 2 անձի նկատմամբ:

Հիշեցնենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում 2022 թվականի նոյեմբերի 29-ին Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Ա.Մ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երեք դրվագ) (առանձնապես խոշոր չափերի յուրացում կամ վատնում կատարելը), 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր կեղծելուն, իրացնելուն կամ օգտագործելուն օժանդակելը), 214-րդ հոդվածի 2-րդ մասով (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը):

2023 թվականի մայիսի 12-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ՓԲ ընկերության մեծահասակաների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով տեղակալ Թ.Գ.-ի և Բժշկական կենտրոնի պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության ղեկավար Ա.Մ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելը) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը):

Նախաքննությամբ պարզվել է, որ Թ.Գ.-ն, 2004 թվականից աշխատելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով տեղակալի պաշտոնում, 2014 թվականի մայիսից մինչև 2017 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, Բժշկական կենտրոնի պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության ղեկավար Ա.Մ.-ի և Բժշկական կենտրոնի այլ աշխատակիցների հանցակցությամբ, օժանդակել է Բժշկական կենտրոնի տնօրենի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 908 մլն 47 հազար 850 դրամի հափշտակությանը:

2023 թվականի մայիսի 12-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներն ուղարկել է Քննչական կոմիտե՝ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված կարգով մեղադրյալներին նոր մեղադրանք ներկայացնելու նպատակով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031