Ասում է «Նեմրա» ռոք խմբի վոկալիստ եւ կիթառահար Վան Եղիազարյանը
– Վան, «Նեմրա» ռոք խումբը հասցրել է սիրվել հասարակության կողմից։ Ստեղծագործական ի՞նչ ծրագրեր ունեք, որտե՞ղ ու ինչպե՞ս ես տեսնում խմբի ապագան։
– Այս պահին մի քանի նոր երգ ենք ձայնագրում, որոնց համար հերթով կնկարահանենք տեսահոլովակներ։ Սպասում ենք, թե երբ մեր «Daisy» երգի տեսահոլովակը կհատի մեկ միլիոն դիտման սահմանը։ Ինչպես խոստացել ենք՝ հանդիսատեսին կներկայացնենք «Daisy 2»-ը կամ «A letter from Daisy»-ն, որը, ի տարբերություն առաջինի, ռիթմիկ երգ է լինելու։ Նաեւ ունենք տարբեր համերգային առաջարկներ, ծրագրեր, որոնց մասին առաջիկայում տեղյակ կպահենք մեր լսարանին։
Խմբի ապագան, ինչպես առհասարակ ապագան, շատ դժվար է կանխատեսել հիմա, քանի որ ամեն ժամ իրադարձությունները գլխիվայր շրջվում են, դրա համար որոշել ենք ուղղակի անել այն, ինչ մեզ մոտ ստացվում է։ Մնացածն արդեն` ինչպես որ հոսանքը մեզ կտանի։
– Այսօր ի՞նչ վիճակում է հայկական ռոքը։
– Ընդհանուր առմամբ հայկական ռոքը պասիվ վիճակում է։ Ցավալի է, որ գնալով ավելի քչանում են խմբերը, քանի որ Հայաստանում շատ դժվար է ռոք խումբ ունենալը եւ այդ գործին լիարժեք տրվելը։ Կան որոշ սկզբունքներ, որոնք ռոք խմբերը հիմնականում պահպանում են։ Օրինակ՝ միայն կենդանի հնչողությամբ պետք է համերգներ ունենալ, հիմնականում հեղինակային երգեր պետք է լինեն, դրանք պետք է ձայնագրել, տեսահոլովակներ նկարահանել, որպեսզի հանդիսատեսին հասնեն երգերը։ Այդ ամենը մեծ գումարների հետ է կապված, իսկ ռոք սիրող հովանավորներ մեր երկրում չկան։ Միայն հազվադեպ խմբեր կան` հանդիսատեսի կողմից շատ սիրված, որ միայն համերգների շնորհիվ կարողանում են այդ ամբողջ ծախսերը հոգալ։
– Բարդ եւ խառը ժամանակներում ենք ապրում։ Քո կարծիքով` մարդու մեջ ի՞նչն է փոխվել ու ի՞նչը մնացել:
– Իսկապես բարդ ժամանակներում ենք ապրում, թեպետ գուցե բոլոր ժամանակներում էլ մարդիկ այդ զգացողությունն են ունեցել։ Կամ՝ գուցե 1970-ականները լավ ժամանակներ էին։ Հիմա անհասկանալի է ամեն ինչ, արժեքները փոխվում են, տեխնոլոգիան զարգանում է, բայց կարծես ի վնաս մարդկության ու մարդկայնության, գնալով զգացմունքայնությունը քչանում է, արհեստականն է իշխում, ինքնագոհ հիմարների ժամանակաշրջան է, որտեղ բոլորը գիտեն ամեն ինչ եւ բոլորը սովորեցնում են բոլորին։ Գուցե ի՞նձ է այդպես թվում, ու գուցե դա ի՞մ խնդիրն է՝ պայմանավորված աշխարհին նայելու սխալ ձեւով։ Եթե ուզես՝ լավ բաներ նույնպես կտեսնես, բայց, ցավոք, ես ավելի վատն եմ տեսնում հիմա, չնայած երգեր գրում եմ նաեւ գեղեցիկ եւ դրական երեւույթների մասին։
– Ստեղծագործական ճգնաժամեր ունենո՞ւմ ես, ինչո՞վ է պայմանավորված։ Եթե այո, ապա ինչպես ես հաղթահարում։
– Ստեղծագործական ճգնաժամեր վերջին շրջանում շատ են լինում, բայց ոչ այն պատճառով, որ չեմ կարողանում նոր բան ստեղծել։ Ընդհակառակը, ստեղծել ստացվում է, եւ, իմ կարծիքով, ամեն նոր երգ լավն է նախորդից, սակայն երբեմն այդ ամենը ներկայացնելու ցանկությունն է բացակայում, ինչն էլ ես համարում եմ ստեղծագործական ճգնաժամ։ Այդ ամենը կախված է թե՛ աշխարհում կատարվող անհասկանալի քաոսի հետ, թե՛ մեր երկրում կատարվող իրադարձությունների հետ։ Պատերազմ, քովիդ…… երբեմն ցավն այնքան մեծ է, որ երգերդ ներկայացնելու, համերգներ ունենալու ցանկությունը կորչում է։ Բայց միշտ էլ հետո ուժ ենք գտնում նորից սկսելու։ Եվ միշտ օգնում է հանդիսատեսը։
– Վերջին շրջանում ինչի՞ց ես ամենաշատը հիասթափվել։
– Ե՛վ վերջին շրջանում, ե՛ւ առհասարակ հիասթափվում եմ մարդկանցից. ոչ թե կոնկրետ մարդկանցից, այլ ընդհանուր հասարակությունից, ընդհանուր մտածելակերպից, տգիտությունից, արժեքներից։ Հերիք է մի քանի ժամ անցկացնես սիրելի Երեւանի փողոցներում, բազմաթիվ առիթներ կգտնես հիասթափվելու. չկայացած մարդկանց բազմություն է։
– Քո կյանքում ի՞նչն է ամենակարեւորն այս պահին։
– Իմ կյանքը բաժանված է երկու մասի՝ առաջինը իմ գործունեությունն է, որը հանրության առաջ է, մյուսը իմ անձնական կյանքն է, որը միայն իմն է։ Առաջին մասի ամենակարեւոր երեւույթը, իհարկե, «Նեմրան» է, մեր երգերը, մեր հանդիսատեսը, մեր շրջագայությունները։ Ամբողջովին նվիրված ենք այս ամենին ու շարունակելու ենք այսպես։ Ինձ համար կարեւոր է, որ բոլորս ապրենք խաղաղ երկրում, բայց նաեւ ներսից էլ առողջ լինենք, քանի որ միայն արտաքին վտանգները չէ, որ մեզ ոչնչացնում են, ներսից էլ ենք փտում։
– Ունե՞ս իդեալներ։
– Իդեալներ չունեմ, մանավանդ մարդկանց մեջ։
– Ինչի՞ համար ես ափսոսում։
– Ափսոսում եմ, որ այն մտքերը, որ կարող էինք իրագործել 6-7 տարի առաջ, շատ դանդաղ ենք կարողանում կյանքի կոչել, քանի որ երկիրը փոքր է, շուկան փոքր է, հետեւաբար՝ մեր նպատակներն իրագործելու համար անհրաժեշտ միջոցները դանդաղ են գոյանում։
– Անցյալի հետ կռիվ ունե՞ս։
– Միշտ էլ մտածում եմ, որ եթե այս բանն այսպես անեի՝ կարող էր ուրիշ կերպ զարգանալ կյանքս, բայց դա կռիվ չէ, այլ զուտ անցյալի հետահայաց գնահատական։
– Ո՞ւմ ես թողել անցյալում։
– Անցյալում թողել եմ անցյալ ինձ։
– Նոր բացվող օրը քեզ համար…
– Նոր բացվող օրն ինձ համար նոր երգ է։
Զրուցեց
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
13.05.2023