Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաքսե Հակոբյան․ Գործ ունենք զուտ իրենց պայմանավորվածության հետ, որին կեղծ հիմնավորում է տրվում. Արցախում չեն ընդունելու որևէ որոշում, որը կասկածի տակ է կդնի Արցախի ինքնորոշման իրավունքը. «Փաստ»

Մայիս 16,2023 11:45

Մետաքսե Հակոբյանը շեշտեց՝ ցանկացած փաստաթուղթ, որն սկսվում է պատրաստվել, պետք է հիմնավորում ունենա։ «Այս դեպքում որպես հիմնավորում ընտրվեց Ալմա-Աթայի հռչակագիրը։ Մինչդեռ մի կարևոր փաստ կա, որի մասին չի խոսվում՝ խեղաթյուրելով ԱլմաԱթայի հռչակագիրը։ Այն ընդունվել է 1991 թ. դեկտեմբերի 21-ին, սակայն Ադրբեջանը ԽՍՀՄ կազմից դուրս է եկել նույն թվականի դեկտեմբերի 28-ին։ Այսինքն, դեռ ԽՍՀՄ կազմում էր Ադրբեջանը, երբ Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունվեց, իսկ Արցախի Հանրապետությունն այդ ժամանակ արդեն ինքնորոշված էր։ Երբ այսօր շեշտում են կոնկրետ տարածքներ՝ հստակ կիլոմետրերով, այլևս չեն կարող հղում անել Ալմա-Աթայի հռչակագրին։ Մենք գործ ունենք զուտ իրենց պայմանավորվածության հետ, որին կեղծ հիմնավորում է տրվում։ ԽՍՀՄ կազմից դուրս գալուց էլ Ադրբեջանը ճանաչվել է մոտ 75 հազար քառակուսի կիլոմետրով. երբ խոսվում է 86 600 քառակուսի կիլոմետրից, հստակեցվում է, որ Արցախի Հանրապետությունը ներառված է Ադրբեջանի կազմի մեջ։ Պետք է ուշադրություն դարձնենք, որ երկար ժամանակ Հայաստանի վարչապետն անընդհատ թմբկահարում էր 29 հազար քառակուսի կիլոմետրի մասին, ինչը, կարծես, տարածքը կոնկրետ կիլոմետրերով նշելու մասին բաց առաջարկ էր Ադրբեջանին։ Այսինքն՝ այն, ինչը և արվեց մայիսի 14-ին՝ Բրյուսելում»,-ասաց Մ. Հակոբյանը՝ շեշտելով ևս մեկ խեղաթյուրման մասին։

«Մենք ունենք հիմնարար փաստաթուղթ, որով Արցախը մինչ օրս ու հետագայում էլ առաջնորդվելու է։ Ի դեպ, մինչ 2018-ն այդ փաստաթղթերով էին առաջնորդվում նաև ՀՀ իշխանությունները։ Առաջինը ՀՀ Գերագույն խորհրդի որոշումն է, որն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ, երկրորդը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման միջազգային իրավունքը, որը միջազգայնորեն ընդունված, ճանաչված գործընթաց է։ Այսօր Հայաստանի իշխանությունները այս երկու հիմնարար փաստաթղթերը չեղարկելով են խոսում՝ տանելով կեղծ օրակարգ։ Իրենք ստեղծել են իրենց կեղծ բանակցային գործընթացը, որը դեռևս բանավոր պայմանավորվածությունների փուլում է, ինչը բնորոշ է այս իշխանություններին»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Շեշտելով փաստաթղթային ամրագրման նախապատրաստական փուլի առկայության մասին՝ նա հավելեց. «Գերագույն խորհրդի որոշման մեջ հստակ նշված է, որ անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որով ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում։ Հաշվի առնելով նշվածի ամրագրումը նաև ՀՀ մայր օրենքով՝ կարող ենք եզրակացնել, որ այս իշխանությունները նաև շոշափում են մարդկանց տրամադրությունները, թե ինչքանով իրենց կհաջողվի այս պետական հանցագործությունը կատարել, որովհետև այն, ինչ անում են, ըստ էության, պետական հանցագործություն է։ Բայց, միևնույնն է, իրավասու չեն լինելու, իսկ այդ փաստաթուղթը որևէ իրավական հիմք չի ունենալու։ Ո՛չ Արցախի ժողովուրդը, ո՛չ էլ սթափ քաղաքական ուժերը չեն պատրաստվում տրվել այդ կեղծ օրակարգերին։ Արցախում չեն ընդունելու որևէ որոշում, որը կասկածի տակ է դնելու Արցախի տարածքները, Արցախի հայկական լինելը կամ Արցախի ինքնորոշման իրավունքը»։

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031