Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե արձանի համար գանգատ են ներկայացնում, ուրեմն մենք էլ պետք է գանգատ ներկայացնենք, որ հայկական թաղամասերում Թալեաթ փաշայի փողոցը կա, Թալեթ փաշայի դպրոցը կա»․ Տիգրան Ալթուն

Մայիս 15,2023 21:00

«Թուրքիայի կողմից հարցը մի քիչ չափազանցվում է։ Հավանաբար ընտրությունների պատճառով եղավ, որ այս չափ մեծացրին հարցը»,- Aravot.am-ի հարցին՝ հայ-թուրքական հարաբերություններում ներկայիս խնդիրը Նեմեսիսի արձանի՝ Երևանում տեղադրման պատճառո՞վ է, թե՞ դա ուղղակի պատրվակ էր, «Թուրքիա-Հայաստան լրագրողների երկխոսություն ծրագրի» շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես պատասխանեց պոլսահայ գործիչ Տիգրան Ալթունը։

Նա ասաց՝ հույս ուներ, որ հուլիսի 1-ից երրորդ երկրի քաղաքացիների համար սահմանը պիտի բացվեր, բայց Նեմեսիսի արձանի տեղադրումից հետո կարծես ամեն ինչ մի քիչ խանգարվեց։ Տիգրան Ալթունն ասաց․ «Եթե արձանի համար գանգատ են ներկայացնում, ուրեմն մենք էլ պետք է գանգատ ներկայացնենք, որ հայկական թաղամասերում Թալեաթ փաշայի փողոցը կա, Թալեթ փաշայի դպրոցը կա։ Եվ ուրիշ տեղ չեն դրել․ որտեղ հայերն են ապրում, այնտեղ Թալեաթ Փաշայի դպրոցն են բացում։ Ուրեմն ես էլ Թուրքիայի դեմ սրա համար գանգատ պետք է ներկայացնեմ։ Պարզապես ընտրությունների պատճառով այդ հարցն այդպես բարդացվեց»։

Մեր մյուս հարցին՝ որքանո՞վ եք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում արդյունավետ համարում հատուկ ներկայացուցիչների բանակցությունների ձևաչափը, պոլսահայ գործիչը պատասխանեց․ «Կարծում եմ, որ պետք է անպայման երկխոսությունը շարունակվի։ Առանց երկխոսության հնարավոր չէ որևէ տեղ հասնել։ Հայաստանը, որ միշտ այդ վախն ունի, որ եթե սահմանները բացվեն, թուրքերը Հայաստան կգան, սա կանեն, նա կանեն, սրանք ինձ համար իրականություններ չեն։ ՀՀ-ն այսօր չորս կողմից շրջափակված երկիր է, միակ տեղը, որ կարող ենք դուրս գալ, Վրաստանն ու Իրանն են։ Մենք պետք է մեր դրացիների հետ ապրելու ձև գտնենք, սա չի նշանակում, որ մեր սկզբունքներից պետք է հեռանանք, բայց առօրյա կյանքը շարունակելու համար սահմանները պետք է բացվեն։ Ես հավատում եմ դրան»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031