Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը (լուսանկարում) տեղեկացրեց, որ առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է Քննչական կոմիտեի քննիչներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով։
Ըստ հիմնավորման՝ Քննչական կոմիտեի քննիչները վերջին տարիներին աշխատում են գերծանրաբեռնված։ Եթե 2020թ.-ի դրությամբ Կոմիտեի վարույթում քննվել է 32.483 քրեական գործ, 2021թ.-ին՝ 41.883 քրեական գործ, ապա 2022թ.-ի ընթացքում կոմիտեի վարույթում քննվել է 59.830 քրեական վարույթ: 2020թ.-ին մեկ քննիչի միջին տարեկան ծանրաբեռնվածությունը միայն քրեական գործերով կազմել է 69, քրեական գործերով եւ մերժված նյութերով՝ 73, 2021թ.-ին՝ 83.4, իսկ քրեական գործերով եւ մերժված նյութերով՝ 87։ 2022թ.-ի ընթացքում կոմիտեի քննիչի միջին տարեկան ծանրաբեռնվածությունը կազմել է 111 վարույթ:
«Ներկայումս քրեական վարույթների աննախադեպ շարունակական աճը հանգեցրել է Քննչական կոմիտեի քննիչների անխուսափելի գերծանրաբեռնվածության: Հարկ է նշել, որ ՀՀ-ում մինչդատական վարույթ իրականացնելու իրավասությամբ օժտված մարմինների վարույթում քննված քրեական գործերի շուրջ 90-95 %-ը մշտապես քննվել եւ քննվում է Քննչական կոմիտեում: Քրեական վարույթների նման քանակական աճի պայմաններում Քննչական կոմիտեի քննիչների օրական աշխատաժամանակը հաճախ հասնում է 12-13 ժամի։ Նման գերծանրաբեռնված աշխատանքը, հանրային բարձր պատասխանատվությունն այդ աշխատանքը դարձնում են պակաս գրավիչ եւ ռիսկային։ Համանման գործառույթ իրականացնող Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար նախատեսված է վարձատրության ավելի բարձր երաշխիք՝ հիմքում դնելով վերջիններիս կողմից առանձնակի ռիսկային աշխատանք կատարելու հանգամանքը: Կոռուպցիոն հանցագործությունների քննությունը բարձր ռիսկային համարելով՝ այդ մարմնի քննիչների համար, Քննչական կոմիտեի քննիչների համեմատությամբ, սահմանված են աշխատանքի էապես բարձր վարձատրություն եւ սոցիալական երաշխիքներ։ Նման հիմնավորումների համատեքստում էլ ընդունված օրենքի համաձայն, որպես առանձնակի ռիսկայնություն ունեցող աշխատանք, Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների համար սահմանվել է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով։ Ինչպես Հակակոռուպցիոն կոմիտեի, այնպես էլ Քննչական կոմիտեի կարգավիճակն ըստ էության նույնն է. նրանք իրականացնում են Սահմանադրությամբ քննչական մարմիններին վերապահված գործառույթի իրականացմանն ուղղված մասնագիտական գործունեություն, ինչով պայմանավորված էլ առանձին ռիսկայնությունը վերաբերելի է ինչպես Հակակոռուպցիոն, այնպես էլ՝ Քննչական կոմիտեների քննիչներին։ Այս ժամանակահատվածում եւս Քննչական կոմիտեն իրականացնում է նախաքննություն կոռուպցիոն որոշ հանցագործների վերաբերյալ գործերով։ Այսինքն՝ այդ նույն կոռուպցիոն հանցագործություններով նախաքննություն իրականացնում է նաեւ Քննչական կոմիտեն։ Դատախազությունում եւս այս իմաստով կատարվեց համապատասխան օրենսդրական փոփոխություն, եւ նույն 92 տոկոս հավելումը նախատեսվեց նաեւ դատախազների համար»,- ասաց Արսեն Այվազյանը։
«Քննչական կոմիտեի քննիչների վարձատրությունն ավելացնելը վերը ներկայացված օբյեկտիվ անհրաժեշտությունից բացի նաեւ «Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2019թ. հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշման ժամկետային պահանջ է»,- նշվում է կառավարության հիմնավորման մեջ։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ