Սպիտակուցն անհրաժեշտ է օրգանիզմին մի շարք կարևոր գործընթացների համար, ինչպիսիք են բջջային աճը, իմունային գործառույթը և այլն։ Ընդ որում՝ օրգանիզմն այդ սննդանյութի կարիքն ունի ամեն օր։
Սպիտակուցի աղբյուր կարող են լինել շատ տարբեր մթերքները՝ թե՛ բուսական, թե՛ կենդանական ծագման։
Այս հոդվածում մենք դիտարկում ենք, թե ինչով են նման ու տարբեր բուսական ու կենդանական ծագման սպիտակուցները։
Տարբերվում են ամինաթթուների բաղադրությամբ
Սպիտակուցները կազմված են ամինաթթուներից։ Մարդու օրգանիզմը մոտ 20 տարատեսակ ամինաթթու է օգտագործում՝ սպիտակուցներ արտադրելու համար։ Որոշ ամինաթթուներ արտադրվում են օրգանիզմի կողմից, սակայն դրանցից 9-ը, որոնք մասնագետներն անվանում են անփոխարինելի ամինաթթուներ, մարդը ստանում է սննդի միջոցով։
Սպիտակուցների աղբյուրները կարող են խիստ տարբերվել ամինաթթուների պարունակությամբ։
Որպես կանոն՝ կենդանական ծագման սպիտակուցները հայտնի են որպես լիարժեք սպիտակուցներ, քանի որ պարունակում են բոլոր 9 անփոխարինելի ամինաթթուները։
Կարդացեք նաև
Թեև բուսական ծագման որոշ սպիտակուցներ, ներառյալ սիսեռի և սոյայի սպիտակուցները, լիարժեք են, բուսական շատ այլ սպիտակուցներ համարվում են ոչ լիարժեք։ Դա նշանակում է, որ բուսական մթերքները, ինչպիսիք են բակլազգիները, գետնանուշը կամ ցորենը, իրենց բաղադրությունում չունեն մեկ կամ մի քանի անփոխարինելի ամինաթթու, սակայն դրանց համադրությունը թույլ է տալիս փոխլրացնել անհրաժեշտ սննդանյութերը։ Լավ օրինակ է հացի և գետնանուշի կարագի համադրությունը, քանի որ ցորենը, որից պատրաստվում է հացը, քիչ է պարունակում լիզին ամինաթթու, իսկ գետնանուշը շատ հարուստ է այդ ամինաթթվով, և միասին այդ մթերքները լիարժեք սպիտակուցի աղբյուր են դառնում։
Բուսակերների ու վեգանների դեպքում կարևոր է բուսական ծագման սննդի բազմազանությունը, ինչը թույլ կտա ստանալ բոլոր անփոխարինելի սննդանյութերը։
Ո՞ր մթերքներն են հարուստ սպիտակուցներով
Կենդանական ծագման սպիտակուցներ
- Հավկիթ,
- ձկնեղեն ու ծովամթերք,
- անյուղ միս,
- թռչնամիս,
- կաթնամթերք։
Սպիտակուցներից բացի կենդանական ծագման մթերքները պարունակում են այլ կարևոր սննդանյութեր ևս՝ վիտամին B12, հեմային երկաթ, որն ավելի լավ է յուրացվում, քան բուսական ծագման մթերքներում պարունակվող ոչ հեմային երկաթը։
Սակայն պետք է հաշվի առնել, որ կենդանական ծագման ոչ բոլոր մթերքներն են արժեքավոր սննդանյութերի տեսանկյունից, օրինակ վերամշակված մթերքները մեծ քանակությամբ վնասակար ճարպեր ու նատրիում են պարունակում, որոնք օգտակար չեն առողջության համար։
Բուսական ծագման սպիտակուցների աղբյուր են
- բակլազգիները, լոբին,
- ընդեղենը,
- սոյայի մթերքները,
- հնդկացորենը,
- չվերամշակված բրինձը,
- ցորենը,
- քինոան,
- սննդային խմորիչները,
- չիայի սերմերը,
- կանեփի սերմերը,
- սպիրուլինան և այլն։
Քինոան, հնդկացորենը, սոյան, սննդային խմորիչները, սիսեռը, չիայի ու կանեփի սերմերը լիարժեք սպիտակուցների աղբյուր են, քանի որ պարունակում են 9 անփոխարինելի ամինաթթուները։
Բուսական ծագման այլ մթերքներում անփոխարինելի ամինաթթուները պարունակվում են կամ քիչ քանակությամբ, կամ էլ դրանցից մեկը կամ մի քանիսը։
Բուսական ծագման սպիտակուցներով հարուստ սննդակարգը բազմաթիվ առավելություններ ունի, այդ թվում՝ զարկերակային ճնշման նվազեցումը, խոլեսթերինի մակարդակի ու կաթվածի ռիսկի, քաշի նվազեցումը և այլն։
Սակայն ոչ բոլոր բուսական ծագման մթերքներն են նույնքան օգտակար։ Եթե ամբողջահատիկ ցորենով, սերմերով և ընդեղենով հարուստ սննդակարգը կապվում է սրտային հիվանդությունների ռիսկի նվազեցման հետ, ապա վերամշակված հատիկեղենով, տապակած բանջարեղենով հարուստ դիետան ավելացնում է այդ հիվանդությունների զարգացման վտանգը։
Կենդանական ծագման սպիտակուցների օգտագործումը նույնպես դրական է անդրադառնում առողջության վրա՝ նպաստելով մկանային ծավալի պահպանմանը, իսկ, օրինակ, ձկնեղենի կանոնավոր օգտագործումը կապվում է ճանաչողական գործառույթների պահպանման ու սրտային հիվանդությունների վտանգի նվազեցման հետ։
Որոշ հետազոտություններ կարմիր մսի օգտագործումը կապում են սրտային հիվանդությունների ու կաթվածի զարգացման ռիսկի հետ, սակայն այդ հետազոտությունների արդյունքները միանշանակ չեն, և կա ենթադրություն, որ այդ ոչ դրական ազդեցությունը կապված է վերամշակված կարմիր մսի օգտագործման հետ։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ