ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը դատապարտվեց 8 տարի ազատազրկման, ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: «Ըստ էության, քաղաքական հետապնդումը շարունակվում է: Դատարանը հպատակվեց քաղաքական իշխանության կամքին: Դատավճիռը բողոքարկվելու է վերաքննիչ դատարան, իսկ ապօրինի կալանքի որոշման դեմ գանգատ է ներկայացվել եվրոպական դատարան»,- նշել է նա:
Հիշեցնենք՝ ըստ առաջադրված մեղադրանքի՝ 2019 թ. մարտի 21-ից զբաղեցնելով ՀՀ քաղ.շին կոմիտեի նախագահի պաշտոնը, Վահագն Վերմիշյանը 2019թ. սեպտեմբերից մինչև 2020թ. փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջները, որն է՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ հափշտակել ուրիշի՝ խոշոր չափերի հասնող գույքը։