«Ցավոք 24 ժամն արդեն այսօր չի բավարարում, եւ եթե դուք մի քանի ժամ տրամադրում ենք այստեղ գալուն, դրա համար ուզում եմ ձեզ սրտանց շնորհակալություն հայտնել»,- «Ապրելու» հիմնադրամի նախաձեռնությամբ կայացած «Հաղթեցին ապրելով» փաստավավերագրական ֆիլմին ուղղված հանգանակության երեկոյի ժամանակ ասաց «Հաղթեցին ապրելով» գրքի հեղինակ Անի Մանուկյանը:
Ֆիլմը նկարահանվելու է նրա գրքի հիման վրա։ Այն պատմում է Ցեղասպանությունից փրկված 34 կանանց մասին, որոնք փրկություն գտան Ալեքսանդրապոլում՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի հիմնած որբանոցներում։ Գրքում ներկայացված է 34 աղջկա կյանքի իրական պատմություն: Այնտեղ տեղ են գտել նաև Հայաստանի ազգային արխիվի և Հայոց ցեղասպանության վերապրածների ժառանգների տրամադրած նյութերը։
«Երբ մտքերդ փոթորկուն են, իսկ ոտքերդ ուզած թե չուզած տանում են մի վայր, որտեղ անցյալ է, բավականին շատ հարցեր են ծագում, որոնց պատասխանները չունես»,-ասաց գրքի հեղինակը՝ հիշելով, թե ինչպես է 2019 թ․ սկսել աշխատել «Կյանքիս պատմության խորքերով» գրքի թարգմանության վրա: Այնտեղ Կարսի տեղահանության ու ջարդերի ականատեսի աչքերով է ամեն ինչ ներկայացվում:
Անի Մանուկյանը պատմեց նաեւ, թե ինչպես է որոշել գրել իրենց գերդաստանի պատմությունը, նա եւս ցեղասպանություն վերապրածների հետնորդ է, տատիկն ու պապիկը մեծացել են որբանոցում: Ընդ որում, 1919 թվականից Ալեքսանդրապոլում գործել են Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի՝ Ամերկոմի որբանոցները, եւ ըստ արխիվային փաստաթղթերի՝ Պոլիգոն, Կազաչի պոստ եւ Սևերսկի թաղամասերում գործող որբանոցներում պահվել է 20 հազար որբ:
Կարդացեք նաև
«Ես լինելով գրագետ մարդ, գիտությունների թեկնածու, փաստորեն, իմ երկրի պատմությունից գրեթե ոչինչ չգիտեի ժամանակին: Եվ իմ փնտրտուքները Միացյալ Նահանգներից սկսած՝ ինձ բերեցին հասցրին Գյումրի: Ոչ մի տեսակի զգացողություն սկզբում չունեի այդ քաղաքի նկատմամբ, ուղղակի ամուսինս էր գյումրեցի: Բայց այս գրքի վրա աշխատելու ընթացքում Գյումրին դարձավ հարազատ քաղաք, որտեղ ամեն տարի վերադառնալիս փնտրում եմ Եղեռն վերապրածների ժառանգներին, զրուցում եմ: Անընդհատ ուզում էի գտնել այն ուժեղ մարդկանց, որոնք կարողացան ապրել եւ իրանց ժառանգներին, ու ուզում էի պարզել, թե ինչ են պահպանում նրանք»,-ասաց գրքի հեղինակը: Նա հավելեց, որ փնտրտուքների ընթացքում հանդիպել է ուժեղ ու կայացած կանանց՝ ժառանգներին, եւ փաստորեն, կանայք պատմել են կանանց՝ իրենց նախնիների մասին: Նաեւ շնորհակալություն հայտնեց «Ապրելու» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մանե Թանդիլյանին, իր խոսքով՝ նույն ժառանգությունը կիսելու համար:
Անի Մանուկյանը հիշեց, թե ինչպես էին շատերն ասում՝ ո՞վ է կարդալու այդ գիրքը, դա հնացած թեմա է, եղան նաեւ մարդիկ, որոնք ասացին, թե պետք չէ զոհի կերպարը էլ ավելի խորացնել, դրա համար էլ ինքը գիրքը վերագրել է «Հաղթեցին ապրելով»: Նրա համոզմամբ, 21-րդ դարի մարդիկ քիչ են կարդում,ավելի շատ սիրում են դիտել, իսկ աշխարհին մեր պատմության անցքերի մասին իրազեկելու համար ֆիլմն ամենահարմար ձեւաչափն է:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ