«Այս գործով առնվազն կարիք չկար մեկուսացնել գեներալ Խաչատուրովին: Այդ հիմքերը բացակայում են, որովհետեւ նա չէր կարող խոչընդոտել քրգործի վարույթին, փախուստի դիմելու փորձ չէր արել ու կենսագրությունը իր մասին խոսում է: Սա քաղաքական ճնշում է: Այս օրերի ընթացքում քննարկվում են սահմանային հարցեր ու ունենք մտավախություն, որ վարչապետը իր թիմով որոշել է տարածքներ զիջել, այնպիսի գործողություններ կատարել, որոնք զիջման հիմք կծառայեն: Խաչատուրովի նման գեներալը, ով 44–օրյա պատերազմի ընթացքում Տավուշը անառիկ պահեց, այդ գործընթացներին գեներալին ջարդելը իրենց համար, կարծում եմ, մեծ նշանակություն ունի»,- այսօր երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով դատավարության դռնփակ նիստի ժամանակ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը:
Նրա համոզմամբ՝ ժողովուրդը մանդատ չի տվել Փաշինյանին, որ կտոր-կտոր տարածքներ հանձնի ու ակնհայտ է, որ ժողովրդի իշխանությունը վերցված է. «Ինչքան էլ իշխանական թիմը փորձի շուտասելուկներ բերի, փորձում էին նախ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը վկայակոչել՝ իբրեւ իրենց դիրքորոշման ապացույց, բայց պարզ բան է՝ անկախացումից ի վեր ՀՀ սահմանները հստակ ունեցել են իրենց ծավալը: Այսօր Շուռնուխի գյուղի մի մասը համարել ադրբեջանական նա այդպիսի իրավական հիմք չունի: Կան կադաստրի վկայականներ այդ տարածքում, դա համարվել է հայկական ու մի սանտիմետր այդտեղից զիջելը պետք է լինի միայն ժողովրդի որոշմամբ՝ հանրաքվեի միջոցով»:
Պաշտպան Միհրան Պողոսյանին դատարանի որոշմամբ Խաչատուրովի գործի վարույթից, դատարանի դահլիճից հեռացրել են: Լրագրողների հետ զրույցում Խաչատուրովի շահերի պաշտպան Հակոբ Ենոքյանն ասաց, որ ինքը բացարկի միջնորդություն է ներկայացրել, բայց դատական նիստին մեղադրող կողմն ասել է, որ Խաչատուրովին կալանքի տակ պահելու հիմքերը չեն վերացել, դատարանն ընդունել է դա ի գիտություն. «Դատավոր Գրիգորյանը այնքան կարմիր գծեր է հատել, որ ոչ մի բան չեմ բացառում: Կարող էր ինչ-որ մեկի ցուցումով անել: Գրիգորյանն ու մեղադրողը ՀՔԾ-ում են միասին աշխատել, հնարավոր է նաեւ քաղաքի դատախազության քննիչ են աշխատել: Մեղադրողը ինչ ասում է դրանով առաջնորդվում է: Մեղադրողն ասում է մի օր՝ առանց պաշտպանների պետք է նիստը հետաձգվի՝ հետաձգում է, ասում է՝ պիտի անցկացվի՝ անցկացվում է: Այսինքն, իրենց կապն ակնհայտ է: Այսօր ասում ենք ժամը լրացվել է կալանքի՝ ասում են՝ 24:00-ին է լրանում: Կարող էին մեր դիրքորոշումները չլսել, զարմանում եմ իրենց մոտեցման վրա»:
Կարդացեք նաև
Ավելի ուշ Ենոքյանն ասաց, որ դատավորը ամեն կերպ ուզում էր լսել կալանքի վերաբերյալ պաշտպանական կողմի դիրքորոշումը, որ գնար խորհրդակցական սենյակ, մինչդեռ ինքը բացարկի միջնորդություն է ներկայացրել՝ թույլ չտալով, որ դատավորը դա անի. «Ասաց՝ ընդմիջում եմ հայտարարում: Հենց չգիտի ինչ անի նախագահողը, ինքը ընդմիջում է հայտարարում ու գնում է խորհրդակցությունների: Չգիտեմ ում հետ ինչ է խորհրդակցում: Այսպիսի դեպք չի եղել, որ աշխատանքային օրվա ավարտին չհետաձգեր նիստը»:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը խայտառակ որակեց դատավորի դիրքորոշումը, որ կալանքի ժամը ոչ թե ժամով, այլ օրով են հաշվում. «Երկամսյա կալանքի ժամկետը, վերջին 2-3 տարում նման դեպք չի եղել, որ հաշվվի ոչ թե ժամով, րոպեով, վայրկյանով, այլ օրով: 16:45 դատավորը պարտավոր է հայտարարի, որ անձը ազատ է, հետո շարունակի քննարկել»: Ռուբեն Մելիքյանի գնահատմամբ՝ անձին ապօրինի այսպես կալանքի տակ պահելը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ