Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Համեստ» դդմիկի տպավորիչ առավելություններն առողջության համար

Մայիս 15,2023 09:30

Դդմիկը գարնանային սննդակարգի անբաժան բաղադրամասերից մեկն է, որը, լինելով հարուստ սննդանյութերով, կարող է լավ ծառայություն մատուցել մարդու օրգանիզմին և առողջությանը:

Դդմիկը դդմի տարատեսակներից է, որը թեև բուսաբանական տեսանկյունից միրգ է համարվում, սակայն պատրաստվում և օգտագործվում է սննդում որպես բանջարեղեն։
ԱՄՆ գյուղնախարարության տվյալներով՝ հում դդմիկը պարունակում է ջուր, սպիտակուցներ, ածխաջրեր, բջջանյութ, շաքար, կալիում, ֆոսֆոր, մագնեզիում, վիտամին С և կալցիում և այլն։

Դդմիկի օգտակար հատկությունները

Առաջին հերթին այն ցածր կալորիականություն ունի․ 1 բաժակ (124 գրամ) հում, կեղևով կտրտած դդմիկն ընդամենը 21 կալորիա է պարունակում, ինչը նշանակում է, որ օգտագործելով քիչ կալորիաներ՝ ստանում եք մեծ քանակությամբ սննդանյութեր։

Նպաստում է առողջ մարսողությանը․ նախ այն մեծ քանակությամբ ջուր է պարունակում, ինչն արդեն իսկ օգնում է փորկապության կանխարգելմանը, ինչպես նաև լուծվող և չլուծվող բջջանյութի աղբյուր է։ Չլուծվող բջջանյութն օգնում է աղիների՝ ավելի հեշտ մաքրմանը, իսկ լուծվող բջջանյութը սնուցում է աղիների օգտակար բակտերիաները, որոնք էլ կարճշղթայական ճարպաթթուներ են արտադրում՝ սնուցելով աղիների բջիջները, նվազեցնելով բորբոքումը։

Ունի հակաքաղցկեղային ազդեցության պոտենցիալ․ այս մասին են խոսում տարատեսակ հետազոտութունները։ Այս հարցում առանցքային դեր ունի զեաքսանտին հակաօքսիդանտը, որը կանխում է օքսիդացման սթրեսը։ Քաղցկեղի կանխարգելմանը նպաստող այլ հակաօքսիդանտներն են ֆենոլները, կարոտինոիդները, քլորոֆիլներն ու վիտամին C-ն։ Բուսական այդ ակտիվ միացությունները ծառայում են կերակրափողի, ստամոքսի, բերանի, կոկորդի, ըմպանի քաղցկեղի կանխարգելմանը։

Դդմիկն օգտակար է աչքերի առողջության համար․ այն հարուստ է կարոտինոիդներով, որոնք նույնպես հակաօքսիդանտներ են, և դրանցից հատկապես լյուտեինն ու զեաքսանտինն է նպաստավոր աչքերի առողջության համար։ Հակաօքսիդանտային այդ միացությունները նպաստում են կատարախտի և տարիքային մակուլյար դեգեներացիայի կանխարգելմանը։

Դդմիկն օգտակար է սրտի առողջության համար․ այս հարցում ևս կարևոր դեր ունի բջջանյութը, քանի որ, ինչպես նկատվել է, մարդիկ, որոնք ավելի շատ բջջանյութ են օգտագործում, սրտային հիվանդությունների ավելի ցածր ռիսկի են ենթարկվում։ Լուծվող բջջանյութի տարատեսակներից մեկը՝ պեկտինը, հատկապես արդյունավետ է խոլեսթերինի մակարդակի նվազեցման համար։ Դդմիկը նաև հարուստ է կալիումով, որը նվազեցնում է զարկերակային արյան ճնշումն արյունատար անոթների լայնացման հաշվին։

Նվազեցնում է բորբոքումը․ զեաքսանտինն ու լյուտեինը պոլիֆենոլների հետ միասին հակաբորբոքային ազդեցություն են գործում օրգանիզմի վրա։

Նպաստում է ոսկորների առողջությանը․ Հետազոտությունները ցույց են տվել, որ կալիումը կարող է բարելավել ոսկրերի հանքանյութային խտությունը, իսկ մագնեզիումն ու կալցիումը հոգալ դրանց ամրության մասին՝ կանխարգելելով կոտրվածքներն ու օստեոպորոզը։

Դիետոլոգները խորհուրդ են տալիս օգտագործել դդմիկը հում վիճակով՝ ավելացնելով դրանք աղցաններին կամ դդմիկի ձողիկներն ուտել հումուսի կամ այլ համեղ խյուսի հետ։ Ընդ որում՝ հենց դդմիկը կարող է հետաքրքիր խյուս դառնալ և լրացնել, օրինակ, մակարոնից պատրաստված ուտեստները։ Դդմիկը պատրաստելու օգտակար տարբերակ է նաև այն մի քանի րոպե շոգեխաշելը կամ գրիլի վրա պատրաստելը։ Քանի որ դդմիկի կեղևը ևս հարուստ է սննդանյութերով, խորհուրդ է տրվում օգտագործելիս չկեղևազրկել այն։ Կեղևը ոչ միայն С և В6 վիտամիններ է պարունակում, այլև բջջանյութի լավ աղբյուր է։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031