Լրահոս
Օրվա լրահոսը

«Մահափորձի գործով» պատասխանել էին. «Հասցեագրված դիմումով նոր փաստեր չեք ներկայացրել»

Մայիս 15,2023 13:30

«Առավոտին» դիմած մոսկվաբնակ գործարար Վարդան Խառատյանը (լուսանկարում)  ներկայացնում է բազմաթիվ ապացույցներ, որոնք իրավապահ մարմինների կողմից եւ միտումնավոր անտեսվել են, եւ գնահատական չեն տրվել:

Վարդան Խառատյանը դիմել է իրավապահ, արդարադատության մարմիններին, վարչապետին, ԱԱԾ պետին, Քննչական կոմիտե, ՀՀ դատախազություն՝ իր դեմ կատարված մահափորձերի, իրենից գումարներ հափշտակելու, քրեական գործը կարճելու որոշման վերաբերյալ:

Դատախազ Ա. Վարդապետյանին ուղղված դիմումին պատասխանել էր ՀՀ դատախազության ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Դ. Աղաջանյանը. «Հասցեագրված դիմումով  նոր փաստեր չեք ներկայացրել, դրանք առավելապես նույնաբովանդակ են Ձեր կողմից նախկինում ներկայացված դիմումներին, որոնց վերաբերյալ իրավասու  պաշտոնատար անձի կողմից Ձեզ տրվել են լիարժեք պատասխաններ: Բացի այդ, դիմումով չի փաստվում այնպիսի դեպք կամ գործողություն, որին ողջամտորեն  կարող էր տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական եւ չի բովանդակում  ստուգման ենթակա տվյալ»:

Վ. Խառատյանին նախաքննական մարմինն իր որոշմամբ հայտնել էր, թե նախաքննության ընթացքում կատարվել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտմանն ուղղված քննչական եւ դատավարական գործողություններ, սակայն ըստ Երեւան քաղաքի ՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Վ. Զարգարյանի, կարեւորագույն վկաներից Ա. Մ.-ի վերաբերյալ. «կենսորոշիչ տվյալները պարզելու ուղղությամբ ձեռնարկվել են մի շարք միջոցներ, որոնք դրական արդյունք չեն տվել, բացի այդ, պարզվել է, որ նա ապրում է ԱՄՆ-ում»: Նախաքննական մարմինը գրել էր, թե նրան կանչել են հարցաքննության, սակայն վերջինիցս որեւէ արձագանք չի եղել: Մինչդեռ հակառակն է:

Վ. Խառատյանը քննիչ «Վահե ջանի» եւ Ա. Մ.-ի հաղորդագրությունն է մեզ տրամադրում, որտեղ Ա. «ջանը» (իրար հետ շփվել են ջան-ով-Ռ. Մ.) քննիչին հայտնում է. «Ես պատրաստ եմ հարցաքննության»:

Մայիսի 10-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Աջափնյակ նստավայր) ժամը 16.00-ին նշանակվել էր Վարդան Խառատյանի գործով դատական հերթական նիստը: Մեկուկես տարվա ընթացքում այս դատարանում թվով երրորդ նիստն էր: Ըստ Վ. Խառատյանի՝ «թեժ» նիստ էր, քանի որ որպես «պատասխանող կողմ» հանդես են գալիս դատախազն ու դատավորը: Վերջինս հրաժարվել էր իր կողմից ներկայացրած ապացույցներն ընդունել, կցել գործին:

Վ. Խառատյանն իրեն տուժող է համարում, տվել է հաղորդում հանցագործության մասին, սակայն նախաքննություն իրականացնող մարմինը մերժել է քրեական գործ հարուցել:

2022թ. փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քննիչը հիմնավորված համարելով, որ «բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել Մեսրոպ Սիմոնյանի կողմից հանցանքներ կատարելու վերաբերյալ», որոշել է Մ. Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել: Տեղեկացնեմ, որ քրեական գործ էր հարուցվել Մ. Սիմոնյանի նկատմամբ 2020 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների՝ 137-ի 1-ին մասի, 177-ի 1-ին մասի, 178-ի 3-րդ մասի հատկանիշներով:

Տեղեկացանք, որ քրեական մեկ այլ գործ էլ՝ «անջատված մասով» Սիմոնյանի վերաբերյալ առկա է Երեւան քաղաքի դատարանում՝ Ավան եւ Նոր Նորք նստավայրում, դատավոր Վ. Մելիքյանի վարույթում. ըստ նախնական տեղեկությունների, Սիմոնյանը գաղտնալսման սարք էր դրել գործարարի տանը, հետեւել նրա տեղաշարժը, նրա տան այցելուներին:

Վ. Խառատյանը դիմել է տարբեր լրատվամիջոցների, այդ թվում՝ «Առավոտին», հայտնելով, որ իր դեմ մահափորձի հեղինակը իր ծանոթն է՝ Մ. Սիմոնյանը, որն իրենից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ 57 000 ԱՄՆ դոլար, իսկ անցյալ տարվա մարտի 2-ին վերադաս դատախազը որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին:

«Առավոտի» զրուցակիցը երեկ ասաց, որ բազմաթիվ նամակներ է ուղարկել իրավապահ մարմիններին, հայտնել, որ գործարար է, ցանկացել է Հայաստանում փայտամշակման արտադրություն հիմնել, իր ծանոթին՝ Սիմոնյանին տվել է 57 հազար դոլար գումար՝ համապատասխան սարքավորումներ, հաստոցներ ձեռք բերելու նպատակով, սակայն նա հափշտակել է:

Խառատյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 29-ին, ժամը 16.00-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031