«Ես տեղյակ եմ, թե ինչ իրավիճակ է այս պահին, մենք սերտ կապերի մեջ ենք Հայաստանի ԱԳՆ-ի հետ՝ փորձելով հասկանալ, թե այցեգրերի տրամադրման ընթացակարգերը որքանով կարելի է պարզեցնել և բարելավել: Ճշմարիտ կլինի ասել, թե բազմաթիվ եվրոպական դեսպանատներ խնդիրներ են ունեցել նաև քովիդից հետո նորմալ աշխատանքի վերադառնալու հարցում, այդ ընթացքում որևէ հայտ չի եղել և դեսպանատները փակ են եղել, բացի այդ՝ Գերմանիան էլ իր ընթացակարգերն է փոխել. Պետք է փորձենք այդ ուղղությամբ աշխատել»: Այս մասին այսօր, Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն–Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսում նշեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը՝ ի պատասխան լրագրողի այն հարցի, թե 10 տարի առաջ ՀՀ-ն և ԵՄ-ն պայմանագիր են ստորագրել վիզաների ազատականացման մասին, սակայն վերջին ամիսներին անհնարին է դարձել ԵՄ որևէ դեսպանատանը օր ամրագրելը:
«Այն, որ բազմաթիվ ճամփորդական ընկերություններ բոլոր ազատ ժամերը նախապես ամրագրում են՝ խնդիր է և հենց այդ պատճառով էլ առաջացել է այս իրավիճակը, բացի այդ, գերմանացիները ընթացակարգեր են փոխել, Լիտվան է ընթացակարգ փոխել: Շատ կարևոր է իմանալ, որ վիզայի համար փաստաթղթերը ներկայացնելու ժամ նշանակելու համար վճարում չկա: Ինչ վերաբերվում է վիզայի երկխոսությանը՝ մենք պատրաստ ենք, այս հարցը պետք է քննարկվի անդամ-երկրների հետ, մենք կարող ենք երկխոսություն սկսել, երբ ստանանք 27 անդամ-երկրից, բայց ես գիտեմ, որ ՀՀ ԱԳՆ-ն սերտորեն ներգրավված է այս գործընթացում և փոխգործակցում է այն երկրների հետ, որոնցում մտահոգիչ հարցեր կան: Հուսով եմ շուտով կվերսկսվի, ես անձամբ, ցանկանում եմ, որ այն վերսկսվի»,-հույս հայտնեց ԵՄ դեսպանը:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ