Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ադրբեջանը ճանաչո՞ւմ է «29,8 հազարը»

Մայիս 16,2023 10:00

«Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և հարգել Հայաստանի 29.8 հազար քառ. կմ և Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքները»: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ ամփոփելով Փաշինյանի եւ Ալիեւի հետ բանակցությունները:

Հայտարարությունը, բնականաբար, խիստ բացասաբար է ընդունվել այն մարդկանց կողմից, որոնք անտարբեր չեն Արցախի եւ արցախահայության ճակատագրի նկատմամբ: Իսկապես՝ այն, որ Փաշինյանը ճանաչում է ոչ թե սոսկ Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» (որը, ցանկության դեպքում, կարելի է տարբեր ձեւով մեկնաբանել), այլ ընդգծված՝ «86.6 հազար քառ. կմ տարածքը», այսինքն՝ ներառում է դրա մեջ նաեւ Լեռնային Ղարաբաղը, եւս մի լրացուցիչ «փաստարկ» է տալիս Ալիեւին՝ շրջափակումը շարունակելու եւ, ի վերջո, Արցախը հայաթափելու համար: Հուսով եմ, մեր իշխանություններն այնքան միամիտ չեն, որ կարծեն, թե հայերը, որպես «Ադրբեջանի էթնիկ փոքրամասնություն» կկարողանան ապրել Արցախում՝ նույնիսկ, եթե նման ցանկություն ունենան: Մի խոսքով, Փաշինյանի համաձայնությունը «86.6 հազար քառ. կմ տարածքի» վերաբերյալ ավելի հավանական է դարձնում արցախահայերի ցեղասպանությունը:

Այդքանը հասկանում են թե՛ Հայաստանի իշխանությունները եւ թե՛ նրանց բազմահազարանոց կողմնակիցները՝ չնայած չեն ցանկանում դա բարձրաձայն խոստովանել: Բայց նրանք գուցե պատրանք ունեն, որ այդ ցեղասպանությունից հետո մենք «հանգիստ կապրենք» Հայաստանի 29.8 հազար քառակուսի կիլոմետրի վրա: Նրանք, հավանաբար, տեղյակ չեն, որ Ալիեւը, եթե նույնիսկ նշված փաստաթուղթը ստորագրի, իրականում չի ճանաչում մեր 29.8 հազարը, որ նա չի պատրաստվում հեռանալ ՀՀ՝ իր կողմից զավթած տարածքից, որ նա պահանջում է «անկլավներ», «ադրբեջանցիների վերադարձ Արեւմտյան Ադրբեջան», «Զանգեզուրի միջանցք», միլիարդավոր դոլարների «փոխհատուցում» եւ այլն: Հետեւաբար, ինչ էլ հայտարարվի, եւ եթե անգամ բարձրագույն մակարդակով հանդիպումների շարքի արդյունքում որեւէ փաստաթուղթ ստորագրվի, Ադրբեջանը շարունակելու է պատերազմը: Պայմանագրով, թե առանց պայմանագրի իրավիճակը կշարունակի զարգանալ մեզ համար աղետալի սցենարով այնքան ժամանակ, որքան հայկական զինված ուժերը չկարողանան դիմադրություն ցույց տալ ագրեսորին եւ նրան մեր հողից դուրս չշպրտեն:

…Ալմա-Աթայի հռչակագիրը 1991-2021 թվականներին չի խանգարել Հայաստանին չճանաչել Արցախը Ադրբեջանի մաս: Այդ փաստաթղթի «հակաարցախյան» բնույթն ի հայտ եկավ միայն հիմա: Խնդիրը, հետեւաբար, ոչ թե այս կամ այն թղթի բովանդակությունն է, այլ ուժերի ռեալ հարաբերակցությունը: ԱՄՆ եւ Ռուսաստանը նույնպես տարբեր հռչակագրերով եւ այլ փաստաթղթերով ճանաչում էին Հարավսլավիայի եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031