Լրահոս
Օրվա լրահոսը

Զուգարաններ չլինելու պատճառով` զբոսաշրջային Գյումրու վարկանիշն ընկնում է․ քաղաքապետարանն այս թեմայով նորություն ունի

Մայիս 15,2023 16:56

Գյումրիում զբոսաշրջության մեկնարկն արդեն տրված է․ հատկապես շաբաթ-կիրակի օրերին պատմական հատվածը մարդաշատ է․ այս քաղաք են շտապում ինչպես տարբեր մարզերից (հատկապես դպրոցահասակներ), այնպես էլ մեծ թվով օտարերկրյա զբոսաշրջիկներ։ Նկատելի է, որ նրանց մեջ գերակշռում են ռուսները։

Ամեն զբոսաշրջային սեզոնի հրատապ է դառնում հասարակական զուգարանների հարցը։ Այն անհապաղ լուծման կարիք ունի։

Զբոսաշրջային ընկերությունների ղեկավարները բազմիցս են մեր զրույցներում բարձրաձայնել, որ խայտառակվում են զբոսաշրջիկների առաջ, ստիպված թակում են թանգարանների, ռեստորանների, սրճարանների, վարսավիրանոցների դռները, որպեսզի թույլատրեն օգտվել իրենց զուգարաններից։ Ըստ զբոսավարների, մարդ կա՝ թույլատրում է, մարդ կա՝ կտրականապես մերժում, քանի որ խմբերը մեծ են լինում․ այսպիսով ընկնում է քաղաքի վարկանիշը։

Գյումրիում սկսվում է զբոսաշրջային պիկը, մինչդեռ այս քաղաքը պատրաստ չէ դրան։

Զբոսաշրջային ընկերության ղեկավարներից ոմանք նաև նշում են, որ Գյումրիում հասարակական զուգարաններ կառուցելը շահութաբեր չէ, քանի որ քաղաքը ողջ տարին զբոսաշրջային չէ, օրինակ՝ ձմռանն անհնար է դրանք շահագործել, հետևաբար և այս հարցում պիտի օգնի պետությունը կամ ՏԻՄ-ը։

Գյումրու ավագանու վերջին նիստից հայտնի դարձավ, որ Գյումրու քաղաքապետարանն ունի նման մտադրություն։

Զեկուցվող հարցերի մեջ էր Գերմանիայի միջազգային համագործակցության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում հայտարարած դրամաշնորհային մրցույթին մասնակցելու ու համաֆինանասնավորում ապահովելու համար ավագանու համաձայնությունը ստանալու հարցը։

Այդ ծրագիրը իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ։ Նախատեսվում է հատկացնել 16 միլիոն դրամի դրամաշնորհ՝ իհարկե, համայնքների հետ համաֆինանսավորմամբ։

Համայնքների մասնակցությունը պետք է լինի 10 տոկոս։ Ավագանու նիստի ժամանակ պարզաբանվեց՝ դրամաշնորհը ստանալու դեպքում Գյումրիում կամ ինֆորմացիոն կետեր կստեղծվեն կամ հասարակական զուգարաններ կկկառուցվեն, որպեսզի Գյումրի, ըստ քաղաքային իշխանության, հարմարավետ դառնա զբոսաշրջիկների համար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031