Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ հաջորդ պարբերությունում արձանագրվում է, որ քննարկվել են արցախցիների իրավունքների եւ անվտանգության ապահովման հարցերը՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ: Սա նշանակում է, որ միջազգային ձեւաչափով եւ սկզբունքներով պետք է քննարկվեն արցախյան հակամարտության միակ պատճառի՝ արցախցիների իրավունքների, առաջին հերթին՝ ժողովրդավարական հանրաքվեով կայացրած ինքնորոշման իրավունքի հարցերը: Ադրբեջանը պարտավորվել է թափանցիկ բանակցություններ վարել Արցախի ժողովրդի հետ, ինչն առաջին հերթին նշանակում է ժողովուրդների բոլոր իրավունքների դիտարկում:
Ինչպես առաջին արցախյան ազատամարտից, այնպես էլ երկրորդից եւ երրորդից հետո էլ ոչինչ չի փոխվել հայ ժողովրդի նպատակներում եւ գործողություններում: Աներկբա է, որ եթե արցախահայությանը նորից ցեղասպանության վտանգ սպառնա, կրկին ողջ հայ ժողովուրդը կանգնելու է նրա կողքին: Հազարավոր ընտրյալների ինքնազոհությունն էլ այլընտրանքի տեղ չի թողնում, բայց աշխարհում կա իրավական դաշտ արցախյան հիմնահարցերի նման խնդիրները քաղաքական ճանապարհով լուծելու համար: Ինքնորոշման համար պայքարող Արցախի ժողովուրդն իր խոսքը բազմիցս ասել եւ գործով էլ ամրագրել է, այսօր այն բանակցությունների սեղանի շուրջ պաշտպանելու ժամանակն է, որը լավագույնս կարող է անել միայն արցախցին: Հայաստանն էլ ինքնորոշման իրավունքի համար բանակցային գործընթացում մշտապես լինելու է արցախցու կողքին՝ աշխարհին հասցնելով նրա խոսքը եւ միջազգային կառույցների մշտական ուշադրության ներքո պահելով հիմնահարցը:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: