Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը Ադրբեջան չի եղել և չէ. փաստեր. Ստեփան Հասան-Ջալալյան

Մայիս 15,2023 12:38

ԲՐՅՈւՍԵԼՈւՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՄ ՍՏԻ, ԿԵՂԾԻՔԻ, ՄԱՀՎԱՆ, ԴԺԲԱԽՏՈւԹՅԱՆ, ՀԱՅՐԵՆԱԶՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՁԱԽՈՂՎԱԾ ՀԱՆԴԻՊՈւՄԸ

2023թ. մայիսի 14-ին Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը վերջինիս միջնորդությամբ:

Դատելով հանդիպման արդյունքներով Շառլ Միշելի հրապարակած հայտարարությունից՝ հայկական կողմի համար հանդիպումը կարելի է գնահատել ձախողված առնվազն հետևյալ պատճառներով՝

  • Հայտարարության մեջ որևէ խոսք չկա ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման հնարավորությունների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների՝ տարիների աշխատանքի արդյունքում կոնֆլիկտող կողմերի միջև համաձայնեցված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, այն է՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության, Արցախի կարգավիճակի, ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի աշխատանքները վերսկսելու մասին:
  • Հայտարարության մեջ արտացոլված չեն 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինված կազմավորման ստորաբաժանումների՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի որոշակի հատվածներ օկուպացնելու, այդ հատվածներից դրանց անհապաղ, առանց որևէ նախապայմանի դուրս բերելու մասին արձանագրումներ:
  • Հայտարարության մեջ խոսք չկա այն մասին, որ օկուպանտ Ադրբեջանն իր ապօրինի պահանջներն առաջ մղելու համար Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ պարբերաբար դիմում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման, ինչը ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքներից մեկի՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին սկզբունքի կոպտագույն խախտում է:
  • Հայտարարության մեջ որևէ արձանագրում չկա Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժն օկուպանտ Ադրբեջանի երաշխավորելու մասին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի պարտադիր կատարման ենթակա որոշումը օկուպանտ Ադրբեջանի կողմից չկատարելու, այն անհապաղ, առանց որևէ նախապայմանի կատարելու մասին:
  • Հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա օկուպանտ Ադրբեջանի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը կոպտորեն խախտելու, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջպետական սահմանին 2023թ. ապրիլի 23-ին ապօրինի հսկիչ-անցագրային կետ տեղադրելու, այն անհապաղ, առանց որևէ նախապայմանի ապամոնտաժելու վերաբերյալ:

Հաշվի առնելով հայկական զույգ հանրապետությունների համար վերոնշյալ խիստ կարևոր հարցերի վերաբերյալ արձանագրումների բացակայությունը Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարության մեջ, ինչպես նաև 2023թ. մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հրապարակած հայտարարությունը՝ կարող ենք մեծ հավանականությամբ պնդել, որ Նիկոլ Փաշինյանը կարևորություն չի տվել նշված հարցերին և չի դարձրել դրանք քննարկման առարկա:

Շառլ Միշելն իր հայտարարության մեջ ներկայացրել է քննարկված հարցերի վերաբերյալ մանրամասներ, որոնք դեմ են հայկական զույգ պետությունների ազգային, պետական շահերին: Դրանցից առաջինը հետևյալն է.

  • «Ղեկավարները հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800կմ2) ու Ադրբեջանի (86,600կմ2) համապատասխան տարածքային ամբողջականությանը:»:

ԱլմաԱթայի հռչակագրով Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս:

Արցախը Ադրբեջան չի եղել և չէ. փաստեր

Փաստ N 1

86,600կմ2 մակերեսով տարածք ունեցել է Խորհրդային Ադրբեջանը, այլ ոչ թե՝ 1991թ. անկախություն հռչակած Ադրբեջանի Հանրապետությունը:

1991թ. դեկտեմբերի 21-ին Խորհրդային Միության 15 միութենական հանրապետություններից 11-ի ղեկավարների կողմից Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում ստորագրված հռչակագրում, մասնավորապես, առկա է այսպիսի ձևակերպում. «ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը,»:

Ի՞նչ է նշանակում «գոյություն ունեցող սահմաններ» ձևակերպումը: Սա նշանակում է հռչակագրի ստորագրման պահին, այսինքն՝ 1991թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ, գոյություն ունեցող սահմաններ: Իսկ որո՞նք էին Ադրբեջանի սահմանները 1991թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ: Ադրբեջանի սահմանները 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության սահմաններն էին: Ինչո՞ւ, որովհետև ներկայիս Ադրբեջանը հանդիսանում է 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գույություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը:

Բանն այն է, որ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1991թ. օգոստոսի 30-ին ընդունել է «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիրը, իսկ նույն թվականի հոկտեմբերի 18-ին ընդունել է նաև «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտը: Թե՛ հռչակագրով, և թե՛ սահմանադրական ակտով Ադրբեջանը հայտարարել է, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը հրաժարվում է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հայտարարում է 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը:

Իսկ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը ունեցե՞լ է արդյոք հռչակված և միջազգայնորեն ճանաչված սահմաններ: Ոչ, չի ունեցել: Բանն այն է, որ 1920թ. նոյեմբերի 1-ին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը պաշտոնապես դիմել է, որպեսզի անդամակցի Ազգերի լիգային՝ ՄԱԿ-ի իրավանախորդին: Սակայն Ազգերի լիգայի 4-րդ և 5-րդ կոմիտեները 1920թ. դեկտեմբերի 1-ին հրապարակել են իրենց բացասական եզրակացությունները Ազգերի լիգային անդամակցելու Ադրբեջանի դիմումի վերաբերյալ, մասնավորապես 5-րդ կոմիտեն իր եզրակացության մեջ արձանագրել է հետևյալը. «…դժվար էր պարզել այն տարածքի ճշգրիտ սահմանները, որտեղ Ադրբեջանի կառավարությունն իրականացրել է իր իշխանությունը: Հարևան երկրների հետ ունեցած սահմանային վեճերը թույլ չտվեցին ճշգրիտ որոշելու Ադրբեջանի սահմանները: Կոմիտեն որոշեց, որ Պայմանագրի պայմանները թույլ չեն տալիս Ադրբեջանին անդամակցելու Լիգային ներկա հանգամանքներում»:

Ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն անունով մի պետության իրավահաջորդ, որի կազմում երբևէ, որևէ կարգավիճակով չի գտնվել Արցախը և որը վերացել է աշխարհի քաղաքական քարտեզից՝ չունենալով հռչակված և միջազգայնորեն ճանաչված սահմաններ:

Փաստ N 2

Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին, այսինքն՝ 1991թ. դեկտեմբերի 21-ին, Արցախի Հանրապետությունը եղել է դե ֆակտո ավելի քան 3 ամսվա, իսկ դե յուրե 11 օրվա անկախ պետություն: Քանի որ 1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախը բարձրացրել է իր պետական-իրավական կարգավիճակը՝ ինքնավար մարզից դառնալով հանրապետություն, իսկ նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով Արցախի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը:

Թե՛ տեսանելի և թե՛ հեռավոր ապագայում ադրբեջանա-արցախյան հակամարտությունը հնարավոր չի լինելու լուծել, քանի դեռ տեղի չեն ունենում ուղիղ բանակցություններ Արցախի և օկուպանտ Ադրբեջանի միջև՝ հիմնված հակամարտության կարգավորմանն առնչվող բացառապես իրավական փաստերի ու փաստաթղթերի վրա։

Հայկական զույգ պետությունների ազգային, պետական շահերի սպասարկման տեսանկյունից Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարության մյուս խիստ վտանգավոր և մերժելի հատվածը հետևյալն է.

  • «Մենք շարունակեցինք մեր մտքերի փոխանակումները նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ։ Ես կոչ արեցի Ադրբեջանին ներգրավվել դրական օրակարգի մշակման մեջ՝ նպատակ ունենալով երաշխավորել այս բնակչության իրավունքները և անվտանգությունը՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ։ Ես բարձրաձայնեցի նաև Բաքվի և այս բնակչության միջև թափանցիկ և կառուցողական երկխոսության անհրաժեշտության մասին։»:

Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման հնարավորությունների վերաբերյալ հարցի փոխարեն արցախահայության իրավունքների և անվտանգության մասին հարցի առաջնահերթ համարումը և այն քննարկման առարկա դարձնելը հակասում է 2021թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացման» մասին ռեզոլյուցիային, որի 1-ին կետի համաձայն՝ «…բոլոր ժողովուրդների ինքնորոշման համընդհանուր իրականացումը…հանդիսանում է մարդու իրավունքների արդյունավետ երաշխավորման և պաշտպանության ու այդ իրավունքների պահպանման և խրախուսման հիմնարար պայման»:

Այսինքն՝ մարդու բոլոր իրավունքները կարող են արդյունավետ երաշխավորվել և պաշտպանվել, եթե իրականացվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Մինչև միջազգայնորեն չճանաչվի արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, այն է՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին Արցախում տեղի ունեցած անկախության հանրաքվեի արդյունքում անկախ հռչակված Արցախի Հանրապետությունը, հնարավոր չի լինելու երաշխավորել և պաշտպանել արցախահայության մնացյալ իրավունքները:

Այս ամենի հետ միաժամանակ Հայաստանի և օկուպանտ Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի ստորագրման համատեքստում հարկ է նշել նաև հետևյալը.

Եթե օկուպանտ Ադրբեջանի սուլթանի ագրեսիվ հռետորաբանության մթնոլորտում և ագրեսիվ գործողությունների պայմաններում Նիկոլ Փաշինյանն օկուպանտ Ադրբեջանի հետ ստորագրի խաղաղության հնարավոր պայմանագիր, ապա այդ փաստաթուղթը ստորագրման իսկ պահից լինելու է առոչինչ, քանի որ այն կնքված է լինելու օկուպանտ Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման միջոցով:

1969թ. մայիսի 23-ին Վիեննայում ընդունված «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 52-րդ հոդվածի համաձայն՝ «Պայմանագիրը համարվում է առոչինչ, եթե այն կնքված է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքների խախտմամբ։»:

ՀՀ հաջորդ վարչակազմը կունենա լեգիտիմ իրավունք հայտարարելու, որ օկուպանտ Ադրբեջանի հետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված պայմանագիրն առոչինչ է և որևէ իրավական հետևանք չի առաջացնում Հայաստանի Հանրապետության համար:

Ստեփան ՀԱՍԱՆՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031