Լրահոս
Օրվա լրահոսը

Պետբյուջեից 2․6 մլրդ դրամ կուղղվի 1000 քննիչներին ամսական հավելում վճարելու համար

Մայիս 15,2023 11:36

Քննիչներին ամսական հավելումներ տրամադրելու համար կառավարությունն այս տարվա 7 ամսվա համար 2․6 մլրդ դրամ պետք է ուղղվի։ Այս մասին Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։ Հանձնաժողովի նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Քննչական կոմիտեի քննիչներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով։

ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հարցրեց, թե քանի՞ քննիչի է վերաբերում այս նախագիծը, եւ պետական բյուջեից որքա՞ն միջոցներ պետք է հատկացվեն։

Արսեն Այվազյան

Արսեն Այվազյանը պատասխանեց․ «Եթե օրենքում նախագծում նշված հունիսի 1-ից ենք հաշվարկը նախատեսում, ծախսը կազմում է 3 մլրդ 120 մլն 545 հազար դրամ»։ Նա նշեց, որ սրան զուգահեռ՝ կրճատվելու են 75 հազարական դրամները, որոնք վերջին տարիների պարգեւավճարի տեսքով տրամադրվում էին քննիչներին։ Այսինքն, ըստ Այվազյանի, մոտ 504 մլրդ դրամ կրճատվելու է Քննչական կոմիտեին ուղղված ծախսերից։ Եվ ստացվում է, որ հունիսի 1-ից քննիչներին ամսական հավելումները տրամադրելու համար 7 ամսվա համար կառավարությունը 2․6 մլրդ դրամ պետք է ուղղվի։ «Կառավարությունում քննարկվել է, այս նախագիծը կառավարության հավանությանն արժանացել է։ Խոսքը մոտ 1000 քննիչների մասին է։ Ինչո՞ւ 1000 քննիչ, որովհետեւ մենք նախատեսում ենք նաեւ նախաքննական մարմնի հաստիքների որոշակի կրճատում։ Այս բարեփոխման միջոցով արդեն կներգրավենք պրոֆեսիոնալների, արտահոսք չենք ունենա, հետեւաբար արդեն կազմի մեծ քանակի կարիք չենք ունենա։ Այս նախագիծն արդեն  մեծ ոգեւորություն է առաջացրել, մենք անգամ ունենք փաստաբան գործընկերներ, ովքեր առաջիկայում պատրաստվում են դիմել մեզ եւ ընդունվել Քննչական կոմիտե»։

Արսեն Այվազյանը հավելեց, որ Քննչական կոմիտեն հետեւողական է, որպեսզի պետությանը պատճառված վնասները վերականգնվեն։ «Այս տարվա 4 ամիսների կտրվածքով Քննչական կոմիտեի կատարած աշխատանքի արդյունքում արդեն իսկ մոտ 7,5 մլրդ դրամի վերականգնում ենք ունեցել։ Այսինքն՝ դրանք չպլանավորված, չնախատեսված, թաքցված հակեր են եղել, մի քանի տասնյակ միլիարդների թաքցված հասնող շրջանառություն ենք ի հայտ բերել, որոնց հաշվարկված հարկերը, որոնք արդեն վճարված են պետբյուջե կամ հատուկ հաշիվներին, կազմում են 7,5 մլրդ։ Այսինքն՝ միայն չենք վերցնում, փորձում ենք ապահովել նաեւ պետությանը պատճառված վնասների վերականգնումը»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031