Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի բոստանը չէ, նա իրավունք չունի այն նվիրել սրան կամ նրան». Արթուր Խաչատրյանը՝ բրյուսելյան բանակցությունների մասին

Մայիս 15,2023 15:14

«Եթե նկատել եք՝ վերջերս Փաշինյանը խոսում էր ոչ թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության, այլ Ադրբեջանի լիակատար տարածքային ամբողջականության ճանաչման մասին: Ինչը, որ Փաշինյանն ակնարկներով էր ասում, երեկ Շառլ Միշելը բացահայտ ասաց»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ առավել պարզ ասած՝ «Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի նկատմամբ»:

Հիշեցնենք, երեկ Բրյուսելում կայացել է Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, որից հետո ԵԽ նախագահը հայտարարեց՝ համաձայնություն է ձեռք բերվել՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին: ԵԽ նախագահի փոխանցմամբ՝ Ադրբեջանը համաձայնել է ՀՀ-ն ճանաչել 29.800 քառակուսի կիլոմետր տարածքով:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է պատրաստվում անել ընդդիմությունը:

Արթուր Խաչատրյանը նախ հստակեցնում է՝ Նիկոլ Փաշինյանը չունի այդ իրավունքը: Նա, որպես փաստարկ բերեց 1992 թվականի ԳԽ որոշումը, որով արգելվում է ՀՀ իշխանության ներկայացուցիչներին ստորագրել որևէ մի փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս:

«Արցախի հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի բոստանը չէ, նա իրավունք չունի այն նվիրել սրան կամ նրան, մանավանդ, որ ոչ ինքը, ոչ իր քաղաքական ուժը որևէ ներդրում չեն ունեցել Արցախի հանրապետության կայացման մեջ: Արցախի ժողովուրդն աներկբա պնդել է, որ իրենք են իրենց ճակատագրի տերը և իրենք են այն որոշելու»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ իր համար էլ է շատ զարմանալի առ այս պահը Արցախի իշխանությունների լռությունը: Միաժամանակ, նա հիշեցնում է, որ Արցախի իշխանությունները մի քանի անգամ հայտարարել են, որ Փաշինյանի վարած քաղաքականությունն իրենց համար ընդունելի չէ, իսկ Փաշինյանը հստակեցրել է, թե իրեն սխալ են հասկացել: Ինչեւէ, ընդդիմադիր պատգամավորի անգլերեն լեզվի իմացության մակարդակը բավարարել է ԵԽ նախագահի հայտարարությունները ճիշտ հասկանալու համար:

Նա կեղծ պնդում է համարում այն, որ ընդդիմությունը կառուցողական դաշտ է վերադարձել՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանին քննադատական հարցեր ուղղելը կառուցողական դաշտ չէ: Իսկ թե ի՞նչ քայլերի է նախապատրաստվում ընդդիմությունը, Արթուր Խաչատրյանը չանդրադարձավ:

Բանախոսը նաեւ հստակեցրեց՝ նախկինում ՀՀ իշխանությունները եթե ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա միայն վերապահումներով՝ դրա շրջանակում չտեսնելով Արցախը՝ վկայակոչելով Բելովեժյան համաձայնությունները, ըստ որոնց՝ ԽՍՀՄ օրենքներով անկախացած բոլոր միավորները կարող են անդամակցել ԱՊՀ-ին: Նաեւ դրա ապացույցներն են 1996-ի Լիսաբոնի գագաթաժողովի վետտոն, Քի-Ուեսթի գագաթաժողովը, Մադրիդյան սկզբունքները, Նիկոլ Փաշինյանի ժառանգած Կրակովյան ծրագիրը, որ Արցախի որեւէ իշխանություն՝ առանց ԼՂՀ-ի անկախության, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031