«Առավոտի» զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։
– Պարոն Խզմալյան, Բրյուսելում մայիսի 14-ին տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների շրջանակներում դուք պարբերաբար հանդիպում եք Նիկոլ Փաշինյանի հետ եւ տեղյակ եք բանակցային գործընթացին, ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում։
– Ինչ-որ տեղ մենք վերադառնում ենք 1991 թվականի ոչ թե սահմաններին, այլ քաղաքական իրավիճակին, բայց նոր ենթատեքստով։ Այն, որ Հայաստանը չունի եւ չուներ տարածքային պահանջներ Ադրբեջանից, դա առանց աղմուկի ընդունվում էր հասարակության կողմից, նաեւ Արցախյան շարժման կիզակետին։ Մենք միշտ խոսում ենք ոչ թե տարածքների մասին, այլ ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։ Հենց այդ սկզբունքներով էր ինքնորոշվում Արցախը, հակառակ դեպքում ինչի՞ համար էր հանրաքվեն։ Նրա համար էր, որ մենք չընկնենք տարածքային նկրտումների մեղադրանքների վրա։ Փաստն այն է, որ ՄԱԿ-ի հայտնի բանաձեւերը չէին մատնանշում Հայաստանի Հանրապետությունը՝ որպես նախահարձակ եւ զավթիչ։ Այնտեղ միշտ խոսքը գնում էր Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնապաշտպանության ուժերի մասին։ Եվ հիմա դրա վրա պետք է հիմնել մեր օրինական պահանջը։
Մենք հիմա գտնվում ենք քաղաքակրթական փոփոխության գործընթացի մեջ։ Եթե փորձենք պարզ ներկայացնել իրավիճակը՝ մենք ուժի օրենքից պետք է տեղափոխվենք օրենքի ուժի տրամաբանության մեջ։ Մեզ համար դա դժվար է, որովհետեւ մեր հասարակությունը հարյուրամյակներ շարունակ գտնվում էր հենց ուժի օրենքի տրամաբանության մեջ։ Այստեղ եւ մեր ավանդույթ դարձած թղթե շերեփի գաղափարն է, եւ խորապես արմատացած վախը մեր հասարակության մեջ, որ մենք թույլ ենք, մենակ ենք։ Եվ մեր թշնամիները հմտորեն խորացնում էին այդ վախերը, հիմա էլ են դա անում։
Կարդացեք նաև
Ռուսաստանի՝ այստեղ մնալու հիմնական պատճառն այն է, որ հասարակության զգալի մասը դարերով ռուսներին դիտում էր որպես անվտանգության երաշխիք։ Եվ հասկանալի է, որ հեշտ չէ երկու տարում փոխել 200 տարվա այդ սովորությունը, գրեթե բնազդ դարձած վախը, բայց դա անհրաժեշտ է։ Հատկապես 2020 թվականի պատերազմից հետո հասարակության զգալի մասը Ռուսաստանին դիտում է այլեւս ոչ թե անվտանգության երաշխիք, այլ որպես վտանգի աղբյուր կամ սպառնալիք։
Այս ամենը բարդանում է նրանով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի այս հակամարտությունը գտնվում է շատ ավելի լայն ենթատեքստում՝ Արեւմուտք-Արեւելք հակամարտության մեջ։ Հայաստանի կառավարությունը թերանում է ներկայացնել մեզ որպես քաղաքակիրթ աշխարհի՝ Արեւմուտքի ժողովրդավարության կրող։ Եվ դրանից օգտվում է Ադրբեջանը։ Դրա վառ ապացույցն է վերջին օրերի այն խայտառակ զարգացումը, երբ Փաշինյանը մեկնեց Մոսկվա եւ Կարմիր հրապարակում կողք կողքի կանգնեց բռնապետների հետ։ Հայաստանի դիվանագիտությունն անընդհատ պարտվում է այդ խաղում։
– Շառլ Միշելի հայտարարությունը, թե Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են Հայաստանի 29.8 հազար քառ. կմ և Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքները, արդյոք չի նշանակո՞ւմ, որ Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը եւս հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
– Բանն այն է, որ եթե Արցախը Հայաստանի կազմում չէ, դա չի նշանակում, որ Արցախը Ադրբեջանի կազմում է։ 1991 թվականին Արցախն ուներ կարգավիճակ եւ միջազգային բանակցություններում Արեւմուտքի կողմից դիտվում էր եւ շարունակվում է դիտվել որպես խնդրահարույց, վիճելի տարածք։ Եվ այն, որ Արցախի հայերը պետք է ունենան հատուկ կարգավիճակ, ակնհայտ էր։ Պարզության համար վերջերս դա անվանում են Կոսովոյի նախադեպ։ Այդ մասին տարիներ շարունակ խոսվում է, եւ ցանկացած մեկը կարող է համոզվել, որ Կոսովոն չի հանդիսանում Սերբիայի սեփականություն։ Այնտեղ միջազգային խաղաղապահ ուժերի եւ միջազգային երաշխիքների շնորհիվ բնակչությունն ունի ոչ միայն ինքնավարություն, այլ փաստորեն դա պետականության ինչ-որ ձեւ է։ Մենք կարող ենք եւ պետք է հասնենք այդ նույն կարգավիճակին այս պատմական փուլում։ Մենք պետք է անընդհատ հիշենք մեկ բան՝ Հայաստանը եւ արցախահայությունը դիտվում են որպես ժողովրդավարական հասարակություն, Ադրբեջանը դիտվում է եւ ինքն իրեն դրել է որպես բռնապետական դաշինքի մաս։
Ես կարծում եմ, որ նման հայտարարություններ անելիս, Հայաստանի կառավարությունը պարտավոր է հավելել, որ Ադրբեջանի այդ 86.6 հազար քառ. կմ տարածքում գտնվում է հայաբնակ պատմական տարածք, որի հայկական մնալը Հայաստանը պարտավոր է երաշխավորել կամ դրա համար ստեղծել միջազգային երաշխիքներ։ Դա չի նշանակում, որ մենք չենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դա նշանակում է, որ մենք հայկական Արցախի պահպանությունը փոխանցում ենք միջազգային հանրության պատասխանատվությանը։ Հայաստանը 30 տարիների ընթացքում, հաղթանակ տանելով, չկարողացավ ապահովել Արցախի բնակեցումը հայերով։ Այնտեղ առնվազն պետք է ապրեր կես միլիոն մարդ, բայց փոխարենն ազատագրված տարածքները բաժանված էին պաշտոնյաների եւ գեներալների միջեւ։
-Դուք տեսնո՞ւմ եք այդ հնարավորությունը, որ միջազգային մեխանիզմների ներքո հնարավոր է Արցախը հայկական պահել։
-Ես տեսնում եմ դրա անհրաժեշտությունը եւ կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունն ու քաղաքական կուսակցությունները միջազգային ու ներքին բանակցություններում պետք է պաշտպանեն հենց այդ թեզը։ Արցախն այս փուլում պետք է մնա հայկական, իսկ հաջորդ պատմական փուլում, երբ ադրբեջանական բռնապետությունը կտապալվի, մենք ունենալու ենք հնարավորություն՝ վերանայելու նաեւ այս կարգավիճակը։ Մենք դրան պետք է պատրաստվենք։ Այս առումով Փաշինյանի հայտարարությունը կարելի է դիտարկել որպես մարտավարական քայլ, բայց ես պատասխանատվություն չեմ կրում իր հայտարարությունների համար, ես պատասխանատու եմ միայն մեր քաղաքական ուժի դիրքորոշման համար։ Մենք միմիայն մեկ պայմանով ենք ընդունում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, միայն Արցախի հատուկ կարգավիճակի դեպքում, եթե այն պաշտպանվելու է միջազգային երաշխիքներով, ինչպես Կոսովոն։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ