Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼՂ-ն ԽՍՀՄ Սահմանադրության եւ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն` իրացրել է ինքնորոշման իր իրավունքը եւ որեւէ կապ չունի Ալմաթիի հռչակագրի հետ․ Ժիրայր Ազիզյան

Մայիս 15,2023 18:06

«Առավոտի» զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։

– Պարոն Ազիզյան, Բրյուսելում մայիսի 14-ին տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ինչպե՞ս եք գնահատում բանակցային գործընթացը, եւ ի՞նչ հետեւություն պետք է անել այս հայտարարություններից։

– Եթե մենք հիմնվում ենք Շառլ Միշելի հայտարարության վրա, որտեղ նշվում է, որ, հիմնվելով Ալմաթիի հռչակարգի վրա, կողմերը ճանաչում են միմյանց՝ Հայաստանի դեպքում 29.8 հազար քառ. կմ, Ադրբեջանի դեպքում՝ 86.6 հազար քառ. կմ տարածքային ամբողջականությունը, ապա պետք է հասկանանք, որ Ալմաթիի հռչակագիրն իր բնույթով ոչ միջազգային պայմանագիր է, ոչ կոնվենցիա, ոչ էլ համաձայնագիր, այլ ընդամենը դեկլարացիա է։ Այդ հռչակագիրն իր բնույթից ելնելով՝ նույնիսկ չի էլ պահանջում որեւէ անդամ պետության կողմից վավերացում։

Ալմաթիի հռչակագիրը որեւէ կապ չունի Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքի հետ, որովհետեւ նախքան 1991 թվականի դեկտեմբերի 21-ը՝ այդ հռչակագրի ընդունումը, Ադրբեջանն իրեն հռչակել է Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդը, որն իր տարածքային ամբողջականության մեջ չէր ներառում Ղարաբաղի որեւէ շրջան։

Նախքան այդ, Լեռնային Ղարաբաղը Սովետական միության Սահմանադրության եւ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, չխախտելով որեւէ իրավական նորմ, իրացրել է ինքնորոշման իր իրավունքը։ Ուստի, որեւէ կերպ չէր կարող կապ ունենալ 1991 թվականի դեկտեմբերի 21-ի հռչակագրի հետ։

Պետք է նաեւ նշել, որ 1991 թվականի դեկտեմբերի 21-ի դրությամբ արդեն տեղի էին ունենում թեժ մարտեր, եւ աշխարհագրությունն անընդհատ փոխվում էր։ Այսինքն՝ գոյություն չունեին հստակ սահմաններ, որովհետեւ ռազմական գործողություններն ընթանում էին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով, սահմաններն անընդհատ փոփոխվում էին։

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման, հակամարտության վերջնական լուծման եւ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հարցերին, ապա սրանք պարզապես իրար հետ կապ չունեցող երեւույթներ են։ Նախ` Լեռնային Ղարաբաղի բնակչությունն է իր խնդրի եւ հակամարտության կարգավորման սկզբնաղբյուրը։ Մինչ օրս էլ ԼՂ ժողովուրդն այս առումով անզիջում պայքարը շարունակելու տրամաբանության կողմնակից է։ Միջազգային հանրությունը Ադրբեջանի անկախության ճանաչումից, այսինքն՝ երրորդ հանրապետության ձեւավորումից հետո միշտ էլ Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Այսինքն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միշտ բոլոր երկրների կողմից ճանաչվել է 86.6 հազար քառ. կմ տարածքում։ Բայց այդ նույն միջազգային հանրությունը, առաջին հերթին ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, ճանաչելով հանդերձ տարածքային ամբողջականությունը, բանակցային գործընթացում նաեւ դիտարկել է ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը՝ այդ տարածքային ամբողջականության սահմաններում։ 30-ամյա բանակցային գործընթացի պատմությունը ցույց է տալիս, որ եղել են բանակցային առաջարկներ, որոնցում դիտարկվում էր ԼՂ ինքնորոշման իրավունքի հնարավորությունը։ Ուստի, պետք չէ մտածել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը կարող է փակել էջը։

Մենք գործ ունենք ոչ միայն Ադրբեջանի հետ, այլ նաեւ իր դաշնակից պետությունների, իսկ Հայաստանը ցավոք սրտի այս առումով միայնակ է մնացել եւ չունի այն ներուժը, որ կարողանա դիմակայել թուրք-ադրբեջանական աշխարհին։ Ուստի, այսօր, ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից եւ ուժերի բալանսի խախտումից, մենք պետք է հասկանանք, որ որքան Հայաստանը շարունակի հանդես գալ որպես Արցախի եւ արցախահայության շահերի ներկայացուցիչ, այնքան ինքն ավելի խոցելի է դառնալու։ Ուստի, մենք պետք է հնարավորություններ փնտրենք եւ գտնենք, որպեսզի Արցախը դառնա հակամարտության անմիջական կողմ։ Չի կարող հակամարտությունը համարվել լուծված, քանի որ այդ նույն միջազգային հանրությունը, որը ճանաչում է եւ միշտ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, առ այսօր շարունակում է պնդել, որ հակամարտությունը դեռեւս մնում է չլուծված, եւ կա կարգավորման անհրաժեշտություն։

-Ստեղծված իրավիճակում ի՞նչ հնարավորություններ եք տեսնում, որպեսզի Արցախը դառնա հակամարտության կողմ։

-Իրականում հնարավորությունների առումով մենք պետք է առաջին հերթին առաջ բերենք ոչ թե կարգավիճակի, այլ անվտանգության ու իրավունքների հարցերը։ Ինչքան մենք առաջ ենք բերում կարգավիճակի խնդիրը եւ կարգավիճակը դիտարկում ենք որպես առանձին միջազգային սուբյեկտ, այնքան ավելի խոցելի ենք դառնում միջազգային հանրության տեսանկյունից։ Մենք պետք է առաջին հերթին առաջ բերենք իրավունքների եւ անվտանգության խնդիրը։ Բայց այդ անվտանգության երաշխիքները պետք է բավարար լինեն շահառուների՝ այսինքն՝ արցախահայության համար։ Այն երաշխիքները, որոնք բավարար կլինեն արցախահայության համար, չեն կարող փաստացի ենթադրել Արցախի մի այնպիսի կարգավիճակ, որը կգտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մենք առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնենք հենց իրավական գործընթացներին եւ այս ուղղությամբ քայլեր կատարենք։ Բնական է, որ միջազգային հարաբերություններում ամեն ինչ միանշանակ չէ, բայց մեր խնդիրն ընդամենն այս իրողությունների հետ հաշվի նստելը չէ։ Իհարկե, չկա հստակ երաշխիք, որ մենք անպայման ունենալու ենք հաջողություն, բայց եթե կա թեկուզ մի փոքր հնարավորություն, ապա մենք պետք է օգտագործենք այն եւ փորձենք հնարավորինս մեծ ջանքեր ներդնել, մեծ ռեսուրսներ ներգրավել՝ դա իրագործելի դարձնելու համար։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031