Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից բացի՝ հանձնում ենք Տիգրանաշենն ու Տավուշի մարզի որոշ գյուղեր. ի՞նչ է մտնում ՀՀ 29,800 քկմ տարածքի մեջ

Մայիս 15,2023 17:42

Հայաստանի՝ 29,800 քկմ տարածքի ճանաչումը նշանակում է Հայաստանը ոչ միայն առանց Արցախի, այլեւ առանց Տիգրանաշենի, Տավուշի մարզի որոշ գյուղերի: Այս մասին Aravot.am-ին ասաց քարտեզագիր Շահեն Շահինյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 14–ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ «երկրների առաջնորդները հայտնել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թ․ Ալմաթիի հռչակագրին, և ճանաչում են փոխադարձ տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը 29,800 քկմ, և Ադրբեջանը` 86,600 քկմ տարածքով, վերջնական սահմանազատումը տեղի կունենա բանակցությունների միջոցով»:

Շահեն Շահինյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

«Եթե վեր բարձրացնենք արխիվային փաստաթղթերը, հայտարարության մեջ նշված մակերեսները եւ բաց աղբյուրներում եղած թվերը, պետք է հստակ հասկանալ, որ Ադրբեջանի նմանատիպ մակերեսի դեպքում դրա մեջ ներառված է ե՛ւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը եւ Հայաստանի տարածքում, այսպես կոչված, անկլավները: Միշտ քննարկման առարկա է եղել Հայաստանի տարածքում երեք անկլավ ՝ Տիգրանաշենը, Տավուշի մարզում Վերին Ոսկեպար, Բարխուդարլու գյուղերը: Իսկ հայկական կողմի անկլավը, գիտենք՝ Արծվաշենն է: Երբ մակերեսների մասին ենք խոսում, այդ տարածքները ներառված են այդ մակերեսում »,- ասաց Շահեն Շահինյանը:

Նրա խոսքով, այս մակերեսները, որոնց մասին խոսվում է, այն քարտեզագրական նյութերի հիման վրա են իրականացված, որոնք, դե ֆակտո, գործել 1970-1980-ականներին: Ինչ վերաբերում է նրան, որ Բրյուսելում խոսում էին 1991-ի քարտեզների մասին, քարտեզագիրն այսպես արձագանքեց. «1970-ականների քարտեզների հիմքերի վրա են, այդ քարտեզներում արդեն իսկ անկլավները ներառված էին: Չեմ կարող մեկնաբանել 1991 թվականի քարտեզի վերաբերյալ ցանկացած խոսակցություն, քանի որ ինքս ծանոթ չեմ այդպիսի քարտեզի գոյության որեւիցե փաստի»:

Այս մակերեսներով տարածքային ամբողջականության ճանաչումը քարտեզագիրը համարում է զիջում. «Միանշանակ զիջում: Զիջում ազգային շահերի, ՀՀ 1-ին հանրապետության տարածքների, Խորհրդային միության մուտք գործած Խորհրդային Հայաստանի տարածքները: Սա Հայաստանի կողմից զիջում է, մենք զիջում ենք Արցախի իրավունքը, որի իրավունքը համոզված չեմ, որ ՀՀ-ն ունի, Արցախի փոխարեն որոշումներ կայացնելու: Զիջում ենք հայկական բուն տարածքները, իսկ դրա դիմաց ինչ ենք ստանում, այս պահին ինձ համար դեռ ակնհայտ չէ, որովհետեւ Ադրբեջանի կողմից միշտ հնչում են պահանջներ հայկական տարածքների նկատմամբ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031