Լրահոս
Օրվա լրահոսը

Քըլըչդարօղլուն քայլելու փորձ ունի, Էրդողանը՝ ճգնաժամեր հաղթահարելու. Ռուբեն Մելքոնյան՝ ի՞նչ արդյունքներ սպասել Թուրքիայի ընտրություններից

Մայիս 14,2023 20:38

Թեեւ Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն անցել են հարաբերական անդորրի պայմաններում՝ առանց առանձնակի լուրջ բախումների, բայց առաջիկա ժամերի ընթացքում միայն կերեւա, թե ի՞նչ արդյունքներ կգրանցվեն այդ ընտրություններում, ի՞նչ հնարավոր զարգացումների կբերեն դրանք. Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ ամփոփելով հարեւան երկրում ընթացքող ընտրությունները:

Հիշեցնենք, այս նախագահական ընտրություններում, Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցը քեմալական ժողովրդահանրապետական կուսակցության 74-ամյա առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է: Նրան սատարում է ընդդիմադիր վեց կուսակցությունների՝ «Ժողովրդավարական դաշինքը»:

Ռուբեն Մելքոնյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Էրդողանն իր թիմակիցներին արդեն իսկ կոչ է արել՝ «շատ ուշադիր տեր կանգնել» քվեաթերթիկներին եւ քվեատուփերին. «Եթե սա թարգմանենք այլ լեզվի՝ կստացվի՝ տեր կանգնել իրենց հաղթանակին: Իսկ ընդդիմության շարքերում, կարծես թե հետընտրական պայքարի, այսպես ասած, մոտիվներ են շրջանառվում: Արեւմտյան տերությունները նույնպես, կարծես չեն բացառում հետընտրական լարվածությունները. մասնավորապես, դեսպանությունները արդեն իսկ հանդես են եկել կոչերով՝ ուղղված իրենց քաղաքացիներին՝ երեկոյան ժամերին դուրս չգալ փողոցներ, ինչին անմիջապես եւ շատ կոշտ արձագանքել է իշխանությունը՝ դա պրովոկացիա գնահատելով»:

Մեր զրուցակցի գնահատմամբ, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Թուրքիայի իշխանությունները փորձելու են այս ընտրություններն ամփոփել առաջին փուլով. «Ենթադրում եմ, որ այդ դեպքում, ձայների տարբերությունը Էրդողանի եւ ընդդիմության լիդերի միջեւ, չի կարող շատ մեծ լինել, իսկ դա արդեն իսկ հիմք է որոշակի հետընտրական զարգացումների: Նաեւ, պետք է հաշվի առնել, որ ընդդիմության հետ աշխատող արեւմտյան ուժերը հմտացած են գունավոր հեղափոխություններ կազմակերպելու հարցում. ընդդիմության այս լիդերն առաջինն էր, որ 2017-ին սկսեց քայլարշավ Անկարայից դեպի Ստամբուլ, որը հետո, հաջորդ տարի կրկնվեց Հայաստանում՝ Գյումրիից դեպի Երեւան»:

Այս համադրությունները թուրքագետին հիմք են տալիս մտածելու, որ Թուրքիայում հետընտրական որոշակի զարգացումներ եւ լարվածություններ կլինեն: Միաժամանակ, օրակարգում է մնում նաեւ երկրորդ փուլի հավանականությունը:

«Բայց, նաեւ կարող եմ ասել, որ հետընտրական զարգացումների դեպքում, ընդդիմության լիդերը չունի փողոցային պայքարի այդ հմտությունները, խարիզման: Իսկ Էրդողանի իշխանությունը, կարծես, բոլոր հնարավոր զարգացումներին է պատրաստվել, այդ թվում նաեւ փողոցային պայքարին եւ մոբիլիզացված են բոլոր ուժերը՝ վարչական, ուժային կառույցներ՝ գումարած Էրդողանի համակիրներ, որոնք ոչ միշտ կարող են լինել չզինված: Այնպես որ, կարծում եմ, առաջիկա ժամերը շատ հետաքրքիր են լինելու՝ ընդհանուր պատկերի ուրվագծման հարցում»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ կա նաեւ վարկած, որ եթե նույնիսկ Էրդողանին չհաջողվի փողոցային պայքարի միջոցով տապալել, ապա, կփորձեն թուլացնել նրան, ինչպես լինում է գունավոր հեղափոխությունների նախնական փուլում: Այսինքն, միգուցե նա դառնա նախագահ, բայց արդեն որոշակիորեն թուլացած:

«Ամեն դեպքում, նժարին դրված է շատ լուրջ հարց եւ եթե ընդդիմությունն ունի կորցնելու բավական մեծ բաներ, ապա Էրդողանը կորցնելու է ամեն ինչ, հետեւաբար, պայքարը լինելու է շատ թեժ: Առաջիկա ժամերը ցույց կտան՝ Թուրքիայում կլինե՞ն հետընտրական զարգացումներ, թե՝ ոչ, բայց դրա հավանականությունը, կարծում եմ, աչքի առաջ պետք է ունենալ: Իսկ իշխանությունն էլ փորձելու է շատ արագ մեղմել ներքաղաքական լարվածությունը Թուրքիայում՝ բոլոր, նաեւ բիրտ, մեթոդներով: Չմոռանանք, որ Էրդողանը նման փորձառություն ունի՝ եւ փողոցային պայքար հանգցնելու, ինչպես 2013 թվականի Գեզի այգու դեպքերը, եւ ռազմական հեղաշրջում հաղթահարելը»,- ամփոփեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Թուրքիայի ընտրությունները նաեւ աշխարհաքաղաքական խորք ունեն, քանի որ ընդդիմությունն արդեն ուղիղ մեղադրել է ՌԴ-ին՝ Թուրքիայի գործող իշխանությանը սատարելու համար, իսկ Էրդողանը մեղադրել է Արեւմուտքին՝ ընդդիմությանը սատարելու համար: Այսինքն, սրանք ոչ միայն ներթուրքական ընտրություններ են, այլ աշխարհաքաղաքական, միգուցե նաեւ համաշխարհային զարգացումներում տեղավորվող ընտրություններ են, քանի որ «խաղացողները» թուրքական իշխանությունից եւ ընդդիմությունից բացի, աշխարհի բեւեռների երկու գերտերություններն են՝ իրենց ռեսուրսներով: Ուստի, Թուրքիայի ընտրություններում հետընտրական զարգացումները կարող են ներառել նաեւ աշխարհաքաղաքական տարրեր, ինչի արդյունքում Հայաստանն անպայմանորեն կարող է ազդվել, քանի որ գտնվում է այս տարածաշրջանում եւ աշխարհաքաղաքական այդ բեւեռների հետ տարբեր կապեր ունի:

«Բայց սա նաեւ, միգուցե կտա հնարավորություն՝ այդ լարվածության դեպքում, հայկական շահերը սպասարկելուն միտված ինչ-որ քայլեր անելու: Իհարկե, ՀՀ գործող իշխանության պարագայում՝ մտածել դրա մասին, ռոմանտիզմ է, բայց լարվածությունը, միեւնույն ժամանակ, հնարավորություն է տալիս քաղաքական ինչ-ինչ խնդիրներ՝ ավելի ակտիվ քննարկելու համար»,- կարծում է մեր զրուցակիցը:

Նա համամիտ է՝ առաջիկա ժամերը շատ բնորոշիչ են լինելու թե տարածաշրջանի, թե ոչ տարածաշրջանային պետությունների շահերի համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031