Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Ջրային պարեկները կմեկուսացնեն Սեւանում հարբած վիճակում մոտորանավակներ վարողներին ու կարգը խախտողներին

Մայիս 15,2023 12:08

Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց եւ հավանության արժանացավ կառավարության ներկայացրած «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։ Նախագիծն ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ։

Արփինե Սարգսյան

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ասաց, որ օրենսդրական փաթեթի անհրաժեշտությունը պայմանավորված է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման ներդրմամբ: «Օրենսդրական փաթեթով անհրաժեշտ նախադրյալներն են ստեղծվում Գեղարքունիքի պարեկային ծառայության կազմում ջրային մասնագիտացված ստորաբաժանում ունենալու համար, որը կկարողանա Սևանա լճի ջրի մակերեւույթին եւ դրա առափնյա հատվածում իրականացնել նոր՝ ավելի բարձր պատրաստվածություն ենթադրող ծառայություն։ Եվ ըստ այդմ՝ մենք ավելի ֆունդամենտալ լուծումների ճանապարհով ենք գնացել, որպեսզի նաեւ օրենքում ունենանք այս մասնագիտացված ծառայության համար անհրաժեշտ կարգավորումները»,- ասաց Արփինե Սարգսյանը։

Ըստ նրա՝ շատ են լինում դեպքեր, երբ մարդիկ կարող են հարբած վիճակում մոտորանավակներ վարել՝ խախտելով հասարակական կարգը։ «Նման դեպքերի հետեւանքով Սեւանա լճի հատվածում հանգիստը վերածվում է անհանգստության։ Եվ մեր ջրային պարեկներն այս իրավիճակում կկարողանան միջամտել դեպքերին։ Եթե լինեն այնպիսի նավավարման իրավունք ունեցող անձինք, որոնք տվյալ լողամիջոցը կվարեն ոչ սթափ, ոստիկանությունը կկարողանա մեկուսացնել այդ անձին եւ նավը տեղափոխել հատուկ պահպանվող տարածք։ Բնականաբար, Սեւանա լճի տարածքում միշտ չի կարելի միջամտել զբոսաշրջիկների ու հանգստացողների կյանքին։ Հսկողություն իրականացնելիս պետք է լինի հանցագործության կամ վարչական իրավախախտման կանխման եւ բացահայտման նպատակ, կամ պետք է առկա լինի հանցագործության ու վարչական իրավախախտում կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկած»,- հավելեց նա։

Անդրադառնալով ջրային պարեկային ծառայության ներդրման ընթացքին՝ Արփինե Սարգսյանն ասաց, որ ծառայության պաշտոնական մեկնարկը նախատեսվում է այս տարվա հոկտեմբերին։ «Բայց ամռան ընթացքում մեր դիմորդները կկարողանան պրակտիկա անցնել, հենց Սեւանա լճի տարածքում է լինելու այդ պրակտիկան։ Քանի որ սա ենթադրում է ավելի վտանգավոր ծառայություն, ավելի բարձր պատրաստվածություն, հետեւապես ցամաքային հատվածում որոշակի փորձառություն ունեցող պարեկները պետք է կարողանան լրացուցիչ վերապատրաստման միջոցով ընդգրկվել այս խումբ ծառայության իրականացմանը։ Հետեւաբար, մեր թիրախը եղել են Երեւանի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի մեր պարեկները, որոնք ցամաքային հատվածում, արդեն որոշակի պրակտիկա ունեն»,- նշեց նա։

Նախատեսվում է ջրային պարեկային ծառայության համար ունենալ վաշտի կարգավիճակով 95 հաստիքային կառուցվածքային միավոր Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կազմում։ Սեւանա լճի առափնյա հատվածը սպասարկող 4 հենակետեր կգործեն, որպեսզի արագ արձագանքեն բոլոր դեպքերին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031