Speedtest Awards մրցանակակիր և Հայաստանում ամենաարագ ֆիքսված ու շարժական ինտերնետն ապահովող «Յուքոմ» ընկերությունն արդեն մեկ տարի շարունակ ապահովում է մարզային բնակավայրերում տեղակայված Թումո տուփերն արագագործ ինտերնետ կապի հասանելիությամբ։ Այսպիսով, Ucom-ի ինտերնետ կապը հնարավորություն է տալիս Թումո տուփ հաճախող տարեկան մոտ 400 պատանու կրթություն ստանալ տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտում Հայաստանի այնպիսի բնակավայրերում, ինչպիսիք են Սևանը, Վայքը, Կապանը, Արթիկը, Մարալիկը, Ճամբարակը, Ազատամուտը, Երազգավորսը, Ազատանը, Ամասիան, Սպիտակն ու Արծվաբերդը։ Թումո տուփը փոքր, սակայն տեխնիկապես հագեցած մինի Թումո է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես ինքնուսուցման տարածք տեղի պատանիների համար։ Ուսանողներն ինքնուսուցման փուլն անցնում են իրենց քաղաքում, իսկ գործնական դասընթացների մասնակցելու համար մեկնում են մոտակա Թումո կենտրոններ կամ միանում դրանց` առցանց:
«Այս նախաձեռնությամբ Ucom-ն աջակցում է Թումո տուփերի ներդրմանը նույնիսկ ամենահեռավոր մարզային համայնքներում՝ սատարելով ժամանակակից կրթությունը մարզում և հնարավորություն ընձեռելով պատանիներին զարգացնելու իրենց հմտություններն ու կարողությունները», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Թումո Հայաստան նախաձեռնության իրականացման գործընթացում շատ կարևոր է մասնավոր ընկերությունների աջակցությունը, առանց որոնց մեր նպատակին հասնելը, գուցե, այս տեմպերով չընթանար: Այս համատեքստում լավագույն օրինակներից մեկը Ucom ընկերության հետ մեր համագործակցությունն է: Դրա շրջանակում տասից ավելի մարզային մինի Թումոներում` Ամասիայից մինչև Արծվաբերդ, տեղադրվել են Ինտերնետ ապահովող սարքեր: Լիահույս ենք, որ այս թիվը կավելանա, և Ucom-ի և Թումոյի համագործակցությունը կլինի շարունակական», – նշում է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:
Կարդացեք նաև
Հավելենք, որ Թումո Հայաստան նախաձեռնության նպատակն է Թումոյի կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի ու Արցախի բոլոր պատանիներին: Ծրագրով նախատեսվում է մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոն, իսկ փոքր համայնքներում` 110 Թումո տուփ, որոնց միջոցով ծրագիրը հասանելի կդառնա բոլոր պատանիներին` ողջ երկրով մեկ: