Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Համապարփակ խաղաղություն պետք է փնտրել այն հարթակում, որը կերաշխավորի դա, Արեւմուտքն ի վիճակի չէ դա անել»

Մայիս 15,2023 14:00

«Առավոտի» զրուցակիցն է վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։

– Պարոն Բաղդասարյան, Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների քառօրյա բանակցություններն ըստ էության արդյունք չտվեցին։ Եվ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պայմանավորվել են եռակողմ հանդիպում անցկացնել մայիսի 14-ին Բրյուսելում։ Ինչպե՞ս եք գնահատում այս փուլում տեղի ունեցող բանակցային գործընթացը, եւ ի՞նչ ակնկալիք կա Բրյուսելյան բանակցություններից։

– Որեւէ առաջընթաց ակնկալել չարժե, որովհետեւ դատելով Վաշինգտոնյան քառօրյա բանակցություններից, կարող ենք ասել, որ Ադրբեջանն առաջ է քաշում այնպիսի պահանջներ, որոնք նախ բացարձակապես անընդունելի են։ Երկրորդ, եթե անգամ ընդունվեն, եւ համապատասխան փաստաթուղթ ստորագրվի, դրա արդյունքում կունենանք ոչ թե խաղաղություն, այլ մեծ հավանականությամբ նոր պատերազմ։ Ամենայն հավանականությամբ Ադրբեջանն այս բանակցությունների ժամանակ բարձրացրել է նաեւ ՀՀ տարածք ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը եւ նրանց անվտանգության խնդիրները, ինչն ուղղակի մեծացնում է հաջորդ պատերազմի հավանականությունը։ Նիկոլ Փաշինյանը նույն օրը Պրահայում հայտարարեց, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ է առաջ քաշում, եւ ակնհայտ է, որ խոսքը միայն Սյունիքի միջանցքի մասին չէ։ Հիմա, եթե Բրյուսելում բանակցային օրակարգը լինի նույնը, բնականաբար, որեւէ առաջընթաց ակնկալել պետք չէ։ Ավելին, ակնհայտ է, որ Ադրբեջանն այս բանակցային գործընթացն ավելի շատ օգտագործում է իր հաջորդ ագրեսիվ քայլերն արդարացնելու եւ ոչ թե խաղաղության հասնելու համար, որովհետեւ համարում է, որ ճնշումներով կարելի է հասնել այն ամենին, ինչը ցանկանում է եւ դա չամրագրել որեւէ թղթով, որպեսզի հետագայում եւս կարողանա հնարավորինս շատ բան պոկել Հայաստանից։

– Մայիսի 11-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հարձակում իրականացրեցին Սոթքի ուղղությամբ։ Այսինքն՝ բանակցային գործընթացում ճնշումներ գործադրելուց զատ, Ադրբեջանը նաեւ ուժի միջոցո՞վ է փորձում առավելություն ունենալ։

– Օգտվելով խնդրի չկարգավորված լինելուց, Ադրբեջանը փորձելու է անընդհատ մեծացնել ճնշումները՝  հասկանալով, որ դա ինչ-որ իմաստով ձեռնտու է նաեւ Ռուսաստանին։ Այդ դեպքերից բառացիորեն ժամեր առաջ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք ակնկալում են, որ Հայաստանը կնախաձեռնի քայլեր ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը Հայաստան հրավիրելու հարցով։ Այսինքն՝ բնական է, որքան Հայաստանի վրա արտաքին ռազմական ճնշումներն ուժեղանան, այնքան Հայաստանն ավելի շատ պետք է ստիպված ու շահագրգռված լինի՝ ի վերջո հրավիրել ՀԱՊԿ դիտորդներին։ Հետեւաբար, այո, ես կարծում եմ, որ կարելի է կապել այդ երկու իրադարձությունները միմյանց հետ։ Այստեղ համագործակցված խաղի տարրեր կարելի  է տեսնել։

– Բայց Նիկոլ Փաշինյանը բաց հայտարարեց, որ Հայաստանը նույնպես պատրաստ է ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայմանը։ ԱԺ ամբիոնից Փաշինյանը հայտարարել է. «Ոչ միայն Ռուսաստանը, Հայաստանը նույնպես պատրաստ է ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայմանը»։ Այսինքն՝ այնպես չէ, որ Հայաստանի իշխանությունն ընդդիմանում է ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայմանը, ինչո՞ւմ է խնդիրը։

– Նախ պետք է հասկանանք, որ ՀԱՊԿ դիտորդների՝ Հայաստանում գտնվելը հենց այնպես չի լինելու։ Այսինքն՝ դա կոնկրետ բանակցությունների խնդիր է, որովհետեւ Ռուսաստանը դրա դիմաց Հայաստանից կոնկրետ բաներ է պահանջելու։ Երկրորդ, պետք է պատասխանատվությունը հստակ լինի, որովհետեւ դիտորդները չէ, որ պետք է ապահովեն մեր անվտանգությունը։ Եվ երրորդ, այնուամենայնիվ, պետք է պատասխանատվության գոտին հստակեցվի։ Եվ ես կարծում եմ, որ այդ ձգձգման պատճառը հենց այն է, որ տարաձայնություններ կան այս հարցում։ Այսինքն՝ խնդիրը միայն այն չէ, որ մենք հրավիրեցինք, նրանք եկան, եւ վերջ։ Բոլոր հարցերը չէ, որ կարգավորված են, եւ Հայաստանի համար հստակ չէ, թե ինչ պետք է ստանա դրա դիմաց։ Օրինակ՝ Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայման արդյունքում, ինչպես տեսնում ենք, մեր անվտանգության մակարդակն առանձնապես չավելացավ։ Եվ այնպես չստացվի, որ Հայաստանը ստիպված լինի ՀԱՊԿ դիտորդներ հրավիրելով՝ իր ինքնիշխանության մակարդակն էլ ավելի իջեցնել, բայց դրա դիմաց անվտանգության ավելի առարկայական երաշխիքներ չստանալ։ Կարծում եմ՝ իրականում խնդիրը հենց այստեղ է, սա է պատճառը, որ այդ հարցն անընդհատ քննարկվում է, բայց վերջնական որոշում չի կայացվում։

– Ստացվում է, որ բանակցային գործընթացը փակուղի՞ է մտել, ի՞նչ պետք է անել։

– Ես կարծում եմ, որ շատ կարեւոր է այն հարթակը, որտեղ ընթանում են այդ բանակցությունները։ Հարթակը շատ կարեւոր է, լինի դա Արեւմուտքը, թե Ռուսաստանը, այդ հարթակը պետք է ապահովի ստորագրվելիք փաստաթղթի իրականացումը, որպեսզի դա չմնա թղթի վրա։ Հետեւաբար, բանակցություններն արժեք ունեն միայն այն դեպքում, եթե իսկապես բերելու են խաղաղություն։ Հետեւաբար, համապարփակ խաղաղությունը պետք է փնտրել այն հարթակում, որը կերաշխավորի դա։ Տվյալ դեպքում ես չեմ կարծում, թե Արեւմուտքն ի վիճակի չէ երաշխավորել դա, որովհետեւ անգամ Հաագայի դատարանի որոշման իրականացումը չկարողացան ապահովել։

– Բայց միաժամանակ մենք տեսնում ենք, որ ռուսական հարթակում եւս բանակցություններն արդյունք չեն տալիս, ավելին՝ հայանպաստ չեն։ Հետեւաբա՞ր…

– Այո, ռուսական հարթակում եւս առաջընթաց չի գրանցվում։ Եվ Ռուսաստանն ինքը նույնպես չի կարողանում ապահովել նույնիսկ նոյեմբերի 9-ի համատեղ հայատարարության իրականացումը։ Հետեւաբար, պետք է հնարավորություն փնտրել այն հարթակում, որտեղ դա կլինի։ Իմ պատկերացմամբ, որքան էլ դա մեզ համար այս պահին ականջահաճո չլինի, բայց թերեւս միակ հարթակը «3+3» ձեւաչափն է, որովհետեւ մեր տարածաշրջանում բոլոր հիմնական խնդիրները լուծվում են այդ եռանկյան մեջ։ Ես նկատի ունեմ՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան հարթակը, եթե, իհարկե, այդ համաձայնությունները կայացվում են։ Դա շատ բարդ է, որովհետեւ իսկապես շահերի բախում կա, լուրջ տարաձայնություններ կան, եւ իսկապես ամենաթույլ օղակը մենք ենք։ Բայց, եթե հաջողվի իրական համաձայնության հասնել այդ հարթակում, ես վստահ եմ, որ այդ համաձայնությունները թղթի վրա կիրականացվեն։

– Արցախի հարցի լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում այս գործընթացում։ Թեեւ իշխանությունները հայտարարում են, որ որեւէ փաստաթղթի ստորագրման ուղղությամբ դեռ համաձայնություն չի հաջողվում ձեռք բերել, բայց կան մեկնաբանություններ, որ այսպիսով Հայաստանը հրաժարվում է Արցախից։ Հայաստանի իշխանությունները խոսում են միայն արցախայերի իրավունքների ու անվտանգության ապահովման հարցի մասին, բայց ոչ մի խոսք չկա կարգավիճակի մասին։

– Հնարավոր չէ առանձին լուծել Արցախի հարցը եւ չկարգավորված թողնել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները։ Այսինքն՝ դա համապարփակ լուծում պետք է լինի։ Ընդ որում, այդ հարցում մեզ համար իրավիճակն այնքան ծանր չէ, ինչքան ներկայացվում է, որովհետեւ իմ նշած «3+3» ձեւաչափում մեծ հաշվով եւ Ռուսաստանին է ձեռնտու, որպեսզի Արցախում հայեր ապրեն, եւ Իրանին է ձեռնտու, որովհետեւ նրանք ասացին՝ եթե այնտեղ հայեր չապրեն, ամենայն հավանականությամբ Ադրբեջանն այդ տարածքները կբնակեցնի վարձկաններով եւ կօգտագործի իրենց դեմ։ Այսինքն՝ այս ձեւաչափում տարածաշրջանային երեք խոշոր երկրներից երկուսին ձեռնտու է, որ Արցախում ապրեն հայեր։ Եվ եթե բանակցություններն ընթանան կամ համապարփակ համաձայնությունը ձեռք բերվի  այդ ֆորմատում, կարծում եմ ռեալ շանսեր կան՝ համենայնդեպս տեսանելի ապագայում Արցախը հայկական պահել, մինչեւ ավելի հարմար ու բարենպաստ իրավիճակում հնարավոր կլինի քննարկել Արցախի քաղաքական կարգավիճակի հարցը։ Ես շեշտում եմ՝ քաղաքական, որովհետեւ անվտանգային միջազգային երաշխիքները հնարավոր է ապահովել միայն քաղաքական կարգավիճակի դեպքում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031