Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ եմ խնդրում մեր այն համաքաղաքացիները, որոնք չէին հավատում մեզ, սակայն հավատում էին Փաշինյանին, այժմ հավատան հենց Փաշինյանին ու գործողություններ անեն. Հայկ Մամիջանյան. «Հրապարակ»

Մայիս 16,2023 10:54

Մենք մի քանի հարց ենք ուղղել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին:

– Բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո որոշակի տագնապ կա: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը նշանակում է Արցախն Ադրբեջանի՞ն նվիրել:

– Երեկ ինձ համար ոչ մի նոր բան չհնչեց: Սրա մասին մենք արդեն խոսում ենք բավականին երկար ժամանակ: Մոտեցումների եւ Փաշինյանի` Ղարաբաղի վերաբերյալ ընկալումների մասին մենք խոսել ենք 5 տարի առաջ: Գործընթացների մասին էլ անդադար ենք խոսել: Երբ մենք մեր հայրենակիցներին ասում էինք, որ Փաշինյանը հանձնում է Արցախը, մեր հայրենակիցների որոշ հատվածը մեզ չհավատաց: Արմեն Աշոտյանն անգամ ստիպված եղավ հրապարակել փաստաթուղթ, որտեղ սեւով սպիտակի վրա գրված էին բանակցային պրինցիպները: Մի ինչ-որ հատված դրան էլ չհավատաց: Ստիպված եղա հրապարակել եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպման բովանդակությունը` բոլոր մանրամասնություններով, ներկայացնելով, որ բանակցային սեղանին Արցախն Ադրբեջանի կազմում հայտնվելու տրամաբանությունն է: Այդ հանդիպումներին ներկա են եղել նաեւ ՔՊ-ականներ․ եթե սխալ եմ ասում, կարող են հերքել: Իմ ասածին չի հաջորդել հերքում: Շատ եմ խնդրում հիմա. մեր այն համաքաղաքացիները, որոնք չէին հավատում մեզ, սակայն հավատում էին Փաշինյանին, այժմ հավատան հենց Փաշինյանին ու գործողություններ անեն:

– ԱԽՔ Արմեն Գրիգորյանը մի հարցազրույցում օրերս ասել է. «2013-ին նախագահ Սերժ Սարգսյանը որոշում ընդունեց Մաքսային միությանը միանալու մասին… Նրան հասկացրին, որ եթե նա դա չանի, Լեռնային Ղարաբաղում խնդիրներ կլինեն։ Միությանը միանալու գլխավոր փաստարկը Սարգսյանի համար Ղարաբաղի անվտանգությունն էր։ Դրանից հետո մենք 2 պատերազմ ստացանք՝ 2016-ի ապրիլին եւ 2020-ի սեպտեմբերին»։ Համաձա՞յն եք ԱԽՔ-ի ասածների հետ:

– Արմեն Գրիգորյանն ամեն անգամ հակապետականության նոր նշաձող է սահմանում, եւ ես ստիպված եմ ամեն անգամ դրան անդրադառնալ: Նրա ասածները ոչ մի կապ չունեն իրականության հետ: Բացատրեմ, թե ինչու է սուտ, եւ ինչու է ասվում այդ սուտը: Պուտին-Փաշինյան առաջին հանդիպման ժամանակ` 2018-ին, ՌԴ նախագահը Փաշինյանին ասել է․ «Ես գիտեմ, որ Դուք ցանկանում եք դուրս գալ ԵԱՏՄ-ից», եւ հավելել է, որ Հայաստանն է եղել Եվրասիական միություն մտնել ցանկացողն ու նախաձեռնողը: Կոպիտ ասած՝ Պուտինը հասկացրել է` ուզում ես դուրս գալ, դուրս արի, ինչին, իհարկե, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է` ոչ: Այս մասին Արմեն Աշոտյանը բազմիցս խոսել է, եւ որեւէ կողմից հերքում չի հնչել: Հետեւաբար, իրականությունն այն է, որ Հայաստանն է եղել Եվրասիականին միանալու նախաձեռնողը: Մեր բոլոր գործընկերները՝ թե՛ եվրոպացի, եւ թե՛ ստրատեգիական դաշնակիցները, տեղյակ են ընթացող բոլոր բանակցություններից: Այդ մասին բազմիցս խոսել է նախագահ Սարգսյանը: Նշել է, որ ինչ-որ մի պահի մեր եվրոպացի գործընկերները փոխեցին խաղի կանոնները, ինչից հետո հակասություն մտավ Եվրասիական Միության եւ եվրոպական ինտեգրման միջեւ: Հետագայում, ինչպես գիտենք, Սերժ Սարգսյանի հմուտ քաղաքականության արդյունքում կնքվեց նաեւ Սեպայի համաձայնագիրը: Արմեն Գրիգորյանի սուտը կապված է նրա հետ, որ նա պաշտպանում է ոչ հայկական ուժային կենտրոնների շահերը եւ նմանաբնույթ ցնդաբանություններով փորձում է հակառուսական տրամադրություններ գեներացնել մեր հասարակության մեջ: Ամիսներ առաջ էլ նույն Արմեն Գրիգորյանը եւս մեկ ցնդաբանությամբ աչքի ընկավ` խոսեց միութենական պետություն դառնալու մասին, ինչից հետո գլխավոր ստախոս Նիկոլ Փաշինյանը հերքեց այդ ամենը՝ նշելով, որ ռուսական փորձագիտական շրջանակներն Արմեն Գրիգորյանի վրա ճնշում են գործադրել:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031