Տավուշի մարզի Դիտավան բնակավայրում այսօր տոնական տրամադրություն էր տիրում: Գյուղի դպրոցի տարածքում հանդիսավորությամբ բացվեց նորակառույց մարզահրապարակը, որի նախաձեռնությունը արգենտինահայ բարերար Նատիա Էքսերճիէանինն էր: Վերջինս Դիտավանում կատարել է բազմաթիվ ներդրումներ և բարեգործություններ, կառուցել դպրոց, համայնքային կենտրոն, ջրագծեր, ջերմոցներ և այլն:
Մարզահրապարակը նախատեսված է թե երեխաների, թե մեծահասակների համար:
Դիտավան բնակավայրի վարչական ղեկավար Հակոբ Սարիբեկյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Նատիա Էքսերճիէանի աջակցությամբ գյուղում կարևորագույն բազմաթիվ խնդիրներ են լուծվել: «Մենք անչափ շնորհակալ ենք տիկին Էքսերճիէանին մշտապես մեր կողքին լինելու և այս հրաշալի նախաձեռնությունների համար: Մարզահրապարակի կարիքը գյուղն ուներ և այն արդեն իրականություն է: Հատկապես գյուղի երեխաների համար սա մեծ իրադարձություն է»,-հավելեց Սարիբեկյանը:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ