Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունը ոչ միայն մարտահրավեր է, այլ նաև Արցախի Հանրապետության միջազգային իրավասուբյեկտության ամրապնդման հնարավորություն.

Մայիս 15,2023 22:55

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Մասիս Մայիլյանը գրում է.

Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների արդյունքների մասին հայտարարությամբ։ Շառլ Միշելը նշել է, որ կողմերը հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991 թ. Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800 քկմ) ու Ադրբեջանի (86,600 քկմ) տարածքային ամբողջականությանը:

Նշենք, որ 86,600 քառակուսի կիլոմետրը  համապատասխանում է խորհրդային Ադրբեջանի տարածքին, որի կազմ 1921 թվականին ապօրինի մտցվել է Լեռնային Ղարաբաղը՝ հայկական ինքնավարության ձևով։ Քանիցս հրապարակվել են իրավաբանական ծանրակշիռ փաստարկներ, որոնք ապացուցում են, որ Ալմաթիի հռչակագրի ընդունումից առաջ Լեռնային Ղարաբաղն իրավական ակտերի ընդունման ճանապարհով անջատվել էր խորհրդային Ադրբեջանից և երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումն առանց այն վերապահման, որ այդ ամբողջականությունը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա, մարտահրավեր է մեզ համար, բայց ոչ մի կերպ չի կարող ազդել Արցախի՝ որպես ինքնորոշված, թեկուզև առայժմ միջազգային մակարդակով չճանաչված հանրապետության կարգավիճակի վրա։

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կախված չէ առանձին պետությունների ղեկավարների կարծիքից։ Արցախի Հանրապետությունը ստեղծվել է Արցախի ժողովրդի կամարտահայտության հիման վրա, և այդ կամքն անսասան է։ Հարկ է նշել, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ու սփյուռքահայությունն են պաշտպանում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Արցախի Հանրապետությունը ճանաչել են տասնյակ նահանգներ, տեղաշրջանններ և քաղաքներ աշխարհով մեկ՝ Լոս Անջելոսից մինչև Սիդնեյ՝ մի քանի հարյուր միլիոն բնակչությամբ։ Այս համատեքստում կարևոր են Արցախի հարցով Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի 2020 և 2022 թվականներին միաձայն ընդունված բանաձևերը։

Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունը ոչ միայն մարտահրավեր է, այլ նաև Արցախի Հանրապետության միջազգային իրավասուբյեկտության ամրապնդման հնարավորություն։ Ակնհայտ է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարող է առավել արդյունավետ հիմքը դառնալ Արցախի ու Ադրբեջանի միջև հակամարտության համապարփակ և հաստատուն կարգավորման համար։ Միջազգային և տարածաշրջանային ակտորները եթե իրապես շահագրգռված են Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմամբ, ապա պարտավոր են հարգել Արցախի Հանրապետության քաղաքացիների կամարտահայտությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031