Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը եւ ՌԴ-ն չափազանց ծանր են տարել ՀՀ-ի եւ Ադրբեջանի սահմանի երկայնքով եվրոպացի  քաղաքացիական դիտորդների տեղակայման փաստը»

Մայիս 15,2023 14:30

Արմեն Վարդանյանը՝ Սոթքում ադրբեջանական հարձակման առիթով

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Սոթքում Ադրբեջանի հարձակման մի քանի պատճառներ կարող են լինել։ «Առավոտի» հետ զրույցում նա ասաց. «Սովորաբար ՀՀ-ի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներից առաջ մշտապես Ալիեւը նման սադրանքների գնացել է ե՛ւ Սերժ Սարգսյանի ժամանակ, ե՛ւ այժմ՝ Նիկոլ  Փաշինյանի կառավարման տարիներին։ Այդ սադրանքների միջոցով փորձում է կարեւոր բանակցություններից առաջ ճնշումներ  գործադրել Հայաստանի վրա եւ ինչ-ինչ բաներ կորզել, մանավանդ նրան թվում է, թե կարող է ռազմի դաշտում խեղճացնելով ՀՀ-ին՝ բանակցային սեղանի շուրջ նրանից կարեւոր բաներ կորզել»։

Ըստ Արմեն Վարդանյանի՝ մյուս պատճառն էլ եվրոպացի դիտորդներին վարկաբեկելը կարող է լինել։ Նա պարզաբանեց. «Ադրբեջանը եւ ՌԴ-ն չափազանց ծանր են տարել ՀՀ-ի եւ Ադրբեջանի սահմանի երկայնքով եվրոպացի  քաղաքացիական դիտորդների տեղակայման  փաստը։ Այս տարեսկզբին, երբ հայտնի դարձավ, որ Եվրամիությունը նպատակ ունի երկու տարով այստեղ տեղակայել քաղաքացիական դիտորդներ ե՛ւ ՌԴ-ից, ե՛ւ Ադրբեջանից, այդ առումով կոշտ հայտարարություններ եղան այդ որոշման դեմ։ Ակնհայտ է, որ դա դուր չի գալիս Բաքվին եւ Մոսկվային եւ նրանք տարբեր ձեւերով փորձում են նաեւ վարկաբեկել այդ քաղաքացիական դիտորդներին»։

Մեր փաստմանը՝ նրանք անզեն են, այս ընթացքում նրանց հասցեին կան դժգոհություններ, որ իրավիճակի մոնիտորինգ չեն կատարում, հասցեական հայտարարություններ չեն անում, Արմեն Վարդանյանն այսպես արձագանքեց. «Նախ նրանք ընդամենը դիտորդներ են, ոչ թե խաղաղապահներ։ Դրա համար էլ անզեն են։ Հետո որեւէ մեկը չի ասել, որ նրանք գալու են մեր փոխարեն կռվեն։ Նրանք զեկույցներ են գրում եւ ուղարկում Բրյուսել։ Հայտարարությունները նույնպես նրանց պարտականությունների մեջ չի մտնում։ Ցավոք, ՀՀ-ում շատերը սխալ ակնկալիքներ ունեն այդ դիտորդների տեղակայման փաստի հետ  կապված։ Շատերին թվում է, որ եթե դիտորդներ եկան, այլեւս սահմանին որեւէ միջադեպ չի լինելու։ Շատերին թվում է, թե դիտորդները պետք է հայտարարություն անեն։ Նրանք իրենց զեկույցները գրում են, ուղարկում Բրյուսել, եւ դրանց հիման վրա Եվրամիության կողմից որոշումներ են ընդունվում։ Այնպես որ, նրանցից հայտարարություններ նույնպես պետք չէ սպասել»։ Արմեն Վարդանյանի հավաստմամբ՝ ընդհանուր առմամբ այդ դիտորդները զսպող գործոն են Ադրբեջանի համար։ Հղում կատարելով վիճակագրությանը՝ ասաց. «Եթե նայենք վիճակագրությունը, սահմանին փոխհրաձգությունները բավականին պակասել են։ Նախորդ տարվա սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով երկու օրում 227 զոհ ենք ունեցել։ Դրանից հետո, երբ հայկական դիվանագիտության ջանքերով այստեղ բերվեցին եվրոպացի դիտորդներ, այս 6-7 ամիսների ընթացքում զոհերը մեկ տասնյակից պակաս են, որից 4-ը Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով։ Այնպես որ, ակնհայտորեն այդ դիտորդների՝ այստեղ  տեղակայումը զսպող գործոն է Ադրբեջանի համար»։ Նշեցինք՝ հասկանալի է, թե ինչ է ուզում Ադրբեջանը եւ հարցրինք՝ իսկ ի՞նչ է ուզում ՌԴ-ն. միջանցքի հա՞րց է քննարկվում, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Այո, ՌԴ-ն միջանցք է ուզում ՀՀ-ից, որը կանցնի ՀՀ տարածքով, եւ ՀՀ-ն վերահսկողություն չի ունենա այդ միջանցքի վրա։ Մանավանդ որ, ուկրաինական պատերազմի հետեւաքով ՌԴ-ն բազմաթիվ ճանապարհներից զրկվել է, նրա առեւտրային կապերը Եվրոպայի հետ գրեթե զրոյացվել են, եւ նրան պետք են նոր ուղիներ, կոմունիկացիաներ, եւ դրանցից մեկը, ենթադրում եմ՝ պետք է անցնի ՌԴ-ի միջոցով դեպի Ադրբեջան, Ադրբեջանից էլ Սյունիքի մարզով դեպի Նախիջեւան, այնտեղից էլ Թուրքիա։ Բայց Ալիեւը պնդում է, եւ ՌԴ-ն էլ նրան ձայնակցում է, որը համախոհ է, որ այդ միջանցքը պետք է վերահսկեն ռուսական ФСБ-ի ներկայացուցիչները, ՀՀ-ն չպետք է վերահսկողություն ունենա այդ կոմունիկացիոն ուղու վրա»։

Հետաքրքրվեցինք՝ Արեւմուտք-ՌԴ հակամարտությունը մինչեւ ո՞ւր կարող է հասնել, քաղաքագետը պատասխանեց. «Ակնհայտ է, որ ՌԴ-ն խանդով է վերաբերվում արեւմտյան մայրաքաղաքներում տեղի ունեցած բանակցություններին եւ դրանց՝ հաջողության հասնելու հնարավորություններին։ Ամեն անգամ, երբ Բրյուսելում կամ արեւմտյան որեւէ մայրաքաղաքում ՀՀ-ի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպում են, Մոսկվայից մենք լսում ենք կոշտ կամ խանդոտ հայտարարություններ այդ հանդիպումների վերաբերյալ։ Ակնհայտ է, որ ՌԴ-ն ցանկանում է, որ կոնֆլիկտն ամբողջությամբ իր ձեռքում պահի, որպեսզի Արեւմուտքն այս տարածաշրջանում եւ այս կոնֆլիկտի վրա որեւէ ազդեցություն չունենա, լուսանցք մղվի այս տարածաշրջանից, եւ դրա համար այդպիսի հայտարարություններ են հնչում ամեն անգամ, երբ արեւմտյան որեւէ մայրաքաղաքում հանդիպում են ՀՀ-ի եւ Ադրբեջանի պաշտոնյաները եւ դրանց ժամանակ որոշակի հարցերում հաջողության հասնում։ Ռուսները ցանկանում են, որ կոնֆլիկտն ամբողջությամբ իրենց ձեռքին լինի, վերահսկեն այն, եւ արեւմտյան մայրաքաղաքներում Արեւմուտքի միջնորդությամբ ցանկացած հանդիպում ուղղակի ֆորմալ բնույթ կրի կամ ընդհանրապես տեղի չունենա»։

Մոսկվայում եւ Քիշնեւում սպասվող հանդիպումներից Արմեն Վարդանյանը մեծ ակնկալիքներ չունի։ Այս առիթով ասաց. «Մեծ հաշվով շատ բան չարժե սպասել, որովհետեւ կողմերի դիրքորոշումներն այս հակամարտության հետ կապված շատ տարամետ են, եւ չեն նկատվում հատման կետեր, որտեղ կարող են կողմերը հաջողության հասնել։ Դիրքորոշումները շատ տարբեր են, եւ որեւէ հնարավորություն չեմ տեսնում, որ կարող են կողմերը մոտ ապագայում համաձայնության գալ»։

Հարցին՝ ի՞նչ զարգացումներ սպասել առաջիկա օրերին, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Ադրբեջանը հնարավոր է նաեւ նոր սադրանքների գնա բանակցություններից առաջ։ Մոսկվայում եւ Քիշնեւում նախատեսված հանդիպումներում էական առաջընթաց, կարծում եմ՝ չի լինելու»։

Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունների առիթով էլ, թե խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը շատ փոքր է, Արմեն Վարդանյանն ասաց. «Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է՝ առաջիկա տարիներին խաղաղության համաձայնագիր չի լինելու, եւ Ադրբեջանը փորձելու է ամեն ինչ անել, որ գրավի Արցախի մյուս հատվածը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031