Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր կայացավ «10-ի գործ» անունը ստացած քրեական գործի հերթական դատական նիստի դատական վիճաբանությունների փուլը։
Ամբաստանյալների պաշտպանները նշեցին, որ այս քրեական գործը ամբողջապես կազմվել է բացահայտ խախտումով, ապօրինի, այնպիսի մեթոդներով եւ «հիմնավորումներով», ինչպիսիք Ռուբեն Մելիքյանի խոսով, անգամ միջնադարում չեն եղել։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը Aravot.am-ին ասաց․ «10-ի գործ անունն ստացած ու շատ երկար տեւած այս գործը մոտենում է ավարտին; Այսօր դատական վիճաբանությունների փուլն էր։ Մասնավորապես, նախորդ դատական նիստին դատախազը մեղադրական ճառով հանդես եկավ։ Այսօր պաշտպանական ճառով հանդես եկանք մենք՝ պաշտպաններս եւ ամբաստանյալները։ Դատարանին մնաց միայն ունկնդրել ամբաստանյալների վերջին խոսքը։ Այդ պատճառով դատական նիստը հետաձգվեց մինչեւ հունիսի 13-ը։
Կարդացեք նաև
Մենք բոլորս ներկայացրինք, ըստ էության, համանման պաշտպանական ճառեր, որի էությունը հիմնականում հանգում էր հետեւյալին։
Առաջին․ զուտ իրավաբանական առումով անտրամաբանական է մեկ վկայի, այն էլ՝ որպես ոստիկանության ծառայող հանդես եկող վկայի, ցուցմունքի հիման վրա հաղթահարել անձի անմեղության կանխավարկածը՝ հիմնական կասկածից վեր բարձր չափանիշը։ Անգամ միջնադարում հնարավոր չէր դա։ Հատկապես այն պայմաններում, որ գործ ունենք ոչ թե ինչ-որ գաղտնի վայրում տեղի ունեցած արարքի, այլ հարյուրավոր մարդկանց ներկայությամբ։ Եվ ընդամենը մեկ մեղադրական ցուցմունք, երբ ամեն ինչ տեսել են եւ նկարահանված է։
Երկրորդ․ քաղաքական բաղադրիչը, որ այս վարույթը որպես քաղաքական ճնշման միջոց է գործադրվել ամբաստանյալներից առնվազն մի քանիսի նկատմամբ, այդ թվում նաեւ այլ փաստերի հետ մեկտեղ հիմք է հանդիսացել այս վարույթով անցնող երկու անձի՝ Նարեկ Մանթաշյանի եւ Գոռ Մանուկյանի տեւական կալանավորման համար։
Երրորդ․ շատ կարեւոր հանգամանքն այն է, որ մեղադրյալները հրաժարվեցին վաղեմության ժամկետը անցնելու հիմքով վարույթը կարճելուց՝ ակնկալելով, որ մենք կունենանք արդարացման դատական վճիռ»։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը եւս վստահ է, որ այս քրեական գործն ունի քաղաքական մոտիվ, քաղաքական պատճառաբանություններ։ «Իմ պաշտպանյալ Նարեկ Մանթաշյանի պարագայում այս քրգործը օգտագործվեց որպես դատավարական ռիսկ՝ մեկ այլ քրեական գործով կալանավորելու համար։ Մենք ակնկալում ենք միանշանակ արդարացման դատական վճիռ։ Նարեկ Մանթաշյանի մասով էլ ես արձանագրեցի, որ միջամտություն է տեղի ունեցել նրա ընտրվելու իրավունքին, քանի որ Նարեկ Մանթաշյանը պատգամավորի թեկնածու էր եւ այդ փուլում, երբ իրեն մեղադրանք էին առաջադրում, օգտվում էր անձեռնմխելիությունից։ Բայց ժանրի կանոններին համապատասխան, այդ ամեն ինչը անտեսվեց եւ Նարեկ Մանթաշյանը այս գործով որպես մեղադրյալ ներգրավվեց, որպեսզի մեկ այլ քրեական գործով ապահովվի նրա կալանավորումը»,-ասաց Ա․ Կոչուբաեւը։
Պաշտպանի դիտարկմամբ, դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը արդեն իսկ քաղաքական զգայունություն ունեցող գործերով իր հստակ կեցվածքը ցույց է տվել, որ կարող է լինել անկախ եւ անկողմնակալ դատարան։ Նա կարծում է, այս գործը եւս բացառություն չի լինի եւ կտեսնեն արդարացված ամբաստանյալներ։
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 13-ին ժամը 16-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ