Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արցախը մերն է, քանի մեր ժողովուրդն այնտեղ ապրում է։ Այ, երբ որ չապրի, այն էն ժամանակ դժվար է ասել, թե ո՞ւմն է Արցախը»․ Անդրանիկ Քոչարյան

Մայիս 15,2023 13:11

«Արցախում ապրում է մեր բնակչության մի զգալի մասը, ինչպես դուք եք սիրում ասել՝ 120 հազար հայորդիներ և ընտանիքներ ապրում են Արցախում։ Ի՞նչ է նշանակում՝ մե՞րն է: Մերն է, քանի մեր ժողովուրդն այնտեղ ապրում է։ Այ, երբ որ չապրի, այն էն ժամանակ դժվար է ասել, թե ո՞ւմն է Արցախը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ Արցախը մե՞րն է:

Պատասխանելով հարցին՝ ընդդիմությունը պնդում է, որ Հայաստանը՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ չի մեկնաբանի ընդդիմության հայտարարությունները, փոխարենը կցանկանար, որ ընդդիմադիրներն այսօր մասնակցեին հանձնաժողովի նիստին, որը շատ կարեւոր էր, թեեւ չէր վերաբերվում ՀՀ սահմաններին:

Լրագրողի հստակեցնող հարցին՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ Հայաստանը չի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, նա պատասխանեց, որ պետք է արձանագրենք՝ գնում են բանակցություններ եւ վերջում, երբ կհրապարակվի ամբողջ բանակցությունների տրամաբանությունը և քայլերի հաջորդականությունը, այդ ժամանակ պարզ կլինի, թե ինչն է արձանագրվել, ինչը՝ ոչ. «Այսօր պետք է արձանագրել, որ Ադրբեջանը պետք է ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը, ՀՀ-ն էլ՝ իրենց։ Բայց այնտեղ գտնվում է Լեռնային Ղարաբաղը, որն իր կյանքը կառուցել է՝ ելնելով իր հռչակած չափորոշիչներից»:

Հիշեցնենք, երեկ Բրյուսելում կայացել է Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, որից հետո ԵԽ նախագահը հայտարարեց՝ համաձայնություն է ձեռք բերվել՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին: ԵԽ նախագահի փոխանցմամբ՝ Ադրբեջանը համաձայնել է ՀՀ-ն ճանաչել 29.800 քառակուսի կիլոմետր տարածքով:

«Արցախը գտնվում է այնտեղ, որտեղ միշտ գտնվել է: Այսինքն՝ Արցախը տեղաշարժվե՞լ է, ոչ, գտնվում է այնտեղ, որտեղ միշտ գտնվել է»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ բոլոր բանակցություններում Հայաստանը միշտ էլ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հիմա էլ, բայց «Արցախն ունի իր սեփական տարածքը եւ կարգավիճակը»:

«Այսօր Արցախը երեւի աշխարհի ամենաանկախ պետությունն է, մոտակա եւս 3-4 տարին»,- ասաց նա:

Հարցին՝ ինքնորոշման հարցն օրակարգո՞ւմ է, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց հարցով՝ իսկ Արցախի ժողովուրդն այլ հարց դրե՞լ է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031