2023 թվականի մայիսի 8-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 42 հաղորդում, որից 30-ը հանցագործությունների մասին է, դրանցից 24-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
Հայտնաբերվել է մայիսի 11-ից որոնվող Ստեփանակերտ քաղաքի 63-ամյա բնակիչ Մուշեղ Շահբազյանը։ Վերջինս դուրս էր եկել տնից և անհետ կորել: Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի, ՔՀ և ՊՊ վարչությունների, ինչպես նաև ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողների համատեղ որոնողական աշխատանքների արդյունքում Մ. Շահբազյանը հայտնաբերվել է Հաթերք համայնքի տարածքում:
Բացահայտվել է հերթապահ մասում գրանցված կենցաղային հողի վրա ստեղծված վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք պատճառելու բոլոր 5 դեպքերը: Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել են անձնական ունեցվածքի գողության 4 դեպքից 2-ը, գույքի դիտավորությամբ ոչնչացման 2 դեպքից 1-ը և խարդախություն բնութագրմամբ 1 դեպք:
Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում` շաբաթվա ընթացքում բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության 2 դեպք։
Կարդացեք նաև
Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը միջոցներ է ձեռնարկում համակարգչային 2 հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:
Բնակչության հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ զենք-զինամթերք կամովին հանձնելու նպատակով, ոստիկանություն է դիմել 3 քաղաքացի:
Մայիսի 8-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը ստացել է 124 արձանագրություն: Յոթ օրվա ընթացքում գրանցվել է ՃՏ 9 պատահար, որից 6-ը նյութական, 3-ը՝ մարմնական վնասով: Պատահարներից 5 անձ դիմել է բուժհաստատություն։
Նշված ժամանակահատվածում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 22 վարորդ, 6-ը եղել է անսթափ վիճակում, 57 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն