Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայան․ «Մեզ որեւէ պայքար պետք չէ։ Մենք պետք է ապրենք, արարենք, լինենք պաշտպանված։ Սա է մեր ապագան»

Մայիս 15,2023 15:56

«Ժողովո՛ւրդ, մեզ որեւիցե պայքար պետք չէ։ Մենք պետք է ապրենք, արարենք, ստեղծենք եւ լինենք պաշտպանված։ Սա է մեր ապագան եւ մենք պետք է գնանք այս ճանապարհով»,-այսօր Արցախում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը։

«Մենք պարտավոր ենք մեր երկիրը տեսնել ազատ անկախ, ինչպես հռչակել ենք»,-իր ելույթն այսպես սկսեց Բաբայանը։

Նրա խոսքով՝ մի խումբ մարդիկ լավ չեն գիտակցում են, մտածում են, որ հավաքներ ենք անում եւ դա իշխանության համար մրցակցություն է․ «Անկեղծ լինեմ՝ որևէ մրցակցություն չկա։ Ունենք լուրջ խնդիր, որ մենք կարող ենք դառնալ փախստական՝ եթե շարունակենք այսպես՝ հանրությունը կողքի դիտողի դերում մնա, որովհետեւ կարող է պաշտոն կորցնի, գործից կազատեն՝ հաշվի չառնելով գլխավոր խնդիրը։ Երեկ Բրյուսելում հայտարարում են, որ Ադրբեջանը 86,600 քմ տարածք ունի, որի մեջ է նաեւ Ղարաբաղը, Հայաստանը ճանաչում է այդ Ադրբեջանը։ Դա իր իրավունքն է։ Դրա մասին ես երկու տարի է՝ խոսում եմ, ներկայացնում եմ՝ ինչ խնդիրներ կան ու ոնց պիտի լուծենք։ Բոլորն այստեղ նստած ասում եք՝ դե գիտեք, էն մեկն եկել է՝ Նիկոլի մարդն է, էն մյուսն եկել է, չգիտեմ՝ ում փրկի, ինչ անի, ինչ է կատարվում։ Իշխանությունն ընդհանրապես որեւէ արձագանք չունի այդ խնդիրներին, այսօր էլ ոչինչ չի ասում, թե ինչ է կատարվում, փորձում ենք բոլորս փրկիչ ձեւանալ։ Կամ էլ ձեւակերպել են՝ պայքարել մինչեւ վերջ։ Ինչի՞ համար, ի՞նչ նպատակ ենք հետապնդում, այդ պայքարը դեպի ո՞ւր է տանում մեզ, ոչ ոք չի ասում։ Ժողովո՛ւրդ, մեզ որեւիցե պայքար պետք չէ, մենք պետք է ապրենք, արարենք , ստեղծենք, եւ լինենք պաշտպանված , սա է մեր ապագան եւ մենք պետք է գնանք այս ճանապարհով»։

Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելում Միշել-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ, ասելով՝ առաջնորդները վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին և Հայաստանի (29,800 քառակուսի կիլոմետր) եւ Ադրբեջանի (86,600 քառակուսի կիլոմետր) համապատասխան տարածքային ամբողջականությանը: Սահմանի վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով։

Բաբայանը ներկայացրեց հինգ կետ, որոնք պետք է Արցախում անհապաղ կյանքի կոչվեն։

1-ինը՝ պաշտպանություն։ Բաբայանի խոսքով․ «Առանց պաշտպանության մենք ոչինչ չենք կարողանալու անել, մենք պետք է հստակ ունենանք մեր պաշտպանությունը, ոչ թե խմբերով, ջոկատներով, այլ՝ պրոֆեսիոնալ բանակով»։

2-րդը՝ ժողովրդագրական խնդիր։ Բաբայանի ներկայացմամբ՝ Արցախում պետք է խթանել ծնելիությունը, վերականգնել դեմոգրաֆիան։

3-րդ՝ կենսաթոշակառուների խնդիր։ «Պետք է լուծել թոշակառուների խնդիրը, որ սոցիալական այս վիճակից դուրս բերենք, երկիրը պետք է լինի զարգացող, ապագա ունենա, տնտեսությունը պետք է գործի։ Հակառակ դեպքում մենք չենք կարողանալու այստեղ ապրել։ Սա լուրջ խնդիր է։ Եթե մենք չենք ցանկանում լուծել խնդիրը, եւ չենք կարողանում այդ պատասխանատվության տակ մտնել, ուրեմն մենք կորցնելու ենք Արցախը։ Խնդրում եմ՝ անձրեւ, ամպեր, թե ինչ կլինի, մենք այսօր պարտավոր ենք կանգնել այստեղ եւ մեր խնդիրները առաջադրենք ու լուծումը ստանանք։ Եթե մենք հավաքվել ենք հավաքվելու համար, հետո թողնենք գնանք, ոչ մի բանի չենք հասնելու»,-ասաց Բաբայանը։ Նա ասաց, որ ավելի վաղ էլ տեսլականը ներկայացրել է, եւ քանի որ հակառակորդը հետեւում է իրադարձություններին, պետք չէ այլ խնդիրների լուծման՝ ռազմական եւ այլն, բարձրաձայնել։

«Այն բոլոր հարցերը՝ հինգ կետից բաղկացած, որոնք ներկայացրել եմ, 100 օրում պետք է կատարենք՝ եթե մեզ տան այդ հնարավորությունը եւ պահանջենք ու ստանանք այդ հնարավորությունը»,-ասաց Բաբայանը։

Նրա խոսքով՝ ոմանք ասում են՝ այո, թող գան անեն, բայց ուժային բլոկը չպետք է տանք․ «Եթե ուժայինը չկա, պաշտպանությունը չկա, եթե մեր ներքին խնդիրները չենք կարողանում կարգավորել, ապա հարց է ծագում՝ ես ի՞նչ է, գալիս եմ պաշտո՞ն ստանալու։ Ինձ պաշտոնը չի հետաքրքրում, ես գալիս եմ ձեզ ծառայելու։ Հնարավորությունը կստեղծվի՝ կծառայենք ձեզ եւ երկիրը կտանենք ճիշտ ճանապարհով եւ ապագա կունենանք Արցախում, կլինի հայեցի եւ անկախ, եւ մեր ապագան մեր ձեռքում կլինի, ոչ թե՝ թշնամու»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031