Բրյուսելում Նիկոլ Փաշինյան-Շառլ Միշել-Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումից հետո, ինչպես հայտնի է, ճեպազրույցի ժամանակ Շառլ Միշելը, համարելով, որ բանակցություններում կողմերն առաջընթաց ունեն, հայտարարել է․ «Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և հարգել Հայաստանի 29.8 հազար քառ. կմ և Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքները»:
Այսօր երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով դատավարությունն էր դռնփակ նիստով: Դատարանի մոտ էր նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Միշելի այս հայտարարությանը, ասաց. «ՀՀ իշխանությունները եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը այս տարիների ընթացքում տարբեր ձևակերպումներով ասել են այն ամենը, ինչ երեկ Բրյուսելից հնչել է: Հենց Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է բանակցային գործընթացում նշաձողն իջեցնելու գործընթաց: Մեկ-երկու շաբաթ առաջ նա նույնիսկ խոսում էր ինքնավարության մասին, ինքնավարություն՝ Ադրբեջանի կազմում: Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կրել դավաճանի պիտակը, դա իրեն որեւէ ձեւով չի անհանգստացնում, պատրաստ է կրել դրա խարանը»:
ԵՄ դեսպանը խոսել է զորքերի հետ քաշման մասին: Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց, որ ԵՄ-ն առաքելություն էր ուղարկել ու վստահեցնում էր, որ այն կանխարգելիչ, զսպող դեր է ունենալու, բայց Սոթքի, Տեղ գյուղի դեպքերը ցույց տվեցին, որ նրանք այդ գործառույթը չեն կատարում. «Եթե նրանք ունեն այլ ֆունկցիա, որի մասին հանրությանը չի տեղեկացվել, դա հարցի մեկ այլ կողմն է: Զորքերի հետ քաշումը լեգիտիմացնելու է Ադրբեջանի կողմից ինչպես ՀՀ տարածքների օկուպացումը, այնպես էլ նոր հնարավորություն է բացելու ՀՀ նոր բնակավայրերի, նոր տարածքների օկուպացման համար:
Կարդացեք նաև
Մի կողմից այս իշխանություններն են, որոնք անվերջ զիջողականություն են դրսեւորում, մյուս կողմից ունենք Ադրբեջանի նման հարեւան, որը որեւէ պայմանավորվածություն չի պահպանում ու պատրաստ է նոր վնասներ պատճառելու, տարբերություն չկա՝ տարածքային, թե մարդկային: Իրավական առումով չի կարելի հղում անել Ալմաթիին ու դրանով Արցախը համարել Ադրբեջանի կազմի սուբյեկտ, որովհետեւ այնտեղ ժամանակին արվել են վերապահումներ»:
Խոսելով Սամվել Բաբայանի հավաքի եւ պնդումների մասին, որ եթե պետնախարարի պաշտոնում ինքը լինի, 2 ամսում իրավիճակի բեկում կլինի՝ Տիգրան Աբրահամյանն ասաց. «Արցախում այս պահին ակտիվացում դրսեւորող բոլոր գործիչներին, դեմքերին արցախցիները շատ լավ ճանաչում են եւ մեծ առումով արցախցին այսօր ինքն էլ պետք է որոշի, թե որ ճանապարհով է գնում, ում առաջնորդությամբ եւ ինչ ձեւով: Ձեր նշած մարդկանց թիվը, ովքեր մասնակցում են հանրահավաքում, ըստ էության ցույց են տալիս, թե ինչ աջակցություն ունի տվյալ գործիչը: Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, դրա մասին գնահատական պետք է հնչեցնի արցախցին մի մասը հանրահավաքին գնալով կամ չգնալով, բայց այն մարդիկ, ովքեր հայտ են ներկայացրել Արցախում իշխանություն վերցնելու համար, տեղում արցախցիները պետք է որոշեն, թե որ ճանապարհով են գնում եւ ուր են շարժվում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ