Ադրբեջանի ԱԳՆ-ում «օգտակար» են որակում մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև:
«ԵՄ խորհրդի նախագահի կողմից մայիսի 14-ին այս ձեւաչափով կազմակերպված թվով 5-րդ հանդիպումն Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև համարում ենք օգտակար և արդյունքի միտված, եթե նայում ենք երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման օրակարգի առաջմղման տեսանկյունից»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
Դրանում մեջ նշվում է, որ «բրյուսելյան ձևաչափով» հերթական հանդիպման կազմակերպումը, «որը կասեցվել էր 9 ամիս առաջ միջամտության և պայմաններ թելադրելու տարբեր փորձերի պատճառով», կարևոր նշանակություն ունի երկու կողմերի միջև ամենաբարձր մակարդակով երկխոսություն խրախուսելու տեսանկյունից:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հանդիպման ընթացքում մանրամասն մտքեր են փոխանակվել երկկողմ խաղաղության պայմանագրի համաձայնեցման, սահմանազատման և հաղորդակցությունների վերականգնման ուղղություններով կոնկրետ արդյունքների հասնելու նպատակով:
Կարդացեք նաև
«Կողմերին տեղեկացվել է Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ապահովելու հարցում: Մասնավորապես, առանձնահատուկ նշանակություն ունի պետությունների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վերահաստատումը, այդ համատեքստում Հայաստանի կողմից Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված ամբողջականության ընդունումը»,- ասվում է հայտարարության տեքստում:
Հանդիպումը, ըստ ադրբեջանական կողմի, հնարավորություն է ստեղծել նաև քննարկելու մարդասիրական բնույթի հարցեր, որոնք կարևոր են հետպատերազմյան կարգավորման համար: «Այդ համատեքստում ևս մեկ անգամ ընդգծվել է մասնավորապես անհետ կորածների ճակատագրերը պարզելու կարևորությունը և ականազերծման գործում միջոցների ձեռնարկման ջանքերի արագացումը»,- ասվում է հայտարարության մեջ: Լեռնային Ղարաբաղի, գերիների ազատ արձակման մասին որևէ հիշատակում չկա
Ադրբեջանի ԱԳՆ-ից նշել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների ճանաչման վրա, տարածաշրջանում ամուր խաղաղություն և կայունություն ապահովելու միակ ճանապարհն է:
«Մենք ողջունում ենք ջանքերն այդ ուղղությամբ, որոնք նպաստում են հարաբերությունների կարգավորման գործում առաջընթաց գրանցելուն, վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու այդ նպատակով միջազգային գործընկերների հետ գործակցությունը»,- ասել են Ադրբեջանի ԱԳՆ-ից:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ