ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցական հեռագիր է հղել Մուրադ Պետրոսյանի մահվան առթիվ
Սրտի ցավով տեղեկացանք պետական-քաղաքական, հասարակական գործիչ, ԱՀ ԱԺ 1-ին և 2-րդ գումարումների պատգամավոր Մուրադ Ազատի Պետրոսյանի անժամանակ մահվան մասին։
Մուրադ Պետրոսյանի գործունեությունը մեծ ներդրում է Արցախի Հանրապետության պետական համակարգի պատմության մեջ: Թե օրենսդիր, թե գործադիր մարմիններում ծավալած իր նվիրական աշխատանքով ակտիվորեն ու արժանապատվորեն մասնակցում էր մեր երկրի պետականության կայացմանն ու կառուցմանը:
Մուրադ Պետրոսյանը Արցախյան շարժման առաջամարտիկներից էր։
Կարդացեք նաև
Դեռևս 1977-1988թթ. Մուրադ Պետրոսյանը զբաղվում էր ազգային ինքնագիտակցության զարթոնքի քարոզչությամբ: 1983թ.ապրիլի 24-ին Արցախում առաջին անգամ «Մենք ենք՝ մեր սարերը» կոթողի մոտ կազմակերպել է հանրահավաք նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
1985թ. ձերբակալվել է ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված հանրահավաք կազմակերպելու պատճառով։ 1988թ. դեկտեմբերին ձերբակալվել է ԽՍՀՄ ՊԱԿ մարմինների կողմից՝ Արցախ զենք տեղափոխելու փորձի համար: 1989թ. ապրիլին ազատ արձակվելուց հետո զբաղվել է ինքնապաշտպանական խմբերի կազմակերպմամբ և նրանց համախմբմամբ: Մինչև 1991թ. մարտ ամիսը Արցախի ինքնապաշտպանական ուժերի միավորված շտաբի համակարգող էր: 1991թ. օգոստոսին ստեղծել է «Արցախի ժողովրդական ճակատ» հասարակական-քաղաքական կազմակերպությունը: 1991թ. հոկտեմբերին նշանակվել է Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարի քաղաքական հարցերով առաջին տեղակալ:
1991թ.-ին ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման,իսկ 1995-ին՝ ԼՂՀ 2-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1996թ. խորհրդարանում իմ նախաձեռնությամբ ստեղծված «Ծայրահեղ կարիքավոր ընտանիքներին օգնության հիմնադրամ»-ի աշխատանքները մինչև 1999թ շարունակել է Մուրադ Պետրոսյանը։
1997թ. ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահն էր։
Անաչառ, սկզբունքային անհատականություն էր, ճշմարիտ հայրենասեր։
Արցախի Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Մուրադ Պետրոսյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին, կիսում կորստյան ծանր վիշտը։
Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին