Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը քննարկվել է նաև Արցախի հայերի իրավունքների և անվտանգության հարցը:
Այս մասին այսօր, Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ անվտանգային երաշխիքներ կան, որ Ադրբեջանը կապահովի Արցախի 120 000 հազար հայերի անվտանգությունը ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելում Նիկոլ Փաշինյան-Շառլ Միշել-Իլհամ Ալիև եռակողմ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ Շառլ Միշելը, համարելով, որ բանակցություններում կողմերն առաջընթաց ունեն, հայտարարել է․ «Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և հարգել Հայաստանի 29.8 հազար քառ. կմ և Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքները»։
ԵՄ դեսպանը նշեց, որ ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հարցը քննարկվել է:
Կարդացեք նաև
«Նախկինում մի քանի անգամ ընդգծվել է, որ դա Ստեփանակերտի և պաշտոնական Բաքվի միջև ուղիղ քննարկման առարկա է: Ոչ միայն այս հանդիպման ընթացքում, այլ նաև նախագահ Միշելի մամուլի հաղորդագրության մեջ նշվել է, որ ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն»,-ասաց դեսպանը՝ հավելելով, որ առաջիկայում ենթադրվում են լրացուցիչ քայլեր:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ