Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերիների հարցն, այսպես թե այնպես, լուծվում է բոլոր եղանակներով, նույնիսկ անտեսանելի». Անդրանիկ Քոչարյան

Մայիս 15,2023 14:25

«Գերիների հարցը շատ զգայուն է, գուցե անզգույշ ասացի, իմպերատիվ ասացի՝ այո, բայց այդ ընթացքն անխուսափելիորեն պետք է բերի նրան, որ օր առաջ գերիները պետք է վերադառնան իրենց ընտանիքների մոտ»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում  ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հիշեցնենք, երեկ Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիեւ-Միշել հանդիպումից հետո, ԵԽ նախագահը հայտարարեց, որ գերիների վերադարձի հարցը նույնպես քննարկվել է: «Ես նաև ընդգծել եմ փոխհասկացվածության պահպանման անհրաժեշտությունն առ այն, որ զինծառայողները, որոնք պարզապես մոլորվել և հակառակ կողմ են անցել, արագացված կարգով կշարունակեն ազատ արձակվել։ Մենք նաև քննարկել ենք անհետ կորածների ճակատագրերը պարզելու և ականազերծման աշխատանքներն ակտիվացնելու կարևորությունը»,- ասել է Միշելը։

«Եվ, վերջին հաշվով, ձեզ մի բան ասեմ՝ նախկին փորձից ելնելով. գերիների հարցն, այսպես թե այնպես, լուծվում է բոլոր եղանակներով, նույնիսկ անտեսանելի: Պետությունն ունի նաեւ այլ գործիքներ, որպեսզի այդ հարցը մինչեւ վերջ լուծվի, որպեսզի գերիներ չլինեն: Նախկին պատերազմից էլ մնացել են չհայտնաբերված, անհետ կորածներ՝ եւ Ադրբեջանի կողմից, եւ Հայաստանի կողմից. Հոկտեմբերյանի տղաները կան, իրենց կողմից էլ, կարծեմ, երկու գունդ… Դրանք հարցեր են, որ ժամանակի ընթացքում կամ լուծվում են, կամ՝ մնում են անհայտ կորածներ, գերիները, փառք Աստծո, գիտենք իրենց գոյության մասին, իսկ դա նշանակում է, որ իրենք այս պահին ինչ-որ չափով, այնուամենայնիվ, պաշտպանված են: Մնում է՝ օր առաջ, նրանց այդ անմարդկային պայմաններում գտնվելը լուծում ստանա՝ նաեւ մեր պետության աջակցությամբ, նաեւ միջազգային կառույցների աջակցությամբ»,- ասաց նա:

ՔՊ-ական պատգամավորը խոսում է գերիների՝ հաստատված թվի մասին, իսկ դա 33-ն է. թեեւ պաշտոնական Երեւանն ավելի մեծ թիվ է ասում, Բաքուն հաստատել է 33 գերու մասին տեղեկություններ: ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչը խոսում է մոտ 110 գերու մասին:

Անկլավների մասին Անդրանիկ Քոչարյանը չի խոսում՝ դիրքորոշում չունի: Համենայնդեպս, հնչեցված հարցին պատասխանեց, որ այդ հարցը խոսակցությունների մակարդակում է, երկու կողմերն էլ բարձրացնում են եւ հայտարարեց, որ մեր երկրում գործող առանձին լրատվամիջոցներ այդ հարցն ավելի սուր են դնում ու քննարկման նյութ է դառնում: Նա հորդորեց այդ հարցերը չքննարկել, քանի որ շատ հեռու բանակցությունների առարկա են դրանք ու կրկին մեղադրեց լրատվամիջոցներին, որոնք աղբյուրներ ունեն եւ դրանց հղումներ անելով հրապարակումներ են անում:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031