Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում կայացավ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի նախկին պաշտոնակատար Արսեն Բաբայանի գործով դատական նիստը:
Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ նա 2018 թ. հանդիսանալով ՀՀ ԱԺ նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք:
Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թ. մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի նախկին պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին եւ այլ պաշտոնատար անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք:
Այսօրվա նիստում դատարանն ըստ հերթականության անդրադարձավ վկաներ, ՍԴ ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ Ա. Քարաջյանի եւ ՍԴ ընդհանուր բաժնի վարիչի պաշտոնում աշխատած Ա. Գիլոյանի հարցաքննությանը:
Կարդացեք նաև
Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը դատական նիստի ավարտին Aravot.am-ին ասաց. «Գործի վերաբերյալ ի սկզբանե մեր գնահատականները հնչեցրել ենք: Վստահ եմ, որ իմ պաշտպանյալն արդարացվելու է: Ես իմ գնահատականները կտամ վերջում: Ակնհայտ անհիմն մեղադրանք է: այսօրվա նիստում էլ վկաների ցուցմունքները հաստատում են այն, որ տվյալ դեպքում իսկապես որեւէ հակաօրինական արարք տեղի չի ունեցել»:
Իսկ Արսեն Բաբայանն ասաց. «Սա քրեական փաթեթավորմամբ քաղաքական գործ է, որովհետեւ քրեական տարրեր չկան: Փորձեցին քաղաքական տեքստի մեջ քրեական օրենսգրքի եւ քրեական դատավարության օրենսգրքի մի երկու անուն գրել, որ այդպիսի փաթեթավորում լինի: Խոսքն այն մասին է, թե իբրեւ ԱԺ-ում տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք եւ լիազորությունների անցում, որի հետեւանքով Հրայր Թովմասյանը դարձել է ՍԴ նախագահ: Այս ամենի մեջ մի հատ կիսաապացույց կա: Վկաներից մեկը, որն ընդհանուր բաժնի ղեկավարն էր այն ժամանակ, նախաքննության ժամանակ ասել էր. եթե հիշողությունս չի դավաճանում, այդ փաստաթուղթն ինձ տվել է Արսենը: Նախ, հիշողությունս, եթե չի դավաճանումն արդեն աբսուրդ է: Դրանով չեն կարող մարդուն մեղադրանք առաջադրել ու կալանքի հասցնել: Ես կալանքի տակ մնացի 22 օր: Բայց արեցին:
Նախորդ դատական նիստի ընթացքում այդ վկան պատմեց, որ ոչ միայն հիշողությունն է իրեն դավաճանել, այլ ընդհանրապես, հինգ-վեց հոգի կարող էին այդ փաստաթուղթը իրեն տալ: Բայց ամենակարեւորը՝ ասաց, որ այդ ժամանակ այնքան են իրեն տարել-բերել, ի դեպ, այդ ժամանակ այդ կնոջ նկատմամբ նաեւ քրեական հետապնդում են իրականացրել, նրան համոզել էին, որ, իբր, տեղի է ունեցել հանցագործություն, որին իբր ինքը օժանդակել է: Դրանով փորձել են իրեն մեղադրանք առաջադրել: Բայց ասել են, թե եթե ուզում ես այս ամեն ինչից անցնել, մի հատ ցուցմունք տուր, որ Արսենն է արել, համաներում կիրառենք՝ գնա: Այդ կինն էլ, որն իրավաբան չէ, առանց հասկանալու, որպեսզի արագ վերջացնի, համաձայնել է: Նա այս ամեն ինչը դատարանում պատմեց: Ասաց, որ ուզել է շուտ ավարտվեր:
Վկան սում է. այն, ինչում մեղադրում են, ես հասկանում եմ, որ այդտեղ հանցագործություն չկա: Որովհետեւ այո, եթե փաստաթուղթն ավելի շուտ է գալիս ու ես աշխատանքի չեմ, հաջորդ, կամ եթե ուրբաթ է, երկուշաբթի օրը բերում, տալիս են ինձ, ես էլ մուտքագրում եմ: Եվ այն ժամանակ եթե ասել եմ, որ այդ փաստաթուղթը գուցե տվել է Արսենը եւ ձեր պահանջով, համաներում կիրառելու խոստումով ասել եմ, որ այո, Արսենն է տվել, իմ համար մեկ է եղել: որովհետեւ ով էլ դա աներ, հանցագործություն չէր: Ասաց. հիմա դուք դարձրել եք հանցագործություն եւ այդ դեպքում եկել եմ ասելու, թե ինչպես է եղել: Ինձ ասել եք բան, ես չեմ հասկացել, թե դրանից ինչ կարող էք դուք հնարել ու անել: Չէ, այդպես չի եղել: Ես չեմ կարող պնդել, թե Արսենն է տվել, չեմ հիշում ով է տվել: Բայց հինգ-վեց հոգի կարող էին տալ: Եվ դա նորմալ, բնականոն գործընթաց էր:
Ամբողջ գործի մեջ սա միակ տվյալն էր, որը հերքվեց դատական նիստում»:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 5-ին, ժամը 11:00-ին եւ որպես վկա դատակոչվելու է նաեւ ՍԴ աշխատակազմի այն ժամանակվա ղեկավար Առուշան Հակոբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ