Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում սպասում են, թե երբ կմեկնարկի նոր թաղամասի կառուցման խոստացված ծրագիրը: Կառավարության որոշմամբ Քաղաքաշինության կոմիտեին նախորդ տարի հատկացվեց 31,800.0 հազ.դրամ՝ նոր բնակելի թաղամասի կառուցապատման նախագծային աշխատանքներն իրականացնելու նպատակով, հետո արդեն՝ ըստ որոշման, 2023թ-ից շինարարությունը թաղամասում պետք է մեկնարկի:
1988 թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից հետո կառուցված թաղամասում առկա թվով 24 բազմաբնակարան փայտյա շենքերը՝ 296 բնակարաններով, շահագործման հանձնվեցին 1989 թ.-ից և հատկացվեցին երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին: Փայտաշեն շենքերը նախատեսված էին 25 տարվա համար, մինչդեռ որպես բնակարան ծառայում են մինչ օրս, չնայած որ շենքերի մեծ մասի փայտը վաղուց հոտել է, կոյուղագծերի ու ջրագծերի խողովակները ենթարկվել են կոռոզիայի, նկուղները պատված են ջրով, տանիքները եւս գտնվում են անմխիթար վիճակում: Թվարկված խնդիրներից զատ ամենակարեւոր ու օրակարգային խնդիրը այս շենքեր բնակիչների անվտանգության հարցն է փայտաշեն շենքերը հրդեհավտանգ են:
Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն իսկ նախագծա-նախահաշվային աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են:
Դիտարկմանը, որ գուցե սա էլ հերթական, տարիներ շարունակ հնչող խոստումներից մեկն է, որը նախորդների նման եւս կմնա զուտ խոստում, համայնքի ղեկավարը բացառեց. «Մենք դեռ նախորդ տարի դիմեցինք, ճիշտ ու օբյեկտիվ ներկայացրեցինք իրավիճակը, կառավարության ու վարչապետի կողմից ողջունեց, միանշանակ ծրագիրը հաստատված է, կառավարության առաջիկա նիստերում գումարը կհաստատվի եւ մինչեւ ամռան ավարտ աշխատանքները կմեկնարկեն»,-ասաց նա, չհերքելով, որ աշխատանքների մեկնարկին թերահավատորեն են մոտենում նաեւ թաղամասի բնակիչները. «Հավատացողներ էլ ունենք, նրանց մի մասը համայնքապետարանում աշխատող այդ թաղամասի բնակիչներ են, ովքեր քաջատեղյակ են թղթաբանության ընթացքից»:
Կարդացեք նաև
Աշոտաբերդի բնակիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ տարիներ շարունակ՝ երկրաշարժից ի վեր, իրենք ապրել են այնպիսի պայմաններում, որոնք ապրելու համար այլեւս պիտանի չէին, սրան էլ գումարվել է էլեկտրական լարերի մաշվածությունն ու հրդեհավտանգը: Մեր զրուցակիցը պատմեց, որ երկար տարիներ առաջ, պաշտոնյաներից մեկի թեթեւ ձեռքով Աշոտաբերդի բնակիչները դադարել էին ճանաչվել աղետի հետեւանքով անօթեւան, հետեւաբար նաեւ բնակարան ստանալու երբեմնի հնարավորությունից էին զրկված. «Մեր՝ Աշոտաբերդի բնակիչներիս մասով ամենակարեւոր առաջընթացը թերեւս այն էր, որ մեզ շահառու ճանաչեցին, հետեւաբար, պետությունը ստանձնեց պարտավորություն, որ օրերից մի օր մեզ էլ բնակարանով կապահովվի, լինի դա այս տարի, թե մի քանի տարի հետո, մի օր մեր հերթն էլ կհասներ»,-ասաց նա, կասկածի տակ չդնելով, որ թաղամասը իսկապես կառուցվելու է. «Եթե հերթական սուտ խոստումը լիներ, դժվար թե թաղամասում նախորդ տարի նոր դպրոց սկսեին կառուցել, մեծ հույս ունենք, որ սա ոչ թե հերթական խոստումն է, այլ կոնկրետ գործողություններ են արվում: Տարիներ առաջ պետությունը միլիոնավոր դրամներ ծախսեց, թաղամաս գազաֆիկացրեց, բայց անվտանգությունից ու հրդեհավտանգ վիճակից ելնելով, արգելեցին կապույտ վառելիքը բնակարաններ բերել, նոր թաղամասի կառուցումից հետո մենք էլ վերջապես՝ այսքան տարի անց, կկարողանանք ապրել քարաշեն ու ապահով բնակարաններում, հույս ունենք, որ առաջիկա ամիսներին շինարարության առաջին փուլը վերջապես կմեկնարկի»:
Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ