«Ես չեմ կարծում, որ որևէ մեկը, որն ընտրվեր, որևէ տարբերություն պիտի լիներ։ Սա պետական քաղաքականություն է և չեմ կարծում, որ այս կամ այն նախագահը կարողանա պետական քաղաքականություն փոխել։ Այնպես որ, շատ մեծ տարբերություն չկա մեզ համար հայ-թուրքական հարաբերությունների տեսանկյունից»,- հայ լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց պոլսահայ գործիչ Տիգրան Ալթունը՝ անդրադառնալով այն հարցերին, թե Թուրքիայում նախագահական ընտրությունների հարցում ո՞ր թեկնածուի հաղթանակն է առավել ձեռնտու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից։
Տիգրան Ալթունը հավատում է, որ Ադրբեջանն այնքան ազդեցություն ունի Թուրքիայի վրա, մանավանդ՝ շատ ներդրումներ ունի Թուրքիայում, որ այլևս Թուրքիան չի կարող անտեսել Ադրբեջանին և որևէ քաղաքականություն անել․ ստիպված են Ադրբեջանի քաղաքականությանը հետևել։ Նա շարունակեց․ «Այսօրվա շահերը հայտնի են, որ Թուրքիան միշտ պետք է Ադրբեջանի կողքին լինի, և այս հարցերը չեն լուծվի, եթե Ադրբեջանը չուզենա լուծել։ Անձերով պայմանավորված չէ, դա պետական քաղաքականություն է կամ պետության շահերն են, որ ամեն եկող պետք է հետապնդի այդ շահերը»։
Aravot.am-ի հարցին՝ հնարավո՞ր է Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտրվելու դեպքում նա ավելի կոշտացնի հարաբերությունները ՀՀ-ի հետ, պոլսահայ գործիչը պատասխանեց․ «Չեմ կարծում, որ ավելի կոշտացում կլինի։ Հավանաբար այս զրույցները պիտի շարունակվեն։ Կարծում եմ, որ Թուրքիան էլ ինչ-որ ձևով պետք է լեզու գտնի ՀՀ-ի հետ, ինչպես ՀՀ-ն պետք է լեզու գտնի Թուրքիայի հետ։ Վերջապես հարևաններ են, և Եվրոպան ու ԱՄՆ-ն էլ բավականին ճնշում են, որ այս հարցը ինչ-որ ձևով լուծվի»։
Կարդացեք նաև
Դիտարկմանը՝ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտնի է որպես արևմտամետ գործիչ, Տիգրան Ալթունն արձագանքեց․ «Չեմ կարծում, որ կուսակցությունը թույլ տա, որ նա իր անձնական մտքերը կամ ուզածները կարողանա անել։ Էրդողանը կրոնամոլ է, բայց այնքան ազգայնամոլ չէ։ Եթե քրիստոնյա հավատացյալ լինի, որ իրապես կհավատա, էրդողանը կհարգի նրան, քանի որ կրոնամոլ է, բայց մյուսներն ավելի ազգայնամոլ են, քան Էրդողանը»։
Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք երկու նախագահի թեկնածուների շանսերը, Տիգրան Ալթունը պատասխանեց․ «Միայն նախագահական ընտրություններ չեն, այլ նաև խորհրդարանի պատգամավորների ընտրություն է։ Ինչ-որ հիմա տեսնում եք՝ ԱԺ-ում մեծամասնությունն արդեն վերցրել է Էրդողանը, հավանաբար Էրդողանը պիտի շահի, քանի որ ժողովուրդը պիտի մտածի, որ եթե խորհրդարանում այդ կուսակցություններն են մեծամասնությունը, նախագահն էլ իրենցը պետք է լինի։ Եթե նախագահը Քըլըչդարօղլուն լինի, խորհրդարանը և նախագահն իրար դեմ պետք է պայքարեն։ Արդեն Էրդողանը 49 տոկոսից ավելի հավաքել է, հավանաբար երրորդ թեկնածուի քվեների փոքր մի մասն էլ, եթե Էրդողանին տրվի, նա կանցնի»։
Ի՞նչ սպասելիքներ կան էրդողանի ընտրվելու դեպքում, Տիգրան Ալթունն ասաց․ «Ժողովուրդն ինչ ուզում էր լսել՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի դեմ, էրդողանն այդ բառերն օգտագործում էր։ Բայց Թուրքիան կախված է Եվրոպայից և ԱՄՆ-ից։ Թուրքիան այսօր 500 միլիարդ դոլարի պարտք ունի։ Այս պարտքերն արևմուտքինն են, նրանց ձեռքին է ամեն ինչ։ Այսինքն՝ ինչպե՞ս պիտի ԱՄՆ-ից և Եվրոպայից բաժանվի, եթե մարդիկ իրենց պարտքերը պիտի ուզեն։ ՆԱՏՕ-ին կապված բանակ է։ Միանգամից փոխվել դեպի արևելք անկարելի է։ Այնպես որ` հավանաբար Էրդողանն էլ նույն կերպ պիտի շարունակի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ