Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ անում ենք, որ հիփոթեքային շուկան «չպայթի». ԿԲ փոխնախագահ

Մայիս 15,2023 16:31

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց Հայաստանի հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:

ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը ներկայացնելով հարցը՝ ասաց, որ 2022-ին ԿԲ-ի գերխնդիրը եղել է գնաճի զսպումը, ինչի վրա արտաքին միջավայրը մեծ ազդեցություն է ունենում: Աշխարհում թեեւ այժմ գնաճը նվազման միտում ունի, բայց բարձր մակարդակը դեռ պահպանվում է եւ վաղ է ասել, որ այդ խնդիրը հաղթահարվել է: ՀՀ-ի համար 2022-ի տնտեսական տարին, ըստ ԿԲ փոխնախագահի, եղել է արտահանման եւ արտաքին առեւտրի պահանջարկի աճի տարի: ԿԲ-ն խստացրել է իր դրամավարկային քաղաքականությունը՝ տոկոսադրույքի որոշումներով, բայց շատ խստացումներ չի արել, քանի որ փոխարժեքով է պայմանավորված եղել արտահանումը եւ արտաքին առեւտուրն ու գնաճը:

2023-ի համար, ԿԲ փոխնախագահի գնահատմամբ, բավական լավ դիրքերում ենք, քանի որ ունենք բավական բարձր տնտեսական աճ եւ ցածր գնաճ՝ 3,2 տոկոս: Բարձր մակարդակում են մնում ծառայությունների ոլորտի գնաճը, որը արտաքին ազդեցություններից զերծ է: Ծառայությունների ոլորտում շարժերը, ըստ նրա, ցույց են տալիս մեր տնտեսության գերտաքացվածության աստիճանը: Հիպոթեքային շուկայում, օրինակ, գերտաքացվածությունն առկա է եւ ԿԲ-ն ուսումնասիրում է՝ հասկանալու համար, թե պահանջարկի հետ ինչպե՞ս պետք է վարվել: Գնաճի առումով, ըստ նրա, շատ կարեւոր են լինելու մայիս-հունիս ամիսները, եթե այդ շրջանում հնարավոր եղավ զսպել գնաճը, ապա տարին լավ ցուցանիշով կփակենք:

«2-3 հարյուր հազար դոլար ունեցող մարդը 2-3 միլիոնանոց շենքում ներդրում է անում. սա շատ վտանգավոր բան է եւ մենք իրավունք չունենք գայթակղվել դրանով»,- հիփոթեքային շուկայի մասին ասաց հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը՝ նկատելով, որ նախադեպերն ունեցել ենք, որից ամենացցունը 1990-ականներին էր, երբ տնտեսական ցնցումների արդյունքում 15-16-17 թաղամասերում, միանգամից 500 շենքի շինարարություն կանգնեց եւ հազարավոր մարդիկ գումարներ կորցրեցին:

Հիփոթեքային շուկային ԿԲ փոխնախագահի անդրադարձի մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031