Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուրովին չեն շտապում ազատ արձակել. «Չեմ բացառում, որ այնտեղ դատավոր Արամ Գրիգորյանը նամազ էլ իրականացնի, պատվեր կատարելու մղումով է»

Մայիս 15,2023 18:35

Այսօր երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով դատավարությունն էր դռնփակ նիստով: Այսօր Խաչատուրովի կալանքի ժամկետը լրանում է, բայց դատարանը չի շտապում նրան ազատել՝ գտնելով, որ ազատ արձակելու հիմքեր չկան:

Պաշտպան Միհրան Պողոսյանը լրագրողների ներկայությամբ զանգահարեց ՄԻՊ գրասենյակ. «ՄԻՊ-ը չի կարող միջամտել դատական պրոցեսին, բայց խոսքը դատական պրոցեսին միջամտելու մասին չի, այլ անձը, առանց դատարանի որոշման, այս պահին անազատության մեջ է պահվում: Հաղորդում ենք ներկայացրել, կսպասենք: Խոստացան խնդիրն ուսումնասիրել եւ ինձ հետ կապվել»:

Միհրան Պողոսյանը չի կարողանում նիստին մասնակցել, դատավորը սանկցիա է կիրառել իր նկատմամբ: Դատական նիստում քննարկվում են միջնորդություններ. «Դատավորը Արամ Գրիգորյանն է, դատավոր մի քիչ դժվար է այդ անձին բնորոշել: Դատավորի այս 5 օրվա գործողությունները տեսնելով՝ չեմ բացառում, որ այնտեղ Արամ Գրիգորյանը նամազ էլ իրականացնի: Ես չեմ կարող ասել ինչ գործողություններ կիրականացնի, այնքան անհավանական եւ պատվեր կատարելու մղումով է այդ դատավորը»:

Դատարանի դիմաց հավաքվել էին Խաչատուրովի աջակիցները ու վանկարկում էին՝ «անհապաղ ազատել գեներալ Խաչատուրովին»:

Լրագրողների հետ զրույցում նախկին դեսպան Էդգար Ղազարյանն ասաց. «Խաչատուրովի անազատության մեջ լինելը քաղաքական որոշման հետեւանք է: Ի՞նչ գործ ունի այդ մարդը 2 ամիս անազատության մեջ, ի՞նչ է արել նա հայրենիքը պաշտպանելուց բացի: Նույնը՝ Սեյրան Օհանյանի մասով: Նա այսօր Հայաստանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն է:

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ԱԺ բոլոր ընդդիմադիր մեծ խմբակցությունների ղեկավարների դեմ քրեական գործ է հարուցվել:

Այն ժամանակ Գագիկ Ծառուկյանն էր ներկայանում որպես ընդդիմություն, դատախազը մտավ, վերցրեցին կալանքի, հիմա Սեյրան Օհանյանը: Գործ չկա ընդհանրապես, իրավական բաղադրիչ գոյություն չունի»:

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն ասաց,որ անկախ դատավոր Հայաստանում չկա, իսկ այս գործով էլ պատահական դատավոր ընտրված չի. «Սասուն Խաչատրյանի խորհրդական, ասում են նաեւ որոշակի մտերիմ հարաբերություններ ունեն միջանձնային, ինչի՞ համար են նշանակել, որ հանձնարարությունը կատարի: Եթե իշխանությունները որոշեն, որ խափանման միջոց պիտի փոխվի, կփոխվի»:

Խաչատուրովի կալանքից հետո 2 ամիս ժամկետը լրացել է: Հայկ Նահապետյանի խոսքով՝ այստեղ անգամ խափանման միջոցի հարց չկա, Խաչատուրովին փակել են Տավուշի անկլավների ու սահմանների համար. «Անտրամաբանական է, 13 հոգի այս քրգործով անցնում են ու ինչի՞ միայն Գրիգորի Խաչատուրովին ու ի՞նչ հիմնավորմամբ: Ունի հեղինակություն, որը կարող է քաղաքացիների վրա ազդի,նրա հեղինակությունը վատ իմաստով են դիտում»:

Հայկ Նահապետյան ասաց, որ քանի օրվա իշխանությունները պաշտոններ են զբաղեցնում, սա ոչ առաջին, ոչ վերջին դեպքն է լինելու. «Պատերազմում պարտության, իրենց բոլոր ձախողումների մեջ մեղադրում են զինվորականներին՝ չնայած քաղաքական որոշումներով են օպերացիաներ իրականացրել, առաջին մեղավորը իրենք են: Գրիգորի Խաչատուրովը հեղինակություն ունի եւ եթե այնուամենայնիվ որոշի քաղաքական դաշտ մտնել, իրենց համար դա բավականին խնդրահարույց է: Էլ չեմ ասում Տավուշի անկլավները»:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի անդամ Վահագն Չախալյանը հայտարարեց, որ հենց հիմա կասկածի տակ է դրվում Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ նաեւ այս դատական նիստով. «Ո՛չ հող հանձնող դատավորին»:

Մանրամասները՝ ավելի ուշ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031