Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայերը, երբ դիմել են ինքնապաշտպանական պայքարի, փրկվել են

Մայիս 15,2023 13:00

Արդեն բազմաթիվ անգամներ վերլուծվել եւ գրվել է, թե այսօր փաստացի ինչ վիճակում են հայտնվել Արցախը եւ Հայաստանը ու այսօր էլ պարզ երեւում է, որ մեր ժողովուրդը հարյուր տարվա հեռավորությունից անգամ, լուրջ չի սերտել Մեծ եղեռնի եւ 2020թ. 44-օրյա պատերազմից մինչեւ մեր օրերն ընկած  ժամանակահատվածում հայ ժողովրդի թույլ տված աններելի սխալները, որոնք հանգեցրել են այս իրավիճակին: Փորձենք եւս մեկ անգամ կարճ խոսել մինչեւ 1915թ. եւ դրանից հետո էլ մինչեւ 1923թ. ընկած ժամանակահատվածում երիտթուրքերի կողմից Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում ապրող հայ ժողովրդի նկատմամբ իրականացված աներեւակայելի, անմարդկային ոճրագործությունների մասին, փորձելով աշխարհին եւ հայ ժողովրդին եւս մեկ անգամ հիշեցնելու, զգոնացնելու ու վերապրեցնելու դրանց դաժանությունը: Ողջ նպատակը մի վերջին անգամ միակամվելու եւ հայրենիքը իրական կործանումից փրկելու գերխնդիրն է, որին այլընտրանք՝ պարզապես չկա: Այդ դաժանություններն այնքան ծավալուն ու բազմաբնույթ են եղել, որ ողջը ներկայացնել հնարավոր չէ: Սակայն փորձենք գոնե դրանց մի մասի՝ խմբային դաժանությունների առանձնացումը, որոնց իրագործումը եւ բարձրաձայնումը ոչ մի կերպ եւ ոչ մի բանում չտեղավորվող դաժանություններ են, որոնք ոչ մի կերպ հարիր չեն մարդու բնությանը: Ուզում եմ այդ դաժանություններից հատկապես մի քանիսի մասին հերթական անգամ հիշեցնել, որպեսզի դրանք մեր ժողովրդի հիշողության մեջ հավերժ մնան եւ վայրկյան անգամ չմոռացվեն ու հետագայում ժողովրդի տրամադրվածությունը մշտապես համարժեք լինի այդ դաժանություններին …

Երիտթուրքերը հայերին կոտորելու համար նրանց առաձնացրել՝ բաժանել էին մի քանի շերտի՝ ծերեր, տղամարդիկ, կանայք եւ երեխաներ: Առաջին շրջանում հարյուր հազարավոր հայ տղամարդկանց զորակոչել էին բանակ եւ այնտեղ կոտորել բոլորին: Դա դեռ սկիզբն էր: Դրանից հետո, սկսել էին պետական ծրագրով, պետական հրամաններով հայերին բռնի ուժով դուրս հանել տներից, իբր տեղափոխում են անվտանգ վայրեր եւ տարաբնույթ մեթոդներով կոտորել նրանց: Առանց խտրականության, տարբերություն չդնելով միջոցների մեջ, նրանք հայերին սպանում էին տարատեսակ զենքերով, մեծ խմբերով տանում լցնում՝ ուղղակի նետում էին գետերի մեջ, որտեղից փրկվելն անհնարին էր: Մյուս մասին սոված-ծարավ, ոտքով տանում էին անապատներ, որոնց մի մասը ճանապարհին՝ սովից, արեւից, ուժասպառությունից կոտորվում էին: Հայերի սպանությունը՝ կոտորածը, թուրքերի համար անգամ դարձել էր հաճույքի նման մի բան, անգամ մանուկ երեխաների սպանությունները:

Երկրորդ օրինակը. նրանք գրազով՝ թրով պատռում էին հղի կանանց փորերը, տեսնելու, թե որքանով է ճիշտ իրենց բարձրաձայնած երեխայի սեռը: Բերված օրինակները, որոնց քանակն իրականում շատ-շատ է, խոսում էին հայերի նկատմամբ նրանց ատելության չափի եւ նրանց՝ մարդկային հատկանիշներից լիովին զուրկ լինելու մասին: Մի խոսքով, նրանք այդ եւ բազմապիսի այլ դաժանություններով բռնաբարում էին կանանց ու աղջիկներին եւ սպանում իրենց հսկողության տակ եղած բոլոր հայերին: Դա նրանց համար դարձել էր մասնագիտական աշխատանք, որը կատարում էին մեծագույն հաճույքով… Եվս մեկ անգամ կրկնեմ, որ այդ տարիներին տեղի ունեցած ոճրագործություններն ու վայրագություններն այնքան անմարդկային, ու դաժան էին, որ նախ դրանց ամբողջական փաթեթը՝ ծավալը, լիովին ու մանրամասնորեն հայտնի չէ, երկրորդ էլ դրանց մարսելը՝ բավականին անհնար: Դրանց՝ ամբողջական ծավալով, մանրամասնորեն ներկայացնելն ուղղակի անհնարին է, քանի որ դրանք ու դրանց վերաբերյալ վերլուծությունը հարյուրավոր հատորների նյութ է, որը երբեւէ մանրամասնորեն կներկայացնի պատմությունը…

Այս ամենը թռուցիկ ասվեց լոկ հետեւյալ պատճառով. եթե կյանքը շարունակվի թեկուզ միլիոնավոր տարիներ, այդ դեպքում ոչ մի հայ վայրկյան անգամ չպետք է մոռանա այն, ինչ այդ տարիներին թուրքերն արեցին հայ ժողովրդի նկատմամբ: Զուտ զգոնության համար վերջին անգամ հիշեցնեմ, որ վերն ասվածը ոչ միայն իրականություն է, այլեւ կատարված փաստերի համախումբ…

Եթե երբեւէ որեւէ հայ մոռանա այն անմարդկային դաժանությունները, որոնք թուրքերն իրականացրին  այդ տարիներին հայ ժողովրդի նկատմամբ, ապա  նա մարդ կոչվելու եւ վայրկյան անգամ ապրելու իրավունք չունի…

Եվ վերջապես, որպեսզի ապագայում եւս երբեւէ չհայտնվենք նոր ցեղասպանության՝ եղեռնի առջեւ, ապա առաջանում է հարցերի հարցը. ի վերջո, ինչո՞ւ տեղի ունեցավ Հայոց մեծ եղեռնը եւ ովքե՞ր էին դրա հիմնական  մեղավորները: Անկեղծ ասած, սա ոչ թե հարց է, այլ հարցերի տարափ, որոնց պատասխանը որքան դժվար է տալը, այնքան էլ ծավալուն է, ուստի կփորձենք դրա պատասխանը ձեւակերպել՝  հնարավորինս հակիրճ: Բնական է, որ հիմնական մեղավորը Օսմանյան Թուրքիան է… Երկրորդ մեղավորը հայ ժողովուրդն է… ապա՝ մեղավորն աշխարհն է, որը տվյալ իրավիճակում այնքան էլ ճիշտ չպահեց իրեն: Մյուս երկուսի մասին չենք խոսի, հակիրճ կխոսենք միայն հայ ժողովրդի թույլ տված գլոբալ սխալների մասին: Եվ այսպես, թվարկեմ, թե իմ կարծիքով, որոնք են դրանք: Իհարկե, հասկանալի է, թե անզեն ժողովրդի համար որքան դժվար է պայքարել պետության կանոնավոր բանակի դեմ, սակայն հայերը լավ իմանալով եւ պարզորոշ տեսնելով, որ թուրքական իշխանության կողմից հստակ վճռված է, որ պետք է անխտիր կոտորեն բոլոր հայերին, այսինքն, լռելու ու չդիմադրելու դեպքում եւս, միեւնույն է՝ փորձելու են սպանել բոլոր հայերին, այդքանով հանդերձ, հայերն իրենց պահում էին չափազանց վախկոտ եւ պատրաստ գառան նման մորթվելու, որից էլ ավելի էին ոգեւորվում  ասկյարները: Անհասկանալի է միայն այն հանգամանքը, որ եթե մարդը վստահ է, որ իրեն անպայման սպանելու են եւ ուրիշ ելք չկա, այդ դեպքում ո՞րն է վախենալու իմաստը, երբ տրամաբանական է դառնում, որ փրկության  հույսը  միմիայն պայքարելն է, որը գոնե փրկության՝ թեկուզ փոքրիկ հույս կարող է ծնել ու այդ դեպքում մնում է միայն փորձել գնալ դրան: Փաստացի, այն վայրերում, որտեղ հայերը չեն վախեցել եւ դիմել են ինքնապաշտպանական պայքարի, այդ տեղերում բավականին մեծ թվով հայեր են փրկվել, ինչպես նաեւ, բավականին մեծ թվով թուրքեր են սպանվել: Ասվածն ակնհայտ է դարձնում այն իրողությունը, որ բոլոր դեպքերում,  ինքնապաշտպանական պայքարն ավելի արդյունավետ է եղել, եւ հայերի փրկության, եւ թուրքերի սպանության առումով, քան մերոնց լուռ ու մունջ հանձնվելը, որը ցավոք՝ հիմնականում որդեգրվեց  մեր կողմից, որն էլ բերեց ժողովրդի անհամար զոհերի …

Եթե քո ներկայությամբ պատռում են  հղի կնոջդ կամ քրոջդ փորը, կամ երեխային նետում են օդ ու ընկնելիս նրա տակ տեղավորում մահաբեր սուրը, այդքանից հետո վախենալու, լռելու եւ գառան պես խոնարհ մորթվելու իմաստը ո՞րն է: Ինչպե՞ս կարելի է բաց աչքերով այդքանը տեսնել ու չհարձակվել այդ գազանի վրա ու չփորձել խեղդել նրան: Ինչպե՞ս կարելի է դրանից հետո փորձել կենդանի մնալ ու շարունակել «ապրել» … Մի՞թե հայ մարդը կարող է այդքան անթասիբ ու աննամուս լինել … Մի՞թե այդքանից հետո նորմալ մարդու սիրտը կարող է բաբախել…

Ասեմ, որ ամեն ինչ հիմնականում հենց այսպես էլ եղել է … Ասկյարները խմբերով՝ 10-20 ձիավորով, շրջափակել են մոտ 1000-1500 հայերի ու առանց դիմադրության կոտորել նրանց … Մի՞թե հնարավոր չէր, թեկուզ անզեն ձեռքերով, հարձակվել թուրքական խմբակի վրա, փորձել ձիերի վրայից քաշել-գցել նրանց, գրավել զենքերը եւ ձիերը, ու այսպես շարունակ, գրավելով բոլոր զենքերն ու ձիերը, թեկուզ այդ ընթացքում տային 30, 40, 50, 60 զոհ: Արդյունքում, իրենց ձեռքում կունենային 15-20 զենք եւ նույնքան էլ ձի:

Նույն կերպ վարվելով, կարելի էր խմբերի մեծ մասում կիրառել մոտավոր նույն պատկերը եւ այդքան ձիերով ու զենքերով հարձակվել թուրքերի վրա, որոնք՝ թեկուզ, միայն անակնկալից կամ կփախչեին, կամ կփորձեին խումբ-խումբ՝ համարյա հավասար պայմաններում կռվել հայերի խմբերի հետ եւ զուտ անակնկալից՝ հավանաբար կպարտվեին այդ հայկական խմբերին, քանզի տվյալ պահին հավաքված հայերը շատ ավելի մեծաթիվ կլինեին, քան թուրքերը: Եվ հայերն՝ այս պարզունակ քայլը պետք է սպիրալաձեւ շարունակեին ամենուրեք: Դե, պատկերացրեք, թե այս պարզ քայլով ինչերի կարելի էր հասնել (գոնե հետեւեին. «փորձը՝ փորձանք չէ», «անհնար վիճակներն են ելքեր ծնում» սկզբունքներից մեկնումեկին): Այս մասին եւս կարելի է երկար խոսել, սակայն եղածը եղել է, ուղղակի փաստենք միայն, որ հայերի միայն այս սխալը դարձել է մեծագույն մեղք՝ միլիոնավոր հայերի սպանության հարցում, որից պարզորոշ հետեւում է, որ Հայոց մեծ եղեռնի իրականացման հարցում՝ այս չափով մեղավոր են նաեւ հայերը …

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
13.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031