«Մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ ԵՄ-ն հանձնառու է և պատրաստ է աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին հարատև և խաղաղ լուծում գտնելու ճանապարհին, ինչը ոչ միայն խաղաղության կապահովի, այլև կերաշխավորի կայունություն այս տարածաշրջանում»: Այս մասին այսօր Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն–Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև-Միշել երեկ կայացած հանդիպմանը:
Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց, որ Սյունիքում 55 մլն եվրոյի աջակցություն են տրամադրել, ինչը նրա խոսքով, հստակ ազդակ է, որ աջակցում են Հայաստանին և Հայաստանի տարածքային ամբողջականությանը:
«Ռուսական ագրեսիան Ուկրաինայի դեմ մեզ դարձրել է ավելի միասնական և պատրաստ ենք պայքարելու մեր արժեքների՝ ժողովրդավարության և իրավունքի գերակայության համար: Այդ ուղեցույցով շարժվում ենք առաջ նաև Հայաստանում, այստեղ աջակցել ենք բարեփոխումների գործընթացին: Առաջընթացը ապահովվել է բավականին մարտահրավերներով լի ժամանակաշրջանում՝ կովիդ, պատերազմ, հետո արտահերթ ընտրություններ: Մինչ օրս բավականին լարված իրավիճակ է աշխարհում»,-ասաց դեսպան Անդրեա Վիկտորինը:
Ասուլիսի մասնակից ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ողջունեց Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարությունների մեկնարկը՝ նշելով, որ անցած տարի նշվել է ԵՄ-ի հետ հարաբերությունների 30 ամյակը․ դրանք տարիների ընթացքում ընդլայնվել են և ի վերջո ընդգրկել քաղաքական տիրույթը: Նա նախ ջերմագին շնորհակալություններ հայտնեց ԵԽ նախագահ Շառլ Միշելին՝ Արցախի խնդրի կարգավորման ուղղությամբ, ապա՝ դեսպան Վիկտորինին համբերատար և նվիրված կերպով Հայաստան-ԵՄ համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար:
Կարդացեք նաև
Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը տեղեկացրեց, որ 2023թ․ փետրվարին Շվեդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը և թվարկեց Հայաստանում կազմակերպվող Եվրոպայի օրվա տարեկան տոնակատարությունների միջոցառումները:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ